Երիտասարդական շունչ և ուղերձ․ տեղի ունեցավ «Չիբուխչյան նորաձևության դպրոցի» հաշվետու ցուցադրությունը

Oct 31, 2024 - 21:22
Nov 2, 2024 - 22:01
Երիտասարդական շունչ և ուղերձ․ տեղի ունեցավ «Չիբուխչյան նորաձևության դպրոցի» հաշվետու ցուցադրությունը

Ամեն տարվա հոկտեմբերի տասը հատուկ օր է՝ «Չիբուխչյան նորաձևության դպրոցի» սաների և դասախոսական անձնակազմի համար։

Ամեն տարի հենց այս օրն է տեղի ունենում նորաձևության դպրոցի սաների հաշվետու ցուցադրությունը, որի շրջանակում վերջիններս ներկայացնում են հավաքածուներ, որոնց ստեղծման ընթացքում կիրառել են դպրոցում ստացած գիտելիքներն ու հմտությունները։

 
«Չիբուխչյան նորաձևության դպրոցը» մասնավոր կրթական հաստատություն է, որտեղ պատրաստում են դիզայներներ, դերձակներ, կոնստրուկտորներ և ձևարարներ: Ուսումնական հագեցած տարին ամփոփվում է հոկտեմբերի տասին․ հենց այս նույն օրը դպրոցը նշում է նաև իր հիմնադրման տարեդարձը:


«Չիբուխչյան նորաձևության դպրոցը» հիմնադրի՝ Սվետլանա Չիբուխչյանի մանկության երազանքն է եղել։ Վերջինս, երկար տարիներ կրթություն ստանալով նորաձևության տարբեր կրթական հաստատություններում, շուրջ վեց տարի առաջ՝ միայնակ՝ մի փոքրիկ սենյակում, հիմնադրել է նորաձևության դպրոցը, ինչը հետզհետե աճելով՝ ձեռք է բերել  ճանաչում և այսօր էլ իր թիմն ու սաների մեծ բանակն ունի։

Խոսելով երիտասարդների մասին՝ Սվետլանան նշեց, որ երիտասարդ սերնդի հետ մեծ հույսեր է կապում, քանի որ վերջիններս մեծ հետաքրքրություն ունեն մասնագիտության հանդեպ և նրանց աշխատանքներում տարեցտարի մեծ առաջընթաց է նկատվում։


«Երիտասարդներին կուզենամ մաղթել մեծ աշխատասիրություն ու նվիրում․ երբե՛ք կանգ չառնեք, անդադար աշխատե՛ք, բարելավե՛ք ունեցած գիտելիքները, քանի որ նորաձևությունը շարժում է․ այն ստիպում է քայլել ժամանակին համընթաց»,- նշեց Չիբուխչյանը:
 
Սվետլանան ուրախությամբ նշեց, որ Չիբուխչյան թիմը տարեցտարի և շարունակաբար փորձում է թարմացնել իր փորձն ու գիտելիքները, ինչի արդյունքն էլ նկատելի է դպրոցի սաների աշխատանքներում։

«Մեր սաները մշտապես աչքի են ընկնում իրենց ճարպկությամբ և ոլորտում իրենց հաջողություններով։ Ներկա պահին մեր՝ յոթից ավելի շրջանավարտներ հիմնել են իրենց սեփական բրենդները: Հույսով եմ՝ այս թիվը տարեցտարի է՛լ ավելի կմեծանա»,- ասաց Չիբուխչյանը։


Ներկայացված նմուշներում ակնհայտ էր երիտասարդական շունչը։ Հավաքածուներն ուրույն ուղերձ և ասելիք ունեին։


Ներկայացված հավաքածուների շարքում առկա էին նաև ազգայինից ոգեշնչված, ազգային էլեմենտներով հագեցած հավաքածուներ։


Սկսնակ դիզայներ Աննա Գ
ևորգյանի հավաքածուն ոգեշնչված էր ուրարտական մշակույթից։ Սա դիզայների առաջին հավաքածուներ էր և կրում էր «Մոռացված նախնիների ստվերները» անվանումը։


«Հավաքածուն ստեղծեիս ոգեշնչվել եմ ուրարտական մշակույթից, մասնավորապես՝ ուրարտուհու կերպարից։

Մենք՝ հայերս, ուրարտացիների հետնորդներն ենք և կրում ենք այն արժեքները, որոնք ստեղծել են մեր նախնիները։ 


Կարծում եմ՝ Արարատյան Թագավորության պես հզոր պետություն կառուցելու հարցում իրենց մեծ դերակատարումն են ունեցել նաև ուրարտուհիները․ նրանք ծնունդ են տվել և դաստիարակել են վեհ արժեքներ ունեցող սերունդներ»,- նշեց Աննան։

Ապագայի պլանների և երազանքների մասին խոսելիս Աննան առանձնացրեց ամենանվիրականը․ անել հնարավորը՝ երկրի տնտեսության և նորաձևության զարգացան մեջ սեփական ներդրումն ունենլու համար։


«Երբ ինձ պատկերացնում եմ որպես անհատ՝ նորաձևության ոլորտում, առաջնային նպատակս մնում է հանուն երկրի տնտեսության և արդյունաբերության գործելը։ Ցանկացած մասնագետ առաջին հերթին պետք է իր գործով նպաստի պետության զարգացմանը:


