Փաստեր «Haute Couture Fashion Week»-ի մասին
Բարձր նորաձևության՝ Haute Couture Fashion Week-ը համաշխարհային նորաձևության ամենահնչեղ իրադարձություններից է, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերում ամենահեղինակավոր նորաձևության տները։
Իսկ ի՞նչ ասել է «Haute Couture», ե՞րբ և ինչպե՞ս է հիմնադրվել Haute Couture Fashion Week-ը։
«Couture» բառը ողջ աշխարհում նույնացվում է որակի, բացառիկության, պատվիրված և հաճախորդի ցանկություններին համապատասխան կարված հագուստի հետ։
«Haute Couture» երևույթն ի հայտ է եկել 19-րդ դարում, իսկ նրա հայրը անգլիացի Չարլզ ֆրեդերիկ Ուորթն է, որը 1858 թվականին Փարիզում հիմնադրեց իր ստուդիան՝ այսպիսով սկիզբը դնելով նորաձևության նոր դարաշրջանի և նոր որակի։
Ըստ գոյություն ունեցող տեղեկատվության՝ Չարլզ Ուորթը Ֆրանսիայի Նապոլեոն III կայսեր կնոջ՝ Էուջենիի հովանավորյալն էր և «հագուստի դիզայներ» մասնագիտության անվանումը հենց նրանով է սկսվել։
Ֆրանսիական նորաձևության ամենահեղինակավոր կազմակերպությունը՝ «Բարձր նորաձևության սինդիկատը», հենց Ուորթի ջանքերով է հիմնվել։
Կազմակերպության հիմնադրումից հետո Ուորթը տվեց «բարձր նորաձևության» իր ձևակերպումը և սահմանեց իր չափանիշները՝ կազմակերպությանն անդամակցելու համար։
Կազմակերպությանն անդամակցելու հնարավորության համար՝ նորաձևության տունը պետք է հետևեր հետևյալ կանոններին՝ ստեղծեր պատվիրված հագուստ, հագուստի յուրաքանչյուր նմուշը պետք է լիներ հաճախորդի պահանջներին համապատախան և լիներ բացառիկ՝ իր դիզայնով։
Հագուստը պետք է ձեռքի աշխատանք լիներ՝ կարված վարպետ-դերձակների կողմից, ովքեր պետք է հատուկ վարպետության դասեր անցած լինեին՝ նմանօրինակ հագուստ կարելու համար։ Ստեղծված նմուշների կտորն ու աքսեսուարները պետք է հնարավոր ամենաբարձր որակն ունենային և արտադրված լինեին Ֆրանսիայում։
Ուորթի գործուն մասնակցությամբ՝ բարձր նորաձևության այսպիսի խիստ չափանիշներ սահմանելուց հետո Ֆրանսիական կառավարությունը սկսեց զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը՝ այն դարձնելով ֆրանսիական տնտեսության գլխավոր ճյուղերից մեկը։
Վերը նշված ժամանակաշրջանին հաջորդող դարերի ընթացքում՝ անկախ գործող իշխանության և կառավարության կազմից՝ տեքստիլի արտադրությունը և արտահանումը համարվել է պետության տնտեսական քաղաքականության առաջնահերթություններից մեկը։
1921 թվականին հիմնադրվեց «PAIS» կազմակերպությունը, որի նպատակը դիզայներներին իրենց աշխատանքների կրկնօրինակումից պաշտպանությունն էր։ Նշված կառույցի հիմնադրմամբ և կանոնների խստացմամբ՝ շատ նորաձևության տներ դուրս եկան մրցակցությունից՝ ընդունված չափանիշներին չհամապատասխնելու պատճառով։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բարձր նորաձևության ստանդարտներն ավելի խստացվեցին՝ շնորհիվ «Բարձր նորաձևության սինդիկատի» նախագահ Լյուսիեն Լելոնգի, որի միջամտությամբ պատերազմի ընթացքում «Haute Couture» նորաձևության տները չտեղափոխվեցին Գերմանիա։
Նոր կանոնները պահանջում էին, որպեսզի հաճախորդը գոնե մեկ անգամ տեղում փորձեր պատվիրված հագուստը և բարձր նորաձևությամբ զբաղվող տները ստեղծեին միայն պատվիրված հագուստ։
Յուրաքանչյուր ստուդիա պարտավոր էր ունենալ գոնե 20 աշխատող և յուրաքանչյուր սեզոնի համար (գարուն-ամառ և աշուն-ձմեռ) ստեղծել նոր հավաքածու, որը կազմված կլիներ 35 բացառիկ դիզայն ունեցող նմուշից։
