Եթե քո գործով աշխարհն ավելի գեղեցիկ չես դարձնելու, իմաստ չունի․ Նարինե Հարությունյան
Հայաստանաբնակ հանրությունը պետք է ծանոթանա Հայաստանի սահմաններից դուրս ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ դիզայներների գործունեությանը․ մեր հրապարակումներում այս մասին հաճախակի ենք խոսելու։
Այս անգամ զրուցել ենք Narny բրենդի հիմնադիր Նարինե Հարությունյանի հետ, ով ապրում և ստեղծագործում է Ռուսաստանի Դաշնությունում։
- Նարինե՛, ո՞ր տարիքից է ծնվել նորաձևության հանդեպ սերը, ե՞րբ եք արել առաջին քայլերը նորաձևության ասպարեզում և ինչպե՞ս ստեղծվեց Narny բրենդը։
- Շատ հստակ եմ հիշում․ 4 տարեկան էի, և հեռուստացույցով նորաձևության ցուցադրություն էր հեռարձակվում (եթե չեմ սխալվում, Վյաչեսլավ Զայցևի ցուցադրությունն էր)։ Ես այնպես զմայլվեցի ցուցադրությամբ և նրանում իմ տեսած գեղեցիկ աշխարհով, որ ինձ մոտ ցանկություն առաջացավ այդ ամենի մի մասը դառնալ։ Հավանաբար ամեն ինչ հենց այդ ժամանակ էլ սկսվեց։
Մանկությանս տարիներին շարունակ էսքիզներ եմ արել, նկարել եմ հետաքրքիր, բազմաոճ հագուստներ կրող կանաց։ Չգիտես ինչու՝ ծնողներս հենց այդ տարիներին էլ ընդունեցին այն փաստը, որ ես հագուստի դիզայներ եմ դառնալու։ Նորաձևության հանդեպ իմ սիրո մասին գիտեին նաև ուսուցիչներս, ովքեր էլ հետագայում ինձ օգնեցին ընտրել այն համալսարանը, որտեղ ստացել եմ մասնագիտական կրթությունս։
Համալսարանն ավարտելուց հետո Կրասնոդարից տեղափոխվեցի Մոսկվա, որտեղ ապրել եմ շուրջ 14 տարի։ Մոսկվայում աշխատել եմ նորաձևության ասպարեզում գործունեություն իրականացնող տարբեր ընկերություններում՝ որպես հրավիրված դիզայներ (մասսայական արտադրությամբ զբաղվող ընկերություններից մինչ թատերական կոստյումների ստեղծմամբ զբաղվող ստուդիաներ):
Նշված փորձն ինձ շատ օգնեց կայանալ՝ որպես դիզայներ։ Երբ համալսարանը նոր ես ավարտում, դու ուղղակի նկարիչ ես․ դիզայներ դառնում ես փորձի հետ՝ կայացման ճանապարհին։
Մոսկվայում ստացած փորձառությունն ինձ շատ օգնեց հասկանալ՝ ինչպես է կառուցված նորաձևության ներքին խոհանոցը, գտնել նորաձևության մեջ ինձ հոգեհարազատ ոճը և սեփական սեգմենտը։
Բավարար չափով փորձ և ռեսուրսներ ձեռք բերելուն պես ստեղծեցի առաջին ստուդիաս․ ստեղծվեց Narny-ն։ Ստուդիաս հիմնեցի Կրասնոդարում, քանի որ այդպես ավելի նպատահարմար էր ֆիանսական և մի շարք այլ առումներով։
Այլևս սկսեցի ապրել և աշխատել երկու տարբեր քաղաքներում՝ Մոսկվայում և Կրասնոդարում։ Շուտով ստեղծեցի առաջին հավաքածուս, զուգահեռաբար ընդունում էինք նաև անհատական պատվերներ։ Այսպես էլ սկսեցինք աշխատել և աճել, իսկ այս տարվա մարտին լրացավ Narny-ի տասնամյակը։
- Նշեցիք, որ Narny բրենդն արդեն տասը տարվա պատմություն ունի․ ո՞րն է եղել նորաձևության ձեր ամենահիշարժան և հաջողված ցուցադրությունը, որո՞նք են եղել ամենահաջողված և չհաջողված հավաքածուները և ինչո՞վ էր ձեզ համար առանձնանում Yerevan Fashion Week-ը։
- Ամեն ինչ հարաբերական է և կախված է նրանից, թե ինչ չափանիշներով ենք դատում և ինչ ենք հասկանում՝ հաջողված ասելով։ Օրինակ՝ համաշխարհային մակարդակի պրոֆեսիոնալները կարող են հավաքածուդ հաջողված համարել, սակայն այն կարող է լավ չվաճառվել։ Narny-ի մեր նախորդ երկու հավաքածուները մեզ համար մաքսիմալ հաջողված են եղել՝ կոմերցիոն առումով՝ չնայած այն հանգամանքին, որ մենք դրանք որևէ տեղ չենք ցուցադրել։
Երբ սկսվեց համաճարակը, Մոսկվայում և ռուսական այլ քաղաքներում նորաձևության բոլոր ցուցադրությունները չեղարկվեցին։ Մենք սկսեցինք աշխատել առցանց ու կարող եմ ասել, որ վերջին երեք տարիների ընթացքում մենք մեծ վաճառքներ ենք գրանցում և այժմ ռեկորդային թվով մերժումներ ունենք, քանի որ այդքան արտադրել ֆիզիկապես չենք հասցնում։
Ինչ վերաբերվում է ցուցադրություններին․ բոլոր ցուցադրությունները միշտ լարված են անցնում, չնայած ցուցադրությունից հետո միշտ ուրախ ու երջանիկ ես (ժպտում է,-հեղ): Ինձ համար հիշարժան էր այս տարվա՝ Մոսկվայի նորաձևության շաբաթը։ Այն մեզ համար շատ կարևոր էր, քանի որ համաճարակից հետո առաջին նորաձևության շաբաթն էր, և մենք էլ ներկայացնում էինք մեզ համար նոր՝ հայկական թեմատիկայով հավաքածու։ Շատ էի հուզվում և մտահոգվում, թե ինչպես այն կընկալվեր ռուսական շուկայում։ Ցուցադրությունը շատ դրական արձագանք ստացավ, և հավաքածուն ռուսական շուկայում շատ սիրվեց։
Ես այդ ժամանակ դեռ չգիտեի, որ Հայաստանում նույնպես պլանավորվում է նորաձևության շաբաթ։ Երևանում վերջին անգամ հավաքածուի ցուցադրությամբ ներկայացել էի 2017 թվականին՝ «Golen Lace» նորաձևության շաբաթվա շրջանակում։
6 տարի էր անցել, չկար նորաձևության շաբաթ, սակայն ես, միևնույն է, մտածում էի Հայաստանում ցուցադրություն ունենալու մասին․ քանի որ հավաքածուն հայկական թեմատիկայով էր, ես շատ էի ուզում, որ այն անպայման ներկայացվի իմ պատմական հայրենիքում։
Արդեն բանակցություններ էինք վարում ցուցադրության տարածքի ղեկավարության հետ, երբ Instagram-ում պատահաբար տեսա Yerevan Fashion Week-ի գովազդը․ արագ զանգահարեցի կազմակերպիչներին և պարզվեց՝ ընդամենը մեկ տեղ էր մնացել․ այդ տեղը մերը դարձավ։ Իրադարձությունները շատ հաջող դասավորվեցին, քանի որ մենք հայկական նորաձևության շուկայի մասին գրեթե ոչինչ չգիտեինք, իսկ սա շատ լավ հնարավորություն էր՝ ոլորտի ներկայացուցիչների հետ ծանոթանալու և շուկան ուսումնասիրելու առումով։
Այնպես ստացվեց, որ Fashion Week-ի օրերին Հայաստանում հանգստանում էին նաև մեր ռուս գործընկերները, ովքեր չէին կարողացել ներկա գտնվել Մոսկվայում կայացած մեր ցուցադրությանը և կարողացան դա անել այստեղ՝ Հայաստանում։
Ես հիացած եմ հայկական բրենդերով։ Ես չգիտեի, որ մենք այսքան տաղանդավոր դիզայներներ ունենք։
- Ի՞նչ տվեց նորաձևության շաբաթը, որը կցանկանայիք տանել ձեզ հետ։
- Կարծում եմ՝ գլխավոր ձեռքբերումներից մեկը եվրոպական մեդիա ընկերությունների ներկայացուցիչների հետ ծանոթանալու և նման մակարդակի պրոֆեսիոնալների հետ շփման հնարավորությունն էր, ինչ արդյունքում՝ շատ հետաքրքիր կարծիքներ լսեցի հավաքածուիս և իմ աշխատանքների մասին․ դա, իրոք, շատ կարևոր էր։
Երկրորդ նշանակալի ձեռքբերումը նորաձևության հայկական շուկան ուսումնասիրելու հնարավորությունն էր․ քանի որ ցանկություն ունեմ Հայաստանում բացել բրենդի մասնաճյուղը, շատ կարևոր էր այդ տեղեկատվությանը տիրապետելը։
