«Harmony» կրող կինը ուժեղ է և համարձակ, սիրում է արվեստը և առաջին հերթին՝ ինքն իրեն․ Միքայել Դանիելյան

Nov 4, 2024 - 23:53
Nov 5, 2024 - 20:31
«Harmony» կրող կինը ուժեղ է և համարձակ, սիրում է արվեստը և առաջին հերթին՝ ինքն իրեն․ Միքայել Դանիելյան

- Միքայե՛լ, ինչպե՞ս ստեղծվեց Harmony բրենդը, ինչպե՞ս ձևավորվեց նրա ԴՆԹ-ն և որքա՞ն է դրանում կազմում դիզայներ Միքայել Դանիելյանի անհատականությունը՝ որպես դիզայներ։

- Harmony-ի ԴՆԹ-ն ձևավորել ենք բրենդի հիմնադիր-տնօրեն Լիլիթ Տոնականյանի հետ միասին։

Նախ՝ պատմեմ, թե ինչպես դրվեց մեր համագործակցության սկիզբը։ Շուրջ 15 տարի առաջ Մանկական Եվրատեսիլի շրջանակում մի նախագծի շուրջ էինք աշխատում, և մեր ծանոթությունը բերեց նրան, որ որոշեցինք ստեղծել նորաձևության տուն, որը պետք է աշխատեր լիովին այլ կանոններով։

Երբ մենք քննարկում էինք՝ ինչ անուն պետք է ունենա բրենդը,  ինչ-որ պահի Լիլիթի մտքով անցավ «Harmony» անվանումը․ քանի որ ներդաշնակությունն ինքնին այն երևույթն է, որն անհրաժեշտ է բոլոր ասպարեզներում, մեզ բոլորիս թվաց, որ սա բրենդի անվան լավագույն ընտրությունը կարող է լինել։

Կարող եմ ասել՝ բրենդի ԴՆԹ-ն հենց այստեղից էլ ձևավորվել է։

Այս տարի մեզ մոտ վերաբրեդավորում է տեղի ունեցել, և քանի որ վաղուց ցուցադրություն չենք ունեցել, այս ցուցադրությունը մեզ համար հիասքանչ առիթ է՝ ցույց տալու մեր նոր լոգոտիպը՝ մի փոքր փոփոխված, նոր կյանք առած՝ «պատրաստ գործելու» նոր կանոններով՝ նոր գաղափարների ներքո։

Վերաբրենդավորմանը զուգընթաց՝ մեզ մոտ տեղի է ունեցել նաև ԴՆԹ-ի փոփոխություն․ պահպանելով լավագույնը՝ բրենդի լավագույն հատվածը, ավելացրել ենք նորը, ինչի ականատեսն էլ կլինի Երևանի նորաձևության շաբաթվա հանդիսատեսը նոյեմբերի ինին։

- Վերջերս Հանրային հեռուստաընկերության հետ իրականացված հարցազրույցում նշեցիք, որ YoungbyHarmony բրենդում փոփոխություններ և նորություններ են սպասվում։ Ի՞նչ փոփոխությունների մասին էր խոսքը։

Քանի որ մայր բրենդը՝ Harmony-ն, վերաբրենդավորվել է, նույն փոփոխությունը պետք է տեղի ունենար նաև YounngbyHarmony-ում։

Շատ շուտով՝ ցուցադրությունից առավելագույնը տասն օր հետո, կներկայացնենք կափսուլային նոր հավաքածու՝ YoungbyHarmony-ի հաճախորդների համար։

Այստեղ նույնպես կտեսնեք փոփոխություններ՝ սկսած ԴՆԹ-ից վերջացրած՝ մանրուքներով։ 

Ի դեպ, նշեմ՝ ամեն տարվա նոյեմբերին Harmony-ն նվեր է անում YoungbyHarmony-ին․ ի՞նչ է սա ենթադրում․ Harmony-ի էքսքլյուզիվ կտորներով կարվում են ավելի մատչելի արժեքով նմուշներ, որպեսզի մեր երիտասարդ աղջիկները նույնպես կարողանան մեր բրենդից գնումներ կատարել։ Իրականում՝ նմանատիպ նախաձեռնություններ հաճախ ենք անում՝ նոր տարուն, գարնանային տոներին և այլն։