1945 թվականին տեղի ունեցավ առաջին Բարձր նորաձևության շաբաթը։ Հենց այս ժամանակ էր, որ «Փարիզի նորաձևության սինդիկատը» հանդես եկավ կոչով՝ ժամանակի ամենատաղանդավոր դիզայներներին խնդրելով իրենց հավաքածուներով ներկայանալ այս նորաստեղծ, սակայն խոստումնալից նորաձևության միջոցառմանը։
1947 թվականին Քրիստիան Դիորը ներկայացրեց իր ՝ «New Look» հավաքածուն, որում պատերազմի շրջանի խստությանը եկել էին փոխարինելու կանացիությունն ու շքեղությունը։
1966 թվականին Փարիզում հայտնվեց բարձր նորաձևության առաջին բուտիկը, որը պատկանում էր «Yves Saint Laurent» նորաձևության տանը։
1970 թվականին բարձր նորաձևությամբ զբաղվող տների թիվը 19-ն էր, իսկ «Haute couture» նախընտրող կանանց թիվը՝ նվազել էր՝ իր տեղը զիջելով մասսայական արտադրության հագուստին։
Haute Couture Fashion Week-ը՝ նորաձևության աշխարհի այս կարևորագույն իրադարձությունը, տեղի է ունենում տարին երկու անգամ՝ հունվար և հուլիս ամիսներին։
Նորաձևության շաբաթվա միջոցառումները տեղի են ունենում նորաձևության մայրաքաղաք Փարիզի ամենագեղեցիկ և տպավորիչ վայրերում։
Ի տարբերություն սովորական նորաձևության շաբաթների, որոնք տեղի են ունենում տարին երկու անգամ նորաձևության չորս մայրաքաղաքներում՝ Միլանում, Փարիզում, Նյու Յորքում և Լոնդոնում՝ ներկայացնելով մասնակից բրենդերի «Pret-a-Porte» հավաքածուները՝ (Pret-a-Porte հավաքածուն պատրաստի հագուստի հավաքածու է, որն արտադրվում է չափսերով և նախատեսված է մասսայական վաճառքի համար
Նորաձևության այս կարևորագույն իրադարձությանը մասնակցելու հնարավորություն ունեն ոչ բոլոր նորաձևության տները։ Երկար տարիներ միջոցառմանն իրենց հավաքածուները ներկայացնելու հնարավորություն են ունեցել միայն ֆրանսիական նորաձևության տները, որոնք անդամակցում էին «Փարիզի բարձր նորաձևության սինդիկատին»։ Տարիների ընթացքում մասնակցության պայմանները մի փոքր փոփոխության են ենթարկվել, և այժմ նորաձևության շաբաթին մասնակցում են նաև նորաձևության այլ հեղինակավոր տներ։
Այո՛, ֆրանսիացիները բծախնդիր են․ նորաձևության իրենց կանոններն ունեն, որովհետև հագուստի յուրաքանչյուր նմուշում ներդնում են ավելին, քան ուղղակի գրագետն կարն է։
Այսօր պաշտոնապես գոյություն ունի 10 «Haute Couture» նորաձևության տուն։ Նշվածը, անշուշտ, կարող է թյուրըմբռնում առաջացնել, քանի որ ըստ նորաձևության շաբաթվա օրացույցի՝ 2024 թվականի Haute Couture Fashion Week-ի շրջանակում հանդես է եկել 29 նորաձևության տուն։
Իրականում գոյություն ունի մասնակից նորաձևության տների 3 դասակարգում։ Պաշտոնապես ճանաչված նորաձևության տները 10-ն են, որոնք «Բարձր նորաձևության սինդիկատի» անդամ են հանդիսանում։
Մասնակից նորաձևության տներից 4-ը հրավիրված անդամներ են։ Հրավիրված անդամների ներգրավման պրակտիկան ուժի մեջ է մտել 1998 թվականին՝ լյուքս դասի նոր բրենդերին իրենց հավաքածուները ցուցադրելու հնարավորություն տալու համար։ Այս դեպքում՝ եթե դիզայները չորս տարի անընդմեջ իր հավաքածուն ցուցադրում է նորաձևության շաբաթվա շրջանակում, նա հնարավորություն է ստանում ներկայացնել հայտ՝ կազմակերպության լիիրավ անդամը դառնալու համար։
Գոյություն ունի նաև «պատվավոր անդամների» ինստիտուտը։ Վերջիններս իրավունք ունեն գործածել «Couture» տերմինը, սակայն ոչ «Haute Couture»-ը։ Նրաց ստուդիաները Փարիզում չեն գտնվում, սակայն արտադրանքը լիովին համապատասխանում է սահմանված բոլոր չափորոշիչներին։