Հայկական նորաձևության ապագան պայծառ է

Oct 29, 2025 - 01:22
Oct 30, 2025 - 12:12
Հայկական նորաձևության ապագան պայծառ է

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Fashion Scout Armenia մրցույթի ամփոփիչ ցուցադրությունը, որի շրջանակում եզրափակիչ փուլ անցած ութ մասնակիցները ներկայացրեցին իրենց հավաքածուները (մրցույթի եզրափակիչ փուլ էին անցել Աննա Գևորգյանի, Դարիկո Վարդանյանի, Էլեն Խաչատրյանի, Էմիլիա Զաքարյանի, Էմմա Ալեքսանյանի, Մարգարիտա Իգիթյանի, Սեդա Մուրադյանի և Սյուզն Գրիգորյանի աշխատանքները)։

Մասնակցության համար ներկայացվել էր շուրջ հինգ տասնյակ հայտ, ինչը վկայում է մրցույթի հանդեպ աճող հետաքրքրության մասին։

Ժյուրիի աշխատանքները ղեկավարում էին իտալական Polimoda նորաձևության բուհի ղեկավար Մասիմիլիանո Ջիորնետտին և Fashion Scout-ի տնօրեն Մարտին Ռոբերտսը։

Եզրափակիչ ցուցադրության ժամանակ մասնակից դիզայներները ներկայացրեցին հինգ լուքից բաղկացած հավաքածուներ, որոնք ունեին կայուն նորաձևության շեշտադրումներ։

Երիտասարդ դիզայներներին հաջողվել էր ստեղծել կարևոր ուղերձներ պարունակող տպավորիչ հավաքածուներ, որոնք առանձնանում էին յուրօրինակ ձևվածքներով, ոճավորմամբ և դետալներով։

Հավաքածուների գնահատման գործընթացում հաշվի են առնվել հավաքածուների՝ կայուն նորաձևության սկզբունքներին համապատասխանությունը, ստեղծված նմուշների որակը (նյութի, կարի տեխնիկա և վարպետություն), ստեղծարար մոտեցումը, պոդիումային տեսքը և դիզայների կամ հավաքածուի ներուժը։

Fashion Scout Armenia-ի այս տարվա գլխավոր մրցանակը շնորհվեց արցախահայ երիտասարդ դիզայներ Էմմա Ալեքսանյանին։ Վերջինս իր հավաքածուն կներկայացնի Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում: 

Էմման սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի մագիստրոսական ծրագրում։

Բակալավրի իր ավարտական աշխատանքում Էմման ներկայացրել էր «Bushido.codex» անունը կրող հավաքածու, որի ոգեշնչումը ճապոնական սամուրայների վարքականոնն է։ Երիտասարդ դիզայները Fashion Scout մրցույթին մասնակցել է հենց այս նույն հավաքածուով։

Էմմայի խոսքով՝ թեմայի ընտրությունը նրա համար անձնական նշանակություն է ունեցել․ «Բուշիդոն խորհրդանշում է այն, ինչ զգացել և տեսել եմ իմ հայրենի Արցախում՝ տոկունություն, արժանապատվություն, ուժ՝ լռության մեջ և հավատ՝ սեփական արժեքների հանդեպ։

Երբ իմացա, որ հաղթել եմ Fashion Scout Armenia-ում և իմ հավաքածուն շուտով  ներկայացնելու եմ Լոնդոնում, աննկարագրելի զգացողություններ ունեցա։ Դա ինձ լցրեց հպարտության, միևնույն ժամանակ, երախտագիտության զգացումով։ 

Սա ինձ համար նաև մեծ պատասխանատվություն է․ չէ՞ որ օտար երկրում պետք է Հայաստանը ներկայացնեմ։

Այս ձեռքբերումն ինձ համար սոսկ հաղթանակ չէ, այլ տարիների աշխատանքի, անքուն գիշերների և հավատի արդյունք»,- ասաց Էմման։

Երիտասարդ դիզայները նշեց, որ Լոնդոնում ցանկանում է ներկայացնել ասելիք և խորություն ունեցող հավաքածու։

«Ցանկությունս է Լոնդոնում ներկայացնել ոչ թե ստանդարտ մոդելներ, այլ գաղափար՝ արժանապատվության, հավասարակշռության և մշակութային խորության մասին։ Կցանկանայի յուրաքանչյուր կերպարի միջոցով շեշտադրել այն գաղափարը, որ գեղեցկությունն ու նորաձևությունը ծնվում են հավասարակշռությունից՝ ինչպես Բուշիդոյում»,- հավելեց դիզայները։

Գլխավոր մրցանակից զատ՝ մրցանակներ շնորհվեցին այլ մասնակիցների ևս․ Էմիլիա Զաքարյանը ստացավ հատուկ մրցանակ՝ Երևանի քաղաքապետի կողմից, իսկ Էլեն Խաչատրյանը հնարավորություն ստացավ մեկ ամիս անվճար սովորել Ֆլորենցիայի՝ «Պոլիմոդա» նորաձևության բուհում։

Արցախահայ չորս դիզայներ (Գոհար Հայրապետյանը, Քրիստինա Ադամյանը, Էմմա Ալեքսանյանը և Լուսինե Պետրոսյանը) ստացավ հագուստի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ (1 միլիոն դրամ արժողությամբ)։

Fashion Scout-ի հիմնադիր Մարտին Ռոբերտսը Երևանի նորաձևության շաբաթին մասնակցում է 2023 թվականից ի վեր։ Վերջինս նշեց, որ Fashion Scout Armenia  մրցույթին դիմող մասնակիցների աշխատանքները տարեցտարի ավելի մրցունակ են դառնում։

«Այս երեք տարիների ընթացքում Երևանի նորաձևության շաբաթն այնքան մեծ աճ է գրանցել․ հիասքանչ է տեսնելը, թե կազմակերպչական առումով որքան մեծ և դրական փոփոխություններ կան։ Այս դրական փոփոխությունները նկատելի են նաև երիտասարդ դիզայներների կողմից ներկայացված աշխատանքներում։

Երբ մենք կազմակերպում էինք Fashion Scout-ի հայաստանյան առաջին մրցույթը, ակնհայտ էր, որ երիտասարդ դիզայներներն այդքան էլ լավ պատկերացնում չունեին, թե նորաձևության միջազգային շուկան ինչ է ուզում տեսնել․ հիմա այդ պատկերացումները փոխվել են։

Ռոբերտսը նշեց, որ հայ երիտասարդ դիզայներները մեծ ներուժ ունեն և այդ ներուժը զարգացնելու պարագայում՝ կարող են նորաձևության միջազգային շուկայում ևս հաջողություններ գրանցել։

«Այն, ինչ ստեղծում են հայ երիտասարդ դիզայներները կարող է հետաքրքիր լինել թե՛ հայկական և թե՛ համաշխարհային շուկային։ Իրենց աշխատանքներում նրանք օգտագործում են ազգային էլեմենտներ, սակայն դա անում են ճիշտ և տեղին՝ այնպես, որ օտարի համար այն նույնպես ընկալելի լինի»,- հավելեց Մարտին Ռոբերտսը։