- Քանի որ խոսեցինք երիտասարդների մասին․ ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք նոր են սկսել նորաձևության իրենց կարիերան։

- Նախ ասեմ, որ ես շատ եմ կարևորում աշխատանքային փորձը։

Այն ամենը, ինչ երիտասարդները սովորում են բուհերում, շատ քիչ է․ շատ քիչ։ Արտերկրում կրթությունը ստանալը նույնպես բավարար չէ՝ դիզայներ դառնալու համար, քանի որ այս դեպքում՝ ուսանողը հիմնականում սովորում է տեսություն․ թվում է՝ տեսականորեն շատ բան գիտես, բայց, միևնույն է, գործնականից ոչինչ չես հասկանում։ 

Ես բոլոր երիտասարդներին խորհուրդ կտամ ոչ թե առաջին հերթին բացել իրենց նորաձևության տները, այլ հնարավորության դեպքում՝ աշխատել արդեն կայացած նորաձևության տներում,  անցնել պրակտիկա, որպեսզի նախ՝ սովորեն աշխատել և հետո՝ կարողանան հասկանալ՝ ինչ է իրենից ներկայացնում նորաձևության բիզնեսը, ինչպես պետք է այն ղեկավարել, ինչպես պետք է  զարգացնել սեփական բրենդի ԴՆԹ-ն, ստեծել սեփական կանոնները։

Երբ ուսանողը համալսարանում, օրինակ՝ պետք է sketching անի, նրան բերում-տալիս են Դիորի, Իվ Սեն-Լորանի, ՄԵզոն Մարժելայի կողմից նկարված որևէ նկար, և ուսանողը պետք է փորձի այն  արտատպել։

Ինչո՞վ է սա արդյունավետ․ երբ դու փորձում ես արտատպել նույն նկարը, դու այդպես քո սեփական ձեռագիրն ես ձեռք բերում․ դու այսպիսով սովորում ես տեսնել․ միգուցե մեկից մի էլեմենտ վերցնես, միգուցե նույն sketch-ի վրա աշխատելիս սկսես այլ տեխնիկա կիրառել և կարող է գալ է միահ, երբ արդեն սկսես հասկանալ՝ որն է քեզ հոգեհարազատ, ինչով դու կարող ես աշխատել, սակայն երբ դու այդ ամենը չես փորձում, միանգամից մի տիկնիկ ես նկարում և ասում՝ իմ նորաձևության տունը այսպես պետք է աշխատի․ դու այդպես ԴՆԹ չես կարող ձեռք բերել, և քո բրենդը երկար տարիների կյանք չի կարող ունենալ։ Ցավոք, մեր երկրում սա խնդիր է։

- Դե՛ մեր երկրում բոլորն են ուզում դիզայներ դառնալ։

Այո՛։ Հաճախ պատահում է՝  ծնողները ունենում են գումար և հնարավորություններ և իրենց երեխաների համար նորաձևության տուն են բացում, սակայն հաճախ այս հաստատությունները մեկ-երկու տարուց կորցնում են կենսունակությունը և, վերջիվերջո, փակվում են։

Ճիշտ աշխատող մարդը պետք է կարողանա երկար էտապներ անցնել։ Ես 13 տարի աշխատել եմ Ատեքսում՝ որպես դիզայներ․ սովորել և աշխատել եմ։

Այնուհետև եկավ մեկ այլ փուլ․ որոշվեց, որ պետք է բացվի Harmony նորաձևության տունը, և ես էլ պետք է լինեմ նրա կրեատիվ տնօրենը։ Վստահաբար կարող եմ ասել, որ եթե ես ի սկզբանե գայի այստեղ՝ առանց փորձի, ես չէի հաջողելու․ չէի կարողանալու անել այն ամենը, ինչը կարողացել եմ անել այս տարիների ընթացքում։