Ամենանվիրական երազանքներիցս մեկն է Հայաստանի սահմանամերձ գյուղերում կարի արտադրամասեր հիմնելը, ինչը, կարծում եմ՝ կնպաստի բնակչության զբաղվածությանը և սահմանների ամրապնդմանը (հուզվում է)»,- ասաց Աննան։


Աքսեսուարների դիզայնով զբաղվող Mucci բրենդը՝ հանձին բրենդի հիմնադիր Մարինե Պետրոսյանի՝ ապագայի նոր, տպավորիչ պլաններ ունի․ դիզայները կարծում է՝ ժամանակն է ընդլայնել արտադրությունը։


«Mucci»-ն սկսվեց աքսեսուարների դիզայնով, սակայն ուրախությամբ պետք է նշեմ, որ շուտով կթողարկեմ հագուստի առաջին հավաքածուս, որը կներառի զգեստներ, վերարկուներ, առօրյա և երեկոյան նմուշներ: 


Ինչու գործունեությունս սկսեցի աքսեսուարներով․ պատճառն ուղղակի այն էր, որ ստեղծված առաջին նմուշը դենիմե փողկապն է եղել՝ հատուկ նախատեսված այն մարդկանց համար, որոնք չեն սիրում չափազանց մեծ խստություն։

Mucci փողկապները կարելի է կրել աշխատանքային հանդիպումներին կամ առօրյա կյանքում: 


Դենիմե փողկապից հետո ծնվեց թիթեռնիկ-փողկապի գաղափարը, այնուհետև՝ շպարի պարագաների պայուսակը և այլն։


Mucci-ն հիմնելու որոշումը եղել է ակնթարթային՝ առանց բիզնես պլանի և ռիսկերը հաշվի առնելու»,- ասաց Մարինեն։


Ամսագրի հետ զրույցում Մարինեն հատուկ անդրադարձ կատարեց նաև դիզայների անհատականության ու ինքնության հագամանքի կարևորությանը։

«Անկեղծ կլինեմ․ նորաձևության հայկական շուկայում քչերը կան, որոնց կարող եմ դիզայներ անվանել: Ինքս ներկայանալիս մշտապես զգույշ եմ, քանի որ կարծում եմ՝ դեռ անցնելու շատ ճանապարհ ունեմ, որպեսզի ինձ կարողանամ դիզայներ համարել: 


Մենք ավելի շատ ունենք արտադրողներ, որոնք լավ ֆինանսավորում ունեն, աշխատում են փորձառու ինֆլուենսերների հետ, սակայն իրենց արտադրանքը սոսկ կրկնօրինակ է, թրենդերի արտատպում․ բրենդն այս դեպքում՝ չունի ձեռագիր և ասելիք»,- նշեց Մարինեն:

Ապագա պլանների մասին խոսելիս Մարինեն նշեց showroom հիմնելու գաղափարը և ապագայում՝ հնարավորության դեպքում՝ նորաձևության շաբաթներին մասնակցելը։


«Այս պահի առաջնահերթությունը տեսականու ընդլայնումն է, այնուհետև առցանց հարթակներից showroom տեղափոխվելը: Շատ հեռու ապագայում մեծ ցանկություն ունեմ մասնակցել նորաձևության շաբաթներին:


Ճիշտ է, իմ ամենասիրելին բաց երկնագույն դենիմն է, սակայն ապագայում դենիմի գույների ցանկն ընդլայնվելու է, և մեր հաճախորդները նոր տեսակի և որակի դենիմե արտադրանք է տեսնելու»,- ասաց Մարինեն։

«Չիբուխչյան նորաձևության դպրոցի սան, սկսնակ դիզայներ Գոհար Մաթևոսյանն իր հավաքածուն անվանել էր «Կարապի լիճ»․ ոգեշնչվել էր Չայկովսկու համանուն ստեղծագործությունից։

«Քանի որ մանկուց զբաղվել եմ պարով, և միշտ հիացել բալետի պարուհիների զգեստներով, ցանկացա առաջին հավաքածուս ստեղծել հենց պարային մոտիվներով»,- նշեց Գոհարը։

 Գոհարի մեջ նորաձևության հանդեպ սերը ծնվել է դեռ մանկության տարիներին։


«Ինչպես նշեցի՝ գրեթե ողջ կյանքս զբաղվել եմ պարով, սակայն կարող եմ ասել, որ նորաձևության հանդեպ սերը նույնպես ծնվել է մանկության տարիներին, երբ հագուստի նմուշներս կախում էի տան տարբեր հատվածներում՝ երևակայությանս մեջ պատկերացնելով, թե այն իմ ցուցասրահն է:


Ժամերով՝ առանց հոգնելու, կարող էի դիտել հեռուստատեսությամբ հեռարձակվող նորաձևության ցուցադրությունները։


Եկավ մի ժամանակ, երբ հասկացա, որ ուզում եմ թողնել պարն ու իմ բոլոր ուժերը ներդնել նորաձևության ասպարեզում։

Ինչ վերաբերում է այսօրվա միջոցառմանը, կարծում եմ նմանատիպ ցուցադրություններ առավել հաճախ պետք է կազմակերպվեն․ դրանք սկսնակ դիզայներներին ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություններ են տալիս և նոր անուններ են բացահայտում»,- նշեց Գոհարը։


Նյութի հեղինակ՝ Դանիել Նոր-Պարոնյան