Հոգեբանական տիպերը ոճաբանության մեջ․ «ես այն եմ, ինչ կրում եմ»
«Ես այն եմ, ինչ կրում եմ» արտահայտության հետ միգուցե չհամաձայնեն շատերը․ իզուր․ մարդու անհատականությունն ահռելի դերակատարություն ունի հագուստի ընտրության հարցում, և ստորև ներկայացվող նյութը հենց դրա ապացույցն է։
Ոճաբանության մեջ՝ ըստ հագուստի նախընտրությունների՝ 5 հոգեբանական տիպ են առանձնացնում՝ դասական, ռոմանտիկ, բնական, դրամատիկ և գամին:
Նշված հոգեբանական տիպերից յուրաքանչյուրին բնութագրական են այնպիսի հատկանիշներ, որոնք ուղիղ ազդեցություն են ունենում հագուստի, սանրվածքի, դիմահարդարման և նույնիսկ՝ մատնահարդարման գունային նախընտրությունների վրա։
Պահպանողական, հավասարակշիռ, կազմակերպված․ այսպիսին են դասական հոգեբանական տիպին պատկանող մարդիկ։ Այս հոգեբանական տիպին պատկանող անձինք իրենց կերպարն ընկալում են միայն դասական հագուստով և դրան համապատասխան գույներով։ Նրանց կյանքում ամեն ինչ պլանավորված է, նրանց գրաֆիկը փոփոխման ենթակա չէ, նրանց զգեստապահարանում միշտ կարգուկանոն է, որտեղ առկա է միայն մեկ ոճի պատկանող, միատոն հագուստ:
Դասական հոգեբանական տիպին պատկանող մարդիկ կատարելապաշտներ են․ սիրում են վերահսկել ամեն ինչ և համապատասխանել իրենց կողմից սահմանանված բարձր ստանդարտներին։ Սիրում են դասական, բազային մոդելներ՝ այնպիսիք, որոնք արդիականությունը չեն կորցնի։ Նրանց համար առավել կարևոր է հագուստի որակը, քան քանակը։
«Դասական»-ների՝ սանրվածքի նախընտրությունները նունպես համապատասխանում են իրենց կերպարին․ սիրում են ուղիղ մազեր, կառե կամ հավաքված մազեր, նախընտրում են չեզոք երանգների կամ թափանցիկ եղունգի լաք։
Հոգեբանական այս տիպին պատկանող անձինք գնումների գնալուց չեն խորշի․ փոխարենը այն հմտորեն կներառեն իրենց օրվա գրաֆիկի մեջ՝ որպես անհրաժեշտություն, և սահմանված ժամանակից ավելին դրանց համար չեն «վատնի»։
«Դասական»-ի գլխավոր առանձնահատկությունը․ նա կարող է թանկ տեսք ունենալ պարզ և լակոնիկ հագուստի մեջ։ Ռիսկը ոչ ժամանակակից, պահպանողական, ձանձրալի և տարիքից ավելի մեծ թվալն է։
Դասական հոգեբանական տիպին պատկանող մարդիկ հիմնականում բժիշկներ են, ուսուցիչներ, հաշվապահներ, իրավաբաններ կամ պետական կառույցի աշխատակիցներ։
Ռոմանտիկ հոգեբանական տիպին պատկանող մարդիկ ստեղծարար և զգացմունքային անհատականություններ են: Նրանք պաշտում են գեղեցիկը և հանուն նրա շատ զոհողությունների են պատրաստ։
Ռոմանտիկների զգեստապահարանը բազմագույն ու բազմազան է. այստեղ կարելի է գտնել ցանկացած ոճի հագուստ և աքսեսուար: Այս հոգեբանական տիպին պատկանող մարդիկ սիրում են հայտնվել տարբեր կերպարներում, թվարկված բոլոր հոգեբանական տիպերին հատուկ հագուստով, քանի որ շարունակ մեկ կերպարում լինելը և մնալը նրանց համար չափազանց ձանձրալի է։ Նրանք անխնամ ու անպատրաստ երբեք տանից դուրս չեն գա, նրանց ցանկացած look միշտ կանխավ մտածված և պլանավորված է՝ բոլոր դետալներով:
Ռոմատիկների համար յուրաքանչյուր նոր օրը գեղեցիկ ու ճաշակով հագնվելու և նոր կերպար կերտելու հիասքանչ հնարավորություն է, ինչից նրանք գերագույն հաճույք են ստանում։
Ռոմանտիկների հագուստը կամ կոշիկը կարող է և չլինել հարմարավետ․ ոչինչ. կարևորը գեղեցկությունն է: Ռոմանտիկների զգեստապահարանում միշտ չէ, որ կարգուկանոն է, նրանց առօրյայում միշտ չէ, որ ամեն ինչ պլանավորված է. ոչինչ․ կարևորը գեղեցկությունն է:
Հոգեբանական այս տիպին պատկանող մարդիկ սիրում են գնումների գնալ․ կարող են ժամեր շարունակ պտտվել առևտրի կենտրոնում՝ ցանկալի look-ը կազմելու համար՝ անհրաժեշտ ատրիբուտների փնտրտուքով, և ողջ գործընթացից հաճույք ստանալ։
Ռոմանտիկները հիմնականում արվեստի ոլորտում գործունեություն իրականացնող անհատներ են՝ նկարիչներ, երաժիշտներ, բանաստեղծներ, լուսանկարիչներ, դիզայներներ։ Նրանց թվում կան նաև մարկետինգի և գովազդի ոլորտում ընդգրկված անձինք։
