AR/VR տեխնոլոգիաների դերը նորաձևության մեջ

Apr 1, 2023 - 18:54
Nov 13, 2023 - 09:12
AR/VR տեխնոլոգիաների դերը նորաձևության մեջ

Տեղեկատվական, թվային տեխնոլոգիաները մուտք գործեցին մեր կյանք՝ առանց հրավերի, բացառիկ թափով ու անվարան՝ մեր կյանքի մի մասը դառնալու վճռականությամբ։ Այսպիսին էր նաև նրանց մուտքը մարդկային կենսագործունեության ցանկացած ոլորտ․ եկա, տեսա, հաղթեցի։

Թվային, տեղեկատվական տեխնոլոգիաները աշխարհը թվայնացնելու իրենց «հաղթարշավում» իրենց «ենթարկեցրեցին» մարդու կյանքի բոլոր շերտերը, բոլոր ոլորտները՝ նույնիսկ այնպիսինները, որոնց շարժիչ ուժը մարդկային տաղանդն ու ստեղծարարությունն է։

Եթե տասը տարի առաջ որևէ մեկը պնդեր, որ տեղեկատվական տեխնոլոգիաներն ու նորաձևությունը անդառնալիորեն միահյուսված ամբողջություն են դառնալու, ասվածը, անշուշտ, հեգնական ժպիտ էր առաջացնելու։ Այսօր, սակայն, այս երկու երևույթները մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չեն կարող։

Թվային տեխնոլոգիաներն այսօր իրենց «ուսերին են վերցրել» մարդու կողմից իրականացվող «աշխատատար և ժամանակատար» գործընթացները՝ առաջարկելով գերարագ և որակյալ լուծումներ։ Արհեստական բանականությունն այսօր նորաձևության աշխարհում իրական հեղափոխություն է իրականացնում՝ փոխելով և վերաձևակերպելով գործընթացներն ու դերերը, մարդկային գործոնը փոխարինելով թվայինով, սպառողին պասիվ ունկնդրողից դարձնելով ակտիվ, գործընթացների վրա հզոր ազդեցություն ունեցող դերակատարի։

Թվային տեխնոլոգիաներն իրենց «իշխանությունն» ու դերը նորաձևության շուկայում վերջնականապես վերահաստատեցին Covid19-ի շրջանում, երբ բիզնեսները կաթվածահար էին և գործարար աշխարհը ելքեր էր որոնում՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

 Ելքը էլեկտրոնային առևտուրն էր։

 Էլեկտրոնային առևտրի ոլորում (E-commerce) աննախադեպ աշխուժություն սկսվեց, ինչն էլ ստիպեց նորաձևության և ՏՏ ոլորտի  ներկայացուցիչներին միավորել իրենց ջանքերը և սպառողներին նորարարական, բացառիկ լուծումներ առաջարկել։

Նորարարական լուծումների շարքում իրենց ուրույն տեղն ունեն Վիրտուալ (Virtual Reality) և Լրացված իրականությունը (Augmented Reality) կամ, ինչպես առավել հաճախ են գործածում, AR/VR տեխնոլոգիաները:

Նորաձևության փորձագետների խորը համոզմամբ՝ Վիրտուալ և Լրացված իրականության դերը նորաձևության մեջ տարեցտարի աճելու է։

Իսկ ի՞նչ ասել է Վիրտուալ և Լրացված իրականություն․

Վիրտուալ իրականությունը (Virtual Reality) համակարգչով կամ տեխնիկական այլ միջոցներով ցանկացած կրիչի վրա վերարտադրված, նմանակված իրականությունն է, որը մարդը կարող է ընկալել զգայարաններով՝ աչքով, ականջով և այլն: 

 

«Արհեստական իրականություն» հասկացությունը ներմուծել է ամերիկացի գիտնական Մայրոն Կրյուգերը 1970 թ-ին: 1989 թ-ին գիտնական Ջարոն Լանիերն առաջարկել է ներկայումս ավելի հանրահայտ դարձած «Վիրտուալ իրականություն» արտահայտությունը: 

 

Թվացյալ այս աշխարհ մուտք գործելու համար բավական է միայն դնել ականջակալներով ու ակնոցով «հանդերձված» հատուկ սաղավարտ, և կհայնտնվես այլ իրականության մեջ․ փոքրիկ էկրանի վրա կտեսնես եռաչափ պատկերներ ու կլսես դրան ուղեկցող ձայնը: 

Վիրտուալ իրականությունն առաջացնում է այնպիսի զգացողություն, ասես դու ևս համակարգչով ստեղծված այդ իրականության մասն ես:

 

Լրացված իրականությունը (Augmented Reality) շրջապատող միջավայրին տալիս է թվային ինտերֆեյս՝ վիրտուալ առարկաները տեղափոխելով իրական կյանք։

 

Լրացված իրականություն, սովորական պայմաններում, ստեղծելն այդքան էլ բարդ գործընթաց չէ․ ընտրում ես պատկերը, ավելացնում քո բովանդակությունը՝ ձայնագրություն, տեսանյութ, 3D մոդել, և լրացված իրականությունը պատրաստ է։

 

