Բյուզանդիայի զարդարվեստը՝ ժամանակակից դիզայներների ոգեշնչման աղբյուր
Բյուզանդիայի դեկորատիվ-կիրառական արվեստի մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Բյուզանդիայում իր զարգացման գագաթնակետին հասած զարդարվեստին:
Բյուզանդական զարդարվեստի զարգացման համար հիմք են հանդիսացել հռոմեական զարդարվեստի ավանդույթները։
Ժամանակի ընթացքում բյուզանդացի զարդագործ վարպետները իրենց սեփական ձեռագիրն ու ավանդույթներն են ստեղծել, մի շարք նորարարական տեխնիկաներ հեղինակել՝ բյուզանդական զարդարվեստը հասցնելով զարգացման նոր մակարդակի։
Ոլորտի զարգացման համար Բյուզանդիայում առկա էին բոլոր հիմքերը․երկիրը հարուստ էր ոսկու հանքերով և առևտրական կապեր ուներ թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի հետ։
Ոսկին, սակայն, բյուզանդական զարդերի միակ հումքը չէր․ զարդեր պատրաստվում էին նաև ոչ թանկարժեք նյութերից՝ կերամիկայից, ապակուց, բրոնզից և պողպատից։
Մարգարտի կիրառությունը զարդեր ստեղծելիս նույնպես արդիական էր, սակայն մարգարիտն այնքան էլ հասանելի չէր․այն ներմուծվում էր Հնդկաստանի ափերից, Կարմիր ծովից և Պարսից ծոցից։
Բյուզանդական զարդարվեստն աչքի էր ընկնում իր ստեղծած նմուշների նրբությամբ և ներծծված էր հոգևոր, կրոնական մտածողությամբ:
Լայնորեն տարածված էր արծնապակու (էմալ) և ընդելուզման տեխնիկան (քարի ագուցումը մետաղական զարդին ընդելուզման տեխնիկա է): Օգտագործվում էր նաև քարերի վրա փորագրության տեխնիկան:
Թանկարժեք հումքից պատրաստված զարդերը կարևոր դեր էին խաղում նաև դիվանագիտական հարաբերությունների հաստատման կամ կարգավորման գործում։ Պատմությանը հայտնի է Բյուզանդիայի կայսեր՝ Կոնստանդին IX Մոնոմախի՝ (1042-1055 թթ․) ոսկյա հրաշագեղ զարդերի տեսքով ընծաները արաբ խալիֆ Ալ-Մուստանսիրին։
Բյուզանդական Կայսրության գոյության վերջին դարերը ծանր էին բոլոր առումներով. այս շրջանում արվեստում չէին ստեղծվում նոր ձևեր, չէին կառուցվում նոր ու հզոր ճարտարապետական կոթողներ, սակայն, այդուհանդերձ, զարդարվեստը շարունակում էր ծաղկել:
11-13-րդ դարերում բյուզանդական ոսկերչական արվեստը շարունակում էր համաշխարհային հռչակ վայելել: Բյուզանդական դեկորատիվ-կիրառական արվեստի շատ թանկարժեք նմուշներ Խաչակրաց արշավանքների արդյունքում Եվրոպա տեղափոխվեցին՝ որպես ռազմավար, և այսօր զարդարում են եվրոպական թանգարանները:
Բյուզանդական դեկորատիվ-կիրառական արվեստի, մասնավորապես՝ զարդարվեստի դերը՝ որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ արվեստագետների և դիզայներների համար, անվիճելի է։
2013 թվականին «Dolce&Gabbana» բրենդի հեղինակավոր դիզայներներ Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբբանան, ներշնչված բյուզանդական դեկորատիվ-կիրառական արվեստով, ստեղծեցին իրենց՝ «Tailored Mosaic» հավաքածուն։
Հավաքածուի գերիշխող գույնը ոսկեգույնն էր։
Հավաքածուի ցուցադրության ժամանակ մոդելները բեմ դուրս եկան բյուզանդական սրբապատկերներով և քրիստոնեական սիմվոլներով «հագեցած» զգեստներով, իսկ նրբագեղ զարդերն արտահայտում էին երբեմնի հզոր, քրիստոնյա երկրի զարդարվեստի շքեղությունը։