Մոխրագույն դենիմը՝ տարվա թրենդ

Jan 12, 2024 - 14:09
Jan 16, 2024 - 10:51
Մոխրագույն դենիմը՝ տարվա թրենդ

Գարուն-ամառ 2024 հավաքածուները սահմանեցին դենիմի այս տարվա թրենդը՝ մոխրագույն դենիմը։ 

Մեր սիրելի և արդեն դասական դարձած դենիմե կապույտ տաբատներն այս տարի մի փոքր անտարբերության են մատնվելու, քանի որ արդիական մոխրագույնն իր իշխանությունն է հաստատել նաև «դենիմի աշխարհում»։

Դենիմի առաջին, ամենաճանաչված և վաղուց արդեն դասական դարձած մոդելը (ինդիգո կապույտ գույն, գրպաններ և մետաղական դետալներ) ստեղծվել է 1873 թվականին՝ Ջեյքըբ Դեյվիսի և Լեվի Ստրաուսի կողմից, ինչի արդյունքում էլ հիմնադրվել է մեզ բոլորիս հայտնի «Levi’s» բրենդը։ Կապույտ դենիմն այժմ բազային զգեստապահարանի մի մաս է դարձել՝ համադրվելով թե՛ սպորտային և թե՛ դասական նմուշների հետ։

Գարուն-ամառ 2024 հավաքածուների ցուցադրություններն ապացուցեցին, որ մոխրագույն դենիմե տաբատը կարելի է համադրել բացառապես ամեն ինչի հետ։ Loewe բրենդի մոխրագույն տաբատները բարձր գոտի ունեին և այնպիսի տպավորություն էին ստեեղծում, ասես փոխարինում են գրասենյակային դասական տաբատին, իսկ Dior-ը դենիմե մոխրագույնի իր տարբերակը ներկայացրել էր դենիմե մոխրագույն կիսաշրջազգեստ+բաճկոն համադրությամբ՝ ստեղծելով շքեղ, միևնույն ժամանակ, առօրյա կերպար։

Նորաձևության լրագրողների ուշադրությունից չի վրիպել նաև մոդել Բելլա Հադիդի նյույորքյան զբոսանքի լուքը, (օվերսայզ մոխրագույն տաբատը՝ վերնաշապիկի և սպիտակ սպորտային շապիկի համադրությամբ) որն արդեն մի քանի օր է՝ շարունակ հայտնվում է նորաձևության բոլոր հեղինակավոր ամսագրերի էջերում։

Մոխրագույն դենիմը ողջ տարի մեզ հետ է լինելու․ եկե՛ք ընդունենք նրան և մեր առօրյա կերպարներում ներկայացնենք մոխրագույն դենիմի սեփական մեկնաբանությունը։