Աշխարհում շատ ընկերություններ են այժմ օգտագործում AR-ը՝ որպես մարկետինգային արշավները տարածելու և դրանք ավելի գրավիչ դարձնելու միջոց։

 

Իսկ ինչպե՞ս են կիրառվում AR/VR տեխնոլոգիաները նորաձևության մեջ։

 

AR/VR տեխնոլոգիաները փոխում են սպառողների՝ գնումներ կատարելու փորձառությունը։

Նրանք եկել են վերաձևակերպելու նորաձևության հետ մարդկանց ավանդական շփման տրամաբանությունը։

AR-ը գնորդին հնարավորություն է տալիս առանց տանից դուրս գալու «փորձել» իրեն հետաքրքրող հագուստը վիրտուալ հանդերձարանում, փոխել նրա գույները, կողք կողքի դնել և համեմատել արդեն «փորձված» կամ նախընտրելի նմուշները։

Ավելին, «փորձել» հնարավոր է ոչ միայն հագուստը և կոշիկը, այլ նաև դիմահարդարման պարագաները։ Նշվածի ապացույցը Sephora բրենդի կողմից ստեղծված AR հայելին է, որի օգնությամբ դիմահարդարման այս կամ այն պրոդուկտով հետաքրքրվող հաճախորդը կարող է «փորձել» այն՝ առանց վերջինս ֆիզիկապես իր դեմքի վրա տարածելու։

 Լրացված իրականությունը ոչ միայն դյուրացնում է սպառողի՝ գնումներ կատարելու փորձառությունը, այլ նաև օգնում է բրենդերին ավելի մեծ վաճառք ապահովել, քանի որ «փորձելիս» հաճախորդի մոտ անգիտակցաբար սեփականության զգացում է առաջանում և գնման հավանականությունը 80%-ով ավելի է մեծանում։

Լրացված իրականությունը բրենդերին օգնում է նաև կրճատել առցանց գնված ապրանքը ետ վերադարձնելու հավանականությունը, քանի որ այս դեպքում՝ առցանց գնում կատարող անձը հնարավորություն ունի տեղում «փորձել» այն։

Վիրտուալ իրականությունն օգնում է դիզայներներին վիրտուալ ցուցադրություններ կազմակերպել  3D դիզայնի տեխնոլոգիայի կիրառմամաբ՝ հնարավորություն տալով նորաձևության ցուցադրություններին հետևել տանից՝ առանց տեղից շարժվելու։ Օրինակ՝ Balenciaga բրենդի 2021 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրությունը տեղի ունեցավ վիրտուալ տիրույթում, որի ընթացքում ցուցադրության մասնակիցները դրան հետևեցին հատուկ՝ վիրտուալ ակնոցներով։

Վիրտուալ իրականությունը փոխում է նաև դիզայներների աշխատելաոճը։ VR տեխնոլոգիայի շնորհիվ նրանք հնարավորությունը ունեն նախ՝ ստեղծելու իրենց դիզայնի նախատիպերը և ուսումնասիրելու,  թե դրանք ինչ տեսք ունեն մոդելի «հագին», այնուհետև դրանք իրականություն դարձնել ֆիզիկական աշխարհում։

Նշվածն օգնում է արագացնել դիզայնի գործընթացը և ավելի արդյունավետ աշխատել։

Հետզհետե ավելի է մեծանում նաև վիրտուալ խանութների դերը։ VR տեխնոլոգիայի շնորհիվ  վիրտուալ խանութներից հնարավոր է ձեռք բերել այն ամենը, ինչ հնարավոր է ձեռք բերել ֆիզիկական խանութից։

Ի դեպ՝ «Meta» ընկերությունը (որի մեջ է մտնում նաև «Facebook» սոցիալական ցանցը) վերջերս հայտարարել է իր օգտատերերի համար ավատարների առցանց խանութ ստեղծելու պլանների մասին։ Այսպիսով՝ «Facebook» սոցիալական ցանցի օգտատերերը հնարավորություն կունենան իրենց ավատարների համար գնել լյուքս դասի հագուստ Balenciaga-ից, Prada-ից, Tom Browne-ից և այլն։

Որքան էլ վախեցնող հնչի՝ ըստ մասնագետների կանխատեսումների՝ ոչ հեռու ապագայում մարդկանց մեծամասնությունը ունենալու է իր ավատարը։ Ավելին՝ ըստ կանխատեսումների՝  ավատարների տիրույթը ապագայում շատ դեպքերում ավելի մեծ կարևորություն է ներկայացնելու, քան իրականը։ Այս ամենը հաշվի առնելով՝ դժվար չէ կանխատեսել նաև նորաձևության և բրենդերի մասնակցության ու դերակատարության կարևորությունը նմանատիպ գործընթացներում։

AR/VR տեխնոլոգիաների գոյությունն այլևս իրականություն է՝ անկախ բրենդերի՝ ժամանակի հետ քայլելու նախընտրությունից։ Նորաձևության աշխարհի ամենազորեղ «խաղացողները» վաղուց արդեն ընդունել են այս իրողությունը և տեխնոլոգիական նորագույն լուծումները դարձրել իրենց մարկետինգային քաղաքականության անբաժանելի մասը։