Գրականություն և էսթետիկա կամ իմ Միֆին ընկեր չկա․ Արամ Ավետիս

May 18, 2023 - 19:45
Dec 18, 2023 - 19:42
Գրականություն և էսթետիկա կամ իմ Միֆին ընկեր չկա․ Արամ Ավետիս
Ժամանակակից մարդն այսօր ապրում է թվայինի ստեղծած իրականության մեջ և ինքնարտահայտման իր փորձերում ասես շարունակ ձգտում էսթետիկայի. էսթետիկ վիզուալներ, վայրեր, սնունդ, կերպար, ֆիլմեր...Իսկ որտե՞ղ են հատվում «գրականություն» և «էսթետիկա» եզրույթները կամ երևույթները: Ինչպիսի՞ արտահայտություն ունի էսթետիկան, գեղեցկության ձգտումը կամ դրա պաշտամունքը գրականության մեջ: 

- Էսթետիկան լատիներենից թարգմանվում է որպես զգացմունքային կամ զգացմունքների ընկալման գիտություն․ իմ կարծիքով` երկու իրար հակասող բաներ՝ զգացմունք և գիտություն։ Գիտության մեջ չկան զգացմունքեր. կան հստակ սահմաներ և թեորեմներ, չնայած՝ երբեմն թերի թեորեմներ, իսկ զգացմունքը մի հոգեվիճակ է, որը ոչ մի գիտության ու սահմանման չի ենթարկվում։ 

Ռուս փիլիսոփա Լոսևն իր՝ «Միֆի դիալեկտիկա» գրքում գրում է, որ ոչինչ չկա բացի միֆից, որ միֆը հենց իրականությունն է։  Գիտությունը միֆից է ստեղծվել, իսկ զգացմունքը այն ուժն է, որ միֆեր է ստեղծում քանզի առանց միֆ՝ մարդու կյանքը մի անգույն ու սահմանափակված ձև է` ծնունդից մինչև մահ, իսկ միֆը այդ ձևին նոր երանգ է տալիս ու ստեղծվում է նոր կյանք, նոր ձև՝ նորաձևություն, որն էլ իր հերթին, ինչու չէ, ստեղծում է նոր մահ։

«Միֆ» թարգմանաբար նշանակում է «Բառ» կամ ավելի խորը իմաստը Բանն է։ Այսինքն՝ ի սկզբանե միֆն էր։ Զգացմունքային Խոսքի միջոցով հնացած ձևը նոր գույն է ստանում։ Միֆի՝ այս դեպքում՝ խոսքի ու զգացմունքի միաձուլումից ստեղծվում է գրականությունը, որի հիմքում էսթետիկան է, իսկ նրա հիմքում գրականությունն է, քանզի ամեն ինչ սկսվում է բառից, ու քանզի զգացմունքները միլիոնավոր են, ամեն բառ ունի միլիոնավոր երանգներ։

Տձևի ու նորաձևի տարբերությունը նրանում է, թե ինչ միֆ է նրա խորքում ապրում։ 

Ճաշակին, իհարկե, ընկեր կա, քանզի կա ճաշակով ընկեր և անճաշակ։ Ու, ցավոք սրտի, քանզի մենք միշտ ունեցել ենք ծանր պատմություն, երևի պատահական չէ, որ մեր ժողովուրդը էսթետիկայի հանդեպ վերաբերմունքը արտահայտում է ուտելիքի միջոցով այսինքն՝ ճաշի և ճաշակի։ Եվ բերանի համով մենք փորձում ենք գնահատել այն, ինչը ստեղծված է ներքին միֆով տեսնելու համար։ Բայց մեր ճաշակը՝ «ակ»-ը, այսինքն՝ աչքը, դեռ ճաշի մեջ է, և մենք մինչ այսօր ճաշի միջոցով ենք ընկալում զգացմունքայինը։ Եվ դրա համար ավելի ճիշտ է ասել «ԻՄ ՄԻՖԻՆ ԸՆԿԵՐ ՉԿԱ» և ճաշակելով այս միտքը՝ դուրս գալ ափսեի սահմաններից, քանզի ափսեից դուրս է ապրում նոր ձևը։

Բերանով ու լեզվով մենք կարող ենք ճաշակել միայն բառը ու ուտելով բառերը՝ փրկենք ու դուրս հանենք միֆը մեր ներսում փոթորկվող ճաշի յուղոտ ալիքներից։