- Խոսե՛նք անցյալ տարվա՝ Yerevan Fashion Week-ի շրջանակում ներկայացված «Equilibria» հավաքածուի մասին։ Չնայած հավաքածուում առկա զինվորական թեմատիկային՝ այստեղ էլեգանտության մեծ չափաբաժին կար։ Կասե՞ք՝ ինչից էիք ոգեշնչվել և հավաքածուն ինչ արձագանք գտավ ձեր հաճախորդների շրջանում։

- Ինչպես են դիզայերները որոշում՝ ինչ պետք է կարեն։ Թրենդերի վրա մեծ ազդեցություն են գործում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, աշխարհի առջև ծառացած խնդիրները և այլն։ 

Մենք որոշեցինք, որ հավաքածուի թեմատիկան անպայման «military»-ն պետք է լինի, քանի որ այսօր աշխարհում շատ պատերազմներ կան, սակայն դրա հետ միասին՝ չմոռացանք այն հանգամանքը, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կանայք ռազմաճակատ մեկնելիս իրենց հետ ինչ էին տանում (դե իհարկե՝ կարմիր շրթներկ)։

 Կինը միշտ է ցանկանում  լինել կանացի։ Այդ պատճառով «military» ոճով ստեղծված հավաքածուում մենք ներմուծեցինք կանացի էլեմենտեր և արեցինք այնպես, որ դրանք հնարավորինս շատ լինեն։

Եթե նկատել եք, հավաքածուի ցուցադրության սկզբում ներկայացված էր զինվորական թեմատիկան, այնուհետև հետզհետե թեման փոխվեց և զարգացավ կորսետների շուրջ։ Ի՞նչ է սա նշանակում․ կորսետները խորհրդանշում էին կնոջ կերպարը․ կիպ և մարմինը գրկող կորսետների միջոցով մենք ցանկացել էինք ցույց տալ, որ կնոջն ինչ-որ բան անհանգստացնում է։

Եթե ուշադիր եք եղել, մենք շապիկները մոդելներին հակառակ կողմով էինք հագցրել՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ կնոջ էության մեջ կա մեկ այլ կողմ, որի վրա կարելի է ավելի շատ ուշադրություն դարձնել։

Հավաքածի «Military» ոճի ու էլեգանտության էկլեկտիկ միասնությունը ցույց էր տալիս կնոջ էության տարբեր կողմերը և տրամադրության տարբեր դրսևորումները․ հոգեվիճակը երբ նա խաղաղ է և ներդաշնակ, և իրավիճակը՝ երբ գտնվում է սթրեսային, լարված վիճակում։

Առհասարակ, Harmony-ում և YoungbyHarmony-ում մենք միշտ պահպանում ենք նմուշների կանացիությունը, քանի որ կարծում ենք, որ կինը պետք է միշտ լինի կանացի, տղամարդը՝ առնական․ այս երկու սեռերին չի կարելի խառնել։ Սա մեզ համար շատ կարևոր է։

- Իսկ ի՞նչ կասեք նոր հավաքածուի մասին, որն օրեր անց կներկայացնեք Yerevan Fashion Week-ի շրջանակում։ Ինչի՞ մասին է այն, ինչի՞ց եք ոգեշնչվել, ի՞նչ գույներ և ուղերձ ունի։

Քանի որ երկար ժամանակ է՝ ցուցադրություն չենք ունեցել, նախ՝ ցանկանում ենք մեր հաճախորդին նորից ցույց տալ և հիշեցնել՝ ինչ ասել է «Harmony» նորաձևության տուն և ինչպես նշեցի վերևում, ցանկանում ենք ներկայանալ վերաբրենդավորված տարբերակով՝ Harmony-ի նոր կերպարով, շեշտադրել Harmony կնոջ կերպարը և ցույց տալ այն էլեմենտները, որ կարևոր են մեզ համար։