Հոգեբանական այս տիպի դեպքում ռիսկը հագուստի ոչ տեղին օգտագործումն է, հատկապես՝ երբ խոսքը աշխատանքային միջավայրին է վերաբերվում։
Բնական հոգեբանական տիպին պատկանող մարդիկ անկեղծ են, պարզ ու եռանդուն։
Հոգեբանական այս տիպին պատկանող անձանց հետաքրքիր է ոչ թե իրենց արտաքին տեսքը, այլ հագուստի հարմարավետությունը: Նորաձևությունը, առահասարակ, նրանց չի հետաքրքրում։
Նրանք նախընտրում են չեզոք երանգների, լայն, հարմարավետ, մաշկին հաճելի, բնական հումքից պատրաստված կտորներով կարված, որակյալ հագուստ՝ այնպիսին, որը հատուկ խնամք չի պահանջի և կարելի է երկար կրել:
Բնական հոգեբանական տիպին պատկանող մարդիկ հարմարավետությունը երբեք չեն զոհի հանուն գեղեցկության։ Այս հոգեբանական տիպին պատկանող մարդիկ առօրյայում առանց դիմահարդարման են։ Եղունգներին կա՛մ առհասարակ չկա լաք, կա՛մ այն թափանցիկ է։
Այս տիպին պատկանող մարդկանց համար կարևորը աշխատանքն է, գաղափարը, որին նրանք նվիրված են. մնացյալը կարևոր չէ:
Այս հոգեբանական տիպին պատկանող մարդկանց գործունեության ոլորտը կարող է տարբեր լինել․ նրանք հիմնականում ՏՏ ոլորտից են, կարող են լինել նաև ինժեներներ և սպորտսմեններ։
Դրամատիկ հոգեբանական տիպին պատկանող մարդիկ վառ անհատականություն ունեցող, զգացմունքային էակներ են։ Նրանք ինքնավստահ են, սակայն, միևնույն ժամանակ, սիրում են շարունակ բարելավել սեփական արտաքին տեսքը։
Դրամատիկները պաշտում են ուշադրություն. դա արտահայտվում է նրանց հագուստի ու սանրվածքի, դիմահարդարման ամեն դետալում: Նրանք կերտում են համարձակ կերպարներ և չեն վախենում տարօրինակ թվալուց: Նախընտրում են ուշադրություն գրավող գույներ՝ կարմիր, ոսկեգույն, սև, սիրում են փայլեր:
Դրամատիկները չեն սիրում հագուստի ստանդարտ համադրություներ․ նրանք մշտապես նոր, համարձակ, տարբերվող համադրությունների փնտրտուքի մեջ են և հաճախ են համարվում նորաձևության միտումներ թելադրողներ։ Այս հոգեբանական տիպին պատկանող մարդիկ հաճախ են փոխում սանրվածքն ու մազերի գույնը, իսկ առօրյա դիմահարդարումը շատ հաճախ երեկոյան դիմահարդարման է նման։ Եղունգների լաքի երանգի ընտրության հարցում նախընտրությունը տալիս են վառ երանգներին կամ սևին։
Դրամատիկների գլխավոր տարբերակիչ հատկանիշը՝ նրանք միշտ ուշադրության կենտրոնում են։ Ռիսկը կերպարի՝ տարօրինակ և հագուստի՝ ոչ տեղին թվալն է։
Գամինների կերպարում միշտ առկա է մանկականություն, թեթևություն և դրականություն: Այս տիպին պատկանող մարդկանց նայելիս դժվար է հասկանալ նրանց տարիքը:
Գամիններն առաջին հայացքից կարող են փխրուն թվալ, սակայն նրանք կամային մեծ հատկանիշներ ունեցող անհատականություններ են։ Նրանք կենսախինդ են, դրական և շատ եռանդուն։
Գամինների հոգեբանական տիպը ասես դասական, բնական ու ռոմանտիկ հոգեբանական տիպերի խառնուրդը լինի:
Անտարբեր չեն գեղեցիկի հանդեպ, սակայն հարմարավետությունը երբեք չեն զոհի հանուն գեղեցկության:
Սիրում են հետևել նորաձևության միտումներին, նախընտրում են հիմնականում կարճ սանրվածքներ։ Գույներից նախընտրում են թե՛ պաստելային, թե՛ վառ երանգները։
Գամինների գլխավոր ռիսկը շրջապատի կողմից անլուրջ ընկալվելն է։ Ուստի՝ ոճաբանները հոգեբանական այս տիպին պատկանող և պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձանց խորհուրդ են տալիս աշխատանքային միջավայրում նախընտրությունը տալ դասական հագուստին՝ գործընկերների շրջանում վստահություն ներշնչելու նպատակով։
Վերը նշվածը հաշվի առնելով՝ հարկ է, այնուամենայնիվ, նշել, որ հոգեբանական տիպերը «մաքուր» ձևով հազվադեպ են հանդիպում։ Դրանք հիմնականում հանդես են գալիս մեկ կամ մի քանի հոգեբանական տիպի հետ համատեղ։