Հայտնի է «Միսս ուսանողուհի 2023»-ի անունը
Օգոստոսի 23-ին «Վիվալդի հոլլ» համալիրում տեղի ունեցավ «Միսս ուսանողուհի» և «Միսս աշակերտուհի» ամենամյա մրցույթների ամփոփիչ միջոցառումը։ Մրցույթների կազմակերպիչը «Միսս Երևան» մշակութային-հասարակական կազմակերպությունն է, որին է պատկանում Հայաստանի Հանրապետությունում մի շարք գեղեցկության մրցույթներ անցկացնելու արտոնագիրը («Միսս Երևան», «Հայաստանի գեղեցկուհի» և այլն)։ Կազմակերպության բոլոր մրցույթները պարունակում են մշակութային, կրթական բաղադրիչ։
Մրցույթից առաջ «գեղեցկուհի» տիտղոսի թեկնածուները մասնակցում են կազմակերպության կողմից անցկացվող հատուկ դասընթացին (դասավանդվում է բեմական խոսք, էթիկա, դեֆիլե, ազգային պարեր և այլն), և մարզումների ծրագրին։ Դասընթացի շրջանակում մրցույթի մասնակիցներին իրենց փորձն են փոխանցում ոլորտի լավագույն մասնագետները։
«Միսս ուսանողուհի» մրցույթը նախատեսված է 15-ից 28 տարեկան ուսանողուհիների, իսկ «Միսս աշակերտուհի»-ն՝ 6-ից 17 տարեկան աշակերտուհիների համար, ովքեր մրցույթի ընթացքում ներկայացնում են իրենց ուսումնական հաստատությունները։
Մրցույթներն առաջին անգամ անցկացվել են 2022 թվականին։
Այս տարի «Միսս ուսանողուհի» տիտղոսին արժանացավ Անուշ Հոդաբաշյանը, ով ներկայացնում էր Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետը։ Հայկական ձեռագործ թագը գեղեցկուհուն փոխանցեց «Միսս ուսանողի 2022» Նելլի Թումասյանը։
Գլխավոր մրցանակից զատ՝ մրցույթի կազմակերպիչներն ավանդաբար մրցանակներ են շնորհում նաև այլ անվանակարգերում հաղթող գեղեցկուհիներին։ Այս տարի «Առաջին վիցե միսս ուսանողուհի» տիտղոսը շնորհվեց Վանաձոր քաղաքի՝ Խ․ Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը ներկայացնող Կարինե Ավալյանին, «Երկրորդ վիցե միսս ուսանողուհի» տիտղոսը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացնող Մարիամ Զաքարյանին (վերջինս նաև արժանացավ «Best Model» տիտղոսին), «Երրորդ վիցե միսս ուսանողուհի» տիտղոսը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ներկայացնող Լիանա Գրիգորյանին։
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գ․Վ․Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի քոլեջը ներկայացնող Իզաբելլա Օհանյանը (Իզաբելլան արժանացավ նաև «Best Photomodel» տիտղոսին)։
«Միսս աշակերտուհի» մրցույթում այս տարի ներկայացված էր չորս տարիքային խումբ (6-ից 8, 8-ից 10, 11-ից 13, 14-ից 17 տարեկանների տարիքային խմբեր): Յուրաքանչյուր տարիքային խմբից ընտրվեց հաղթող եռյակը, որի անդամներից մեկին էլ շնորհվեց «Միսս աշակերտուհի 2023» տիտղոսը։
Այսպիսով՝ «Միսս աշակերտուհի 2023» մրցույթում հաղթող ճանաչվեցին Միլա Մուրադյանցը (6 տարեկան, «Mini Little» խումբ), Եվա Մալխասյանը (9 տարեկան, «Little» խումբ), Շուշան Մելիքյանը (12 տարեկան, «Junior» խումբ) և Լանա Հակոբյանը (16 տարեկան, «Teen» խումբ):
«Միսս ուսանողուհի» և «Միսս աշակերտուհի» մրցույթների ժյուրիի կազմում էին ոճաբան, «Ատեքս» նորաձևության տան փոխտնօրեն Սարգիս Մկրտչյանը, դիզայներ, խորեոգրաֆ Սեդա Մանուկյանը, երգիչ, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը, «Li Voice» վոկալ ստուդիայի հիմնադիր Լիլիթ Գրիգորյանը և այլն։
Մրցույթի մասնակից գեղեցկուհիների բեմելն ուղեկցվում էր տպավորիչ երաժշտական համարներով՝ սիրված կատարողների մասնակցությամբ։