Միլանում ցուցադրություն ունենալն իմ վաղեմի երազանքն է եղել․ Անահիտ Բավեյան

Mar 13, 2024 - 22:40
Mar 14, 2024 - 12:27
Միլանում ցուցադրություն ունենալն իմ վաղեմի երազանքն է եղել․ Անահիտ Բավեյան

Փետրվարի 25-ին Իտալիայի՝ «Emerging Talents Milan» հարթակում տեղի ունեցավ «Baveyan» բրենդի՝ «Անհերքելի» անվանումով հավաքածուի ցուցադրությունը։ Հավաքածուն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել, իսկ ցուցադրությանը ներկա է եղել Միլանի նորաձևության պալատի նախագահ Մարիո Բոզելին։ Այս թեմայով զրուցել ենք դիզայներ, ոճաբան, «Baveyan» բրենդի հիմնադիր Անահիտ Բավեյանի հետ։

Անահի՛տ, ի՞նչ զգացողություններ ունեք՝ ձեր հավաքածուն առաջին անգամ նորաձևության մայրաքաղաք Միլանում ներկայացնելուց հետո։

Իտալիայում ցուցադրություն ունենալն իմ վաղեմի երազանքն է եղել, սակայն միշտ մտածել եմ, որ այնտեղ լինելու համար շատ գործ պետք է անեմ։

Կարող եմ ասել՝  շուրջ տասը տարի պատրաստվել եմ այս օրվան։ Վերջին տասը տարիների ընթացքում մասնակցել եմ Հայաստանում նորաձևության, ոճաբանության, մարքեթինգի թեմայով անցկացվող գրեթե բոլոր դասընթացներին (մասնակցել եմ Նորաձևության և դիզայնի պալատի կողմից կազմակերպված բոլոր դասընթացներին, Աննա Սալոմեի՝ նորաձևության մարքեթինգի դասընթացներին և այլն): Փորձել եմ անել ամեն ինչ, որպեսզի լավագույն որակը ստանամ և գոհացնեմ հաճախորդներիս, քանի որ հենց նրանց դրական արձագանքից եմ մշտապես ոգեշնչվում։

Խոստովանեմ, որ սկզբում մի փոքր բարդույթավորվում էի, քանի որ այս դասընթացներին երիտասարդ աղջիկներ էին մասնակցում, իսկ ես նրանց ծնողների տարքին էի։ Այնուհետև բարդույթներս հետզհետե հաղթահարվեցին, քանի որ դասընթացների մասնակից երիտասարդներն ինձ մշտապես ասում էին, որ իմ կերպարն իրենց մայրերին որպես օրինակ են ներկայացնում՝ վերջիններիս խրախուսելով զբաղվել իրենց սիրելի գործով, վայելել կյանքը, նորը կերտել, ինչպես ես էի անում։

Իսկ որտե՞ղ եք ստացել նորաձևության ձեր բազային կրթությունը․ որտեղի՞ց եք սկսել։

Նորաձևության բազային կրթությունս ստացել եմ «Ատեքս» նորաձևության կենտրոնում (հետո՝ նաև «Atex- Burgo»-ում): Բոլոր երիտասարդներին, ովքեր մտածում են՝ որտեղից սկսել, որտեղ ստանալ որակյալ կրթություն, խորհուրդ կտամ դիմել «Ատեքս»։

Էսքիզավորման, աշխատանքի կառավարման և պլանավորման արդյունավետ դասընթացներ ու ունի նաև «Space 59»-ը. Նշված դասընթացները նույնպես հաջողությամբ ավարտել եմ։

Այսքանը՝ իմ անցած ճանապարհի մասին․ իսկ հիմա վերադառնանք մեր հարցազրույցի բուն թեմային։ Վերջերս «Emerging Talents Milan» հարթակի հիմնադիր-ղեկավար Տարիել Բիշարյանից ստացա հրավեր՝ իմ հավաքածուով հանդես գալ Միլանում։ Այսօր երազանքս այլևս իրականություն է։

Նախ՝ կցանկանայի խոսել Տարիելի մասին․ շատ տաղանդավոր, իր խոսքի տեր, սրտացավ մարդ է Տարիելը։  

Նա արել էր ամեն ինչ, որ օտարների մեջ ինձ օտար չզգամ և չանհանգստանամ որևէ բանի համար։ Այս մոտեցումն ակնհայտ դարձավ առաջին իսկ վայրկյաններից․ դիզայներների հետ կապերի պատասխանատուն ամեն րոպե մեզ հետ կապի մեջ էր, որպեսզի ցանկացած խնդիր արագ լուծում լուծում ստանա։

Հավաքածուիս ցուցադրության հետ կապված՝ աննկարագրելի զգացողություններ ունեմ․ դա մի հեքիաթ էր, որի գլխավոր հերոսներից մեկը ես էի։ Թե՛ հավաքածուի ցուցադրության նախապատրաստական փուլում, թե՛ բուն  ցուցադրության ընթացքում և թե՛ դրանից հետո չի եղել մի դետալ, որ իմ սրտով չլիներ․ ամեն ինչ ուղղակի հիասքանչ էր։

Շնորհակալ եմ թե՛ հովանավորին՝ «Armenian Partners» ընկերությանը, թե՛ Տարիելին, որ կազմակերպեց այս ամենը և թե՛ բոլոր հյուրերին, որոնք գեղեցիկ խոսքեր ասացին հավաքածուիս մասին։ 

Ներկայացված նմուշների մասին բազմաթիվ գեղեցիկ խոսքեր լսելուց հետո Տարիելին ասացի՝ հնարավո՞ր է, որ այսքան գեղեցիկ բառեր բարեկրթությունից ելնելով ասեն․ Տարիելը պատասխանեց՝ «ի՞նչ եք խոսում․ մի՞թե նորաձևության մեջ կա նման բան․ դուք իրապես շատ  գեղեցիկ հավաքածու եք ներկայացրել, իսկ ներկաներն այն մարդիկ չեն, ովքեր ուղղակի այդպիսի խոսքեր կշռայլեին»։

Մի փոքր կպատմե՞ք ներկայացված հավաքածուի մասին։

Միլանում ներկայացված հավաքածուս անվանելի էի «Անհերքելի»։ Հավաքածուն ստեղծելիս ոգեշնչվել եմ հայկական գորգանախշերից, որոնք տեղ են գտել բոլոր նմուշներում՝ անկախ գույնից, ձևից, ոճից։

Իմ նոր հավաքածուով ցանկացել եմ շեշտադրել այն անհերքելի փաստը, որ հայը, որտեղ էլ լինի, պահպանում է իր ազգային ինքնությունն ու արժեքները և դրանք փոխանցում գալիք սերունդներին։ Մեր ազգին բնորոշ այս առանձնահատկությունն էլ փորձել եմ շեշտադրել ներկայացված նմուշներում։

Ինձ համար չափազանց կարևոր է, որ կանայք, ովքեր կրելու են հավաքածուիս նմուշները, հպարտ լինեն, որ կրում են դարերից եկած արվեստի մասնիկը։

Հայկական գորգերի փոքրիկ նախշերի մեջ մեծ զորություն, դրական էներգիա և բնավորություն կա․ յուրաքանչյուր կին, որը կրելու է այս նմուշները, վստահաբար, զգալու է այն։

Ինչպե՞ս անցավ ցուցադրության նախապատրաստական փուլը․ դժվա՞ր է նորաձևության մայրաքաղաքում ցուցադրություն ունենալը։

Տարիելի շնորհիվ ամեն ինչ շատ հարթ անցավ։ Ինչպես նշեցի, Տարիելը հոգացել էր ամեն հարցի մասին․ տրամադրել էր պրոֆեսիոնալների մի ամբողջ թիմ, որն ամեն ինչ անում էր՝ ցուցադրությանը հավուր պատշաճի ներկայանալու համար։ Թիմը, իրոք պրոֆեսիոնալ էր․ յուրաքանչյուրը գիտեր իր գործը և այն անում էր ճիշտ և հնարավորինս լավ։

Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ոճաբան Լուսