«ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ը մեր կողմից հայտարարված մշակութային պատերազմի ամենակարևոր զենքերից է․ Լիլիթ Մելիքյան

Aug 11, 2023 - 13:57
Aug 14, 2023 - 15:15
«ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ը մեր կողմից հայտարարված մշակութային պատերազմի ամենակարևոր զենքերից է․ Լիլիթ Մելիքյան

Օգոստոսի 12-ին «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի կունենա «ՏԱՐԱԶՖԵՍՏ» փառատոնը։ Փառատոնի նպատակը հայկական մշակույթի և մանավորապես՝ հայկական տարազի ժողովրդականացումն է ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում։

Միջոցառման առաջին հատվածում կանցկացվի ցուցահանդես-վաճառք՝ արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ, իսկ երկրորդ հատվածում տեղի կունենա ազգային հագուստի ցուցադրություն։

Միջոցառման կազմակերպիչը «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունն է։

«ՏԱՐԱԶՖԵՍՏ» փառատոնի շրջանակում սպասվելիք միջոցառումների մասին խոսել ենք «Տերյան մշակութային կենտրոն»-ի հիմնադիր Լիլիթ Մելիքյանի հետ։

- Լիլի՛թ, ե՞րբ և ինչպե՞ս  ստեղծվեց «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ը, ի՞նչ ճանապարհ է անցել փառատոնը մինչ «ՏԱՐԱԶՖԵՍՏ 2023»-ը։

- Նախ՝ շատ շնորհակալ եմ մեր միջոցառմանն անդրադառնալու համար․ «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ը շատ կարևոր նշանակություն ունի «Տերյան մշակութային կենտրոն»-ի համար։ 

Նախագիծը ստեղծվել է մոտ տասը տարի առաջ, երբ մենք առաջին անգամ հասկացանք, որ որպես տարազը և ազգայինը հանրահռչակող համար մեկ կազմակերպություն՝ պետք է ունենանք մեր ամենամյա փառատոնը։ Հիմնադրման պահից ի վեր փառատոնն անցկացվել է չորս անգամ․ այս տարի «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ի՝ արդեն հինգերորդ փառատոնն է։

Ի դեպ՝ նշեմ, որ փառատոնը մշտապես իրականացվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

Միջոցառումը երեք անգամ անցկացվել է Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում։ ՏԱՐԱԶՖԵՍՏ-ի անցկացման այդ երեք տարիներն ինձ համար երջանիկ ժամանակաշրջան են եղել․ բոլորս անհոգ էինք և չէինք պատկերացնում, թե ինչ էր սպասվում մեր ազգին, ազգային ինքնությունը պահպանելու գաղափարը շատ կարևորված էր, սակայն ինքնությունը կորցնելու վտանգը մեծ չէր․ այժմ այդ խնդիրն ավելի քան արդիական է, իսկ մենք՝ որպես մշակութային պատերազմ հայտարարած կազմակերպություն՝ պետք է պայքարենք դրա դեմ․ «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ն այդ պատերազմի կարևորագույն զենքերից մեկն է։

 «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ի ևս մեկ միջոցառում իրականացրեցինք 2016 թվականին՝ Ստեփանակերտի հրապարակում։

Պատերազմից երկու տարի անց, հասկանալով միջոցառման արդիականությունը և կարևորությունը, որոշեցինք վերականգնել միջոցառումը և ապահովել  նրա շարունակականությունը։

Անցյալ տարի «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի կողմից առաջարկ ստացանք փառատոնն անցկացնել արգելոց-թանգարանի տարածքում։ «Զվարթնոց»-ի պես պատմամշակութային, հանրային տարածքում, սակայն, մասշտաբային միջոցառում կազմակերպելը մեծ ծախսերի հետ է կապված և, ցավալիորեն, մենք հովանավորներ չգտանք։

Այս տարի, երբ Արգենտինայում ցուցադրում էինք մեր հավաքածուն, իմ թիմից նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ Տուրիզմի կոմիտեն արձագանքել է մեր նամակին և աջակցելու է մեր ծրագրին։ Ի դեպ՝ այսօր հանդիպել եմ Տուրիզմի կոմիտեի նախագահի հետ, և առաջին անգամ էր, որ անձնապես ու մոտիկից ծանոթանում էի պետական այս կառույցի ղեկավարի հետ, ով հավանում, համակրում և սատարում է մեր ծրագիրը։ Հանդիպման ընթացքում շատ խրախուսական խոսքեր լսեցի մեր գործունեության մասին և շատ դրական էմոցիաներով եմ ետ վերադարձել հանդիպումից․ այն ապահովեց իմ ողջ օրվա լավ տրամադրությունը և ստեղծագործելու նոր մոտիվացիա տվեց։

Իրականում, հանդիպման գլխավոր նպատակը միջոցառման անցկացման վայրի փոփոխության հարցն էր։

Որքան էլ տպավորիչ լինի պատմամշակութային արգելոցում միջոցառում անցկացնելու գաղափարը, միևնույն է, դու ինչ-որ պահի գիտակցում ես, որ դա առաջին հերջին թանգարան է, և հանրային միջոցառումների անցկացումն այդքան էլ ճիշտ չէ․ միշտ կա որևէ բան վնասելու վտանգ։

Իհարկե, պետք է խոսովանեմ, որ փառատոնի անցկացման վայրի փոփոխության առաջնային պատճառը շոգն էր։ Վերջին օրերին մենք շարունակ զանգեր էինք ստանում մեր վարպետների կողմից, ովքեր իրենց մտահոգությունն էին հայտնում եղանակային պայմանների առնչությամբ։ Հենց այսօր էլ մեզ զանգահարել էին Իրաքի դեսպանատնից և հետաքրքրվում էին՝ շոգից պատսպարվելու հնարավորություն թանգարանի տարածքում լինելու՞ է, թե՞ ոչ։

Չափազանց շատ էին նաև նամակները փառատոնին մասնակցությամբ հետաքրքրված քաղաքացիների կողմից, ովքեր հարցնում էին՝ արդյոք ետ վերադարձի համար տրանսպորտ ապահովելու՞ ենք, թե՞ ոչ, և մենք հասկացանք, որ փառատոնի մասնակիցների՝ քաղաք վերադարձի հարցը նույնպես խնդրահարույց է։

Շոգը իրականում շատ խանգարեց, սակայն ես այս ամենի արդյունքում վերանայեցի իմ վերաբերմունքը  պատմամաշակութային արժեք ունեցող տարածքներում հանրային միջոցառումներ անցկացնելու հարցի վերաբերյալ՝ հատկապես երբ դրանք կոթողներ են և միակն են իրենց տեսակի մեջ։ Ես ինքս այլևս նման վայրերում որևէ միջոցառում չեմ նախատեսելու․ դրանք թանգարան են բաց երկնքի տակ և պետք է բաց լինեն միայն իրենց այցելուների համար։

Ինչևիցե․ եղավ այն, ինչ եղավ։

Եվ այսպես, մենք այլևս ունենք միջոցառման մեկ այլ՝ գեղեցիկ վայր՝ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրը։ Ինչու՞ «Մեգերյան կարպետ»․ նախ՝ ընտրել ենք քաղաքին ամենմոտ տարածքը։ Բացի դրանից՝ «Մեգերյան կարպետ»-ը մեր կենտրոնի լավագույն գործընկերն է, բարեկամ կազմակերպությունների ցանկում՝ առաջինը, և մենք նման մասշտաբային միջոցառման տեղափոխումը կարող էինք դիտարկել միայն «Մեգերյան»-ի պես բարեկամ կազմակերպության տարածք։ Պատկերացնում եք, չէ՞, ինչ ահռելի աշխատանք է մի ամբողջ փառատոն տեղափոխելը, երբ կա 50 տաղավար, մեծ բեմ և այլն։

Մենք հասկացանք, որ մեզ համար «Մեգերյան կարպետ»-ը հայրական տուն է․ այն ոչ միայն հիասքանչ վայր է «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ի ձևաչափն ու բովանդակությունն ունեցող միջոցառման համար, այստեղ կա նաև հիասքանչ վերաբերմունք, ձեռքդ բռնելու ցանկություն, քեզ սատարելու հնարավորություն։

- Ի՞նչ սպասել «ՏԱՐԱԶՖԵՍՏ 2023»-ին։ Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այս տարի։

- Ամեն անգամ, երբ ցուցադրություն ենք ունենում «Մեգերյան կարպետ»-ում, միշտ լինում են մարդիկ, ովքեր բողոքում են աթոռների սակավությունից, տարածքի փոքր լինելուց։ Խոստովանեմ, որ այս տարի տվյալ խնդիրը նույնպես առկա է լինելու՝ հաշվի առնելով միջոցառման մասշտաբանությունը, սպասվող հյուրերի մեծ թիվը։ 

Այս տարի՝ ի թիվս այլ միջոցառումների, «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ը նաև տանիք է հանդիսանում Համահայկական խաղերի շրջանակում անցկացվող «Միսս համահայկական» գեղեցկության մրցույթի համար, ինչի շրջանակում ընտրվում է համահայկական խաղերի մասնակից ամենագեղեցիկ աղջիկը։ Համահայկական խաղերի կազմակերպիչ կոմիտեի հետ մշտապես ենք համագործակցում․ տարիներ շարունակ կոմիտեին սատարել ենք հագուստների պատրաստման հարցում․ այս տարի համագործակցության ձևաչափը, ինչպես նշեցի, մի փոքր այլ է։

Գեղեցկության մրցույթից հետո տեղի կունենան նորաձևության ցուցադրությունները։ Ցուցադրություններն այս տարի անցկացվելու են շատ հետաքրքիր ձևաչափով․ առաջին անգամ ունենալու ենք նորաձևության թատրոն ձևաչափը, որի շրջանակում կներկայացվի մեր «Այծեմնիկ» հավաքածուն։

«Տերյան մշակութային կենտրոն»-ը մի կառույց է, որտեղ ոչ միայն կյանքի են կոչվում ազգայինի զարգացմանը միտված հետաքրքիր գաղափարներ, այլ նաև նաև բացահատվում են տաղանդներ․ մենք նպաստում ենք այդ կադրերի պրոֆեսիոնալ աճին ու զարգացմանը։

Մենք արդեն ունենք երկու դիզայներ․ նրանցից մեկին մենք ներկայացնում ենք՝ որպես կենտրոնի հետ համագործակցող դիզայներ, իսկ մյուսը հենց մեր կենտրոնի դիզայներն է, ով շուտով կմեկնի Իտալիա՝ ուսանելու և երբ վերադառնա, կլինի Հայաստանում թերևս առաջին դիզայները, ով ավարտած կլինի իտալական այդ հեղինակավոր բուհի ոչ թե կարճաժամկետ, այլ մեկամյա կուրսը։

Այսպիսով, «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ի շրջանակում կներկայացվեն մեր երկու դիզայներների՝ Անի Մարգարյանի՝ «Այծեմնիկ» և Արմինե Պառավյանի ժամանակակից հավաքածուն։ 

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև դիզայներ Անահիտ Բավեյանի՝ հատուկ «ՏԱՐԱԶՖԵՍՏ»-ի համար ստեղծված ազգային թեմատիկայով հավաքածուի ցուցադրությունը։ Նշված ձևաչափով կներկայացվի նաև ուրարտական մշակույթի հիմքի վրա ստեղծված Just Balck Dot բրենդի հավաքածուն։

Փառատոնին իրենց մասնակցությունն են ցուցաբերելու նաև Հայատանում ապրող ազգային փոքրամասնությունները՝ իրենց մշակույթով, տաղավարներով, հուշանվերներով։

 Վերջին տարիներին մենք՝ ազգովի, ուրախանալու շատ քիչ առիթներ ունենք։ Հաշվի առնելով մեր երկրի, ազգի հետ վերջին տարիներին տեղի ունեցածը և Արցախում տիրող իրավիճակը՝  այս տարի մենք մեր փառատոնն ազգային տոնախմբության չենք վերածելու․ չեն լինելու զվարճալի երաժշտական կատարումներ, չի լինելու տոնական տրամադրություն։ Ցուցադրություններն ուղեկցող երաժշտությունն ընտրված է շատ երկար քննարկումների արդյունքում, յուրաքանչյուր ընտրություն իր խորհուրդն ունի, երաժշտական յուրաքանչյուր կատարում ընտրված է մանրակրկիտ կերպով։

Ի դեպ՝ մենք մի ավանդույթ ունենք․ մեր ցուցադրությունները միշտ անցկացնում ենք միայն կենդանի երաժշտության ուղեկցությամբ․ այս տարի նույնպես այդպես է լինելու։

Երաժշտական իմպրովիզը  ստեղծված է 12 տարեկան երեխայի կողմից՝ Ավետ Տերտերյաի 3-րդ սիմֆոնիայի հիման վրա և պատերազմի ու խաղաղության մասին է։ Երաժշտությունը լսելիս տպավորություն է ստեղծվում, թե կռվի մեջ ես։ Դե այդպես էլ կա։ Մենք էլ մի կենտրոն ենք, որ մշտապես մշակութային պատերազմի մեջ է։

Հրավիրում ենք բոլորին՝ նրանց, ովքեր շատ են սիրում ազգայինը, նրանց, ովքեր երբեք չեն եղել մեր ցուցադրություններին և պատկերացում չունեն՝ ինչ ասել է Տերյան մշակութային կենտրոն․ կծանթանաք մեր գործունեությանը, մեր գործընկերների և բարեկամ կազմակերպությունների հետ։