 - Կա կարծիք, որ գրական էսթետիզմի մասին խոսելիս պետք է նախ պատասխանել այն հարցին, թե ինչ է գրականությունը: Դու նու՞յնպես համարում ես, որ գրականությունը էսթետիկայի բարձրագույն արտահայտումներից մեկն է և գրականության մեջ էսթետիկայի փնտրտուքը՝ անիմաստ ժամանակի վատնում:

-  Գրականությունը էսթետիկայի հիմքում է, որովհետև առանց ընկալման՝ զգացմունքն արվեստ չի դառնա, և դրա համար զգացմունքին գալիս է օգնելու բառը, ու զգացմունքը մարմին է դառնում, իսկ մարմինը՝ ոճ է։ Առանց ոճի՝ մնացյալը ոչինչ է։ Ես իմ «Կույր կետադրություն»-ում մի պատմվածք ունեմ՝ «Ոճը որպես մենություն» վերտառությամբ, որում գրել եմ, որ ոճի համար պատրաստ եմ ոճրի։ Դատարկության, այսինքն՝ ոչնչի ու ձևի՝ այսինքն՝ ոճի միաձուլումից ստեղծվում է գրականությունը։

Գրականությունը Ոչնչի ոճով է հագնված ու մերկանում է միֆեր֊զգեստներ հանելով։

Իսկ եթե մի բառով ասենք, թե ինչ է գրականությունը, ես կասեի՝ գրակությունը ՈՃԻՆՉ է։

- Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ լավ արվեստագետը պետք է կատարելապաշտ լինի:
- Լավ արվեստի տարբերությունը վատից հենց այն է, որ նա ոչ մեկին պարտավոր չէ ու նա չի հասկանում «պետք է» բառի իմաստը։ Գիտե՞ք երբեմն ես, կարդալով մեծերին, հասկանում եմ, որ նրանց մեծության ամենակարևոր բաներից մեկը այն է, որ նրանք շատ հասարակ ու պարզ բաներ չգիտեն։ Դա այն չիմացությունն է, որ հատուկ է երեխաներին ու կենդանիներին։ Վճիտ չիմացություն։ Նա ստեղծագործում է հիվանդ մարդու նման, երբեմն՝ մտավոր հետամնացի, քանզի շատ բառերի իմաստ նա չգիտի ու դրանով իսկ նոր բառեր է ստեղծում իր ու իր ոճի համար։

Ես չգիտեմ արվեստի մեջ ավելի նողկալի ձգտում, քան պերֆեկցիոնիզմը։ Միլոսյան Վեներան ձեռքեր չունի, բայց դա այդ կռնատ աստվածուհուն չի խանգարում իր հմայքով կոկորդս սեղմի։ Իսկ կատարելապաշտները թող կույրի նման խարխափելով՝ նրա անհետացած ձեռքերին հավերժ ձեռք մեկնեն ու մուրացկանի պես սպասեն, թե երբ կատարյալը իրենց կհպվի։ Ես կատարյալից ոչինչ չեմ մուրում, որովհետև գիտեմ որ բացարձակ գաղափարը, այսինքն՝ իդեան, բացարձակ կաղապար է։

Կատարյալ կարող է լինել միայն անկատարը, քանզի անկատարությունը մարդկային է, իսկ այն, ինչ մարդկային է, ես համարում եմ արվեստում կատարյալ։

- Եվ այնուամենայնիվ, եթե փորձեիր համաշխարհային գրականության մեջ առանձնացնել գրողների/գործեր, որտեղ կա էսթետիկայի մեծ չափաբաժին, ո՞ր գործերը կառանձնացնեիր։

- Պոեզիա՝ Չեսլավ Միլոշ, Վիլյամ Բլեյք, Զբիգնև Հերբերտ, Նիկոլայ Գումիլյով, Էզրա Փաունդ, Ֆեդերիկո Գարսիա Լորկա

Արձակ՝ Էլիոթ Ուայնբերգեր «Թղթե վագրերը», Մարսել Ժուանդո «Փարիզի պատկերները», Փոլ Նիզոն «Կանտո», Ռիչարդ Բրոթիգան «Ձմերուկի շաքարի մեջ», Գերտրուդա Սթայն «Իդա», Ժորիս Կառլ Հյուիսմանս «Հակառակը»։

 

 

(Լուսանկարը՝ Դիանա Լևոնյանի)