Կարող եմ անկեղծ ասել, որ Հայաստան գալով՝ ես հստակ սպասելիքներ չեմ ունեցել․ ինձ համար կարևորը հայկական թեմատիկայով հավաքածուս իմ պատմական հայրենիքում ներկայացնելու հնարավորությունն էր, և ես դա արեցի։ Թե ինչ արդյունք այն կունենա, կունենա՞, թե՞ ոչ, այդքան էլ կարևոր չէ․ կարևորն այն է, որ ես իմ հավաքածուն բերեցի Հայաստան։
- Որո՞նք են Narny բրենդի հետագա պլանները։
- Չնայած տասը տարի աշխատել եմ այլ շուկայում և ստեղծել եվրոպական մշակութային էլեմետներով հագեցած հագուստ, կուզենայի, որ այսուհետ իմ ապագա հավաքածուները ասոցացվեին հայկական մշակութային ժառանգության հետ․ շատ երջանիկ կլինեմ, եթե այդպես լինի։ Չգիտեմ, թե այն ինչպես կընկալվի այստեղ՝ Հայաստանում։ Ամեն դեպքում՝ աշխատելու եմ այդ ուղղությամբ․ հայկական մշակույթն անհատակ օվկիանոս է։
Այս պահին ուսումնասիրում եմ արտադրության տեղական հնարավորությունները, և եթե ամեն ինչ լավ ընթանա, ես կբացեմ Հայստանում իմ ստուդիան։
Այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ ամեն օր աշխարհում իրավիճակ է փոխվում։ Երկարաժամկետ ոչինչ չես կարող պլանավորել։ Ուրեմն՝ ապրենք և ստեղծագործենք այսօր և այս օրվա համար․ մնացածը ցույց կտա ժամանակը։
- Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ դիզայներներին։
- Երբեմն խորհուրդների չհետևելը ամենաճիշտն է, քանի որ յուրաքանչյուրն իր ճանապարհն ունի։
Կարծում եմ՝ ամենակարևորը նվիրումն է սեփական գործին և մասնագիտությանը․ այն միշտ տալիս է իր ցանկալի արդյունքը։ Այո՛, մարդիկ տարբեր են, և տարբեր են յուրաքանչյուրի զարգացման ու կայացման ժամկետները․ որոշ մարդկանց 3 տարի է անհրաժեշտ, որոշներին՝ 33, սակայն այն, ինչը միշտ անհրաժեշտ է յուրաքանչյուրին, աշխատասիրությունն է և ամեն օր ավելի լավը դառնալու ձգտումը․ հասար որոշակի մակարդակի, կանգ մի՛ առ, կրկի՛ն առաջ շարժվիր, բարձրացի՛ր։ Կարծում եմ՝ այս ամենը նույնիսկ պետք չէ ասել, քանի որ այն մարդիկ, ովքեր նվիրված են իրենց գործին, այդպես էլ զգում և անում են։
Դիզայների համար սեփական բրենդն ասես իր երեխան լինի, ով միշտ քաղցած է․ նա որքան էլ աճի, միևնույն է, «ծնողի» կարիքը զգալու է։ Նորաձևության բիզնեսը ֆինանսական բարդ կառուցվածք ունեցող բիզնես է․ շարունակական ներդրում է պահանջում։ Դու էլ մտածում ես՝ ոչի՛նչ, թող ես տանը որոշ բաներ չունենամ, սակայն իմ բրենդն ունենա ամենագեղեցիկ տուփերը, ամենատպավորիչ ժապավենները։
Մենք Ռուսատանում շատ ենք կախված դոլարի և եվրոյի փոխարժեքից․ մեր հումքը արտերկրի արժույթով ենք գնում։ Երբ տարադրամի փոխարժեքը բարձրանում է, բարձրանում է նաև ինքնարժեքը, սակայն ես թույլ չեմ տալիս, որ նշված հանգամանքը որևէ կերպ ազդի իմ արտադրանքի որակի վրա։ Ես կարծում եմ՝ եթե ինչ-որ բան անում ես, պիտի լավ անես։ Կարևոր չէ՝ ինչ գործունեություն ես ծավալում՝ գի՞րք ես գրում, երաժշտությու՞ն, թե՞ հավաքածու ես ստեղծում․ եթե կատարելության չես ձգտելու, գործդ լավագույնս չես անելու, եթե դրանով աշխարհն ավելի չես գեղեցկացնելու, ի՞նչ իմաստ ունի։
Լավագույնը դառնալու և որակ ապահովելու համար հստակ ցուցումներ չկան․ որոշ մարդկանց համար պետք արվեստ ուսումնասիրել, որոշներին՝ Միլանի նորաձևության շաբաթին մասնակցել, մենթորներ գտնել․ կարևորը աշխատելու, զարգանալու և աճելու շարունակական ձգտումն է։