- Այստեղից մի հարց․ ինչպիսի՞նն է Harmony կրող կինը․ կնկարագրե՞ք։

Harmony կրող կինը ուժեղ է, համարձակ, նա մի անձ է, որը նախ և առաջ՝ սիրում է ինքն իրեն, հետո՝ շրջապատին։ Սեփական անձի հանդեպ այս սերը, սակայն, եսասիրություն չի ենթադրում․ այն խորը իմաստ ունի․ եթե դու չես կարողանում սիրել ինքդ քեզ, ապա ոչ ոքի չես կարող սիրել։ Harmony կինը համարձակ է, սիրում է արվեստը, սիրում է լինել կանացի և կյանքին ամեն առավոտ ասում է՝ բարև։

- Շարունակե՞նք նոր հավաքածուի նկարագրությունը։

- Հավաքածուի մեջ օգտագործված են այն մոտիվները, որոնք Harmony-ն օգտագործել է իր՝ տարբեր ժամանակների հավաքածուներում։ 

Այստեղ մենք կտեսնենք բարդ ձևվածքներ, կորսետներ, բարձրորակ կտորներ, հետաքրքիր լուծումներ, կանացիություն և համարձակություն․ քանի որ մեր ԴՆԹ-ում համարձակության չափաբաժինն ավելացել է, ներկայացված նմուշներում կտեսնենք նաև թափանցիկ շատ նմուշներ և կնոջ մարմնի շեշտադրման դրսևորումներ։

- Քանի որ ապրում ենք տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում, իսկ Արհեստական բանականությունն էլ սողոսկել է մեր առօրյա կյանք, վերջինիս հարց եմ տվել, թե համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներներից ու՞մ ոճին է նմանեցնում ձեր ոճը։ Նախքան պատասխանը բացահայտելը, կգուշակե՞ք՝ ում է նշել արհեստական բանականությունը։

- Շատ հետաքրքր բան եք ասում, այս հարցը շատ անսպասելի էր ինձ համար և շատ հետաքրքիր։

- Անկեղծ ասած՝ ես լիովին այլ դիզայների անուն էի մտածել, բայց ի զարմանս ինձ՝ իմ տարբերակը սխալ էր։

- Ես սիրում եմ Ջոն Գալիանոյի և Դիորի ոճերը, սակայն վերջերս սկսել եմ նաև Շանել և Իվ Սեն-Լորան սիրել։

- Իսկ ո՞րն է դրա պատճառը․ ինչու՞ հենց հիմա և ոչ՝ ավելի վաղ տարիքում։

- Գիտե՞ք՝ իմ ամենամեծ և ամենալուրջ հավաքածուն նվիրված է եղել Դիորին․ այստեղից էլ՝ իմ մեծ սերը նրա արվեստի նկատմամբ․ ինձ շատ է ոգեշնչել նրա՝ New Look հավաքածուն․ առհասարակ՝ մեր հավաքածուներում 50-ականների մոտիվներ շատ կան։ 

Ինչ վերաբերում է վերը նշված երկու դիզայներներին, կարծում եմ պետք է մի քիչ հասունանաս, որ կարողանաս նրանց սիրել։ Chanel-ի դեպքում՝ սիրում եմ բրենդի՝ Լագերֆելդի դարաշրջանը։

- Եվ այսպես՝ չե՞ք ուզում բացահայտել՝ որ երկու դիզայներներին է նմանեցրել ձեր ոճը Արհեստական բանականությունը։

- Իհարկե, հետաքրքիր է։

- Դե ուրեմն՝ Րիք Օուենս և Յոհջի Յամամոտո․ սպասու՞մ էիք։

- Բացարձակ չէի սպասում։ Ճիշտն ասած՝ Րիք Օուենսին, առհասարակ, չեմ ճանաչում, սակայն Յոհջի Յամամոտոյին շատ եմ սիրում։ Նրա մասին շատ գեղեցիկ ֆիլմ կա նկարահանված, եթե հետաքրքիր է, նայե՛ք։

- Անպայմա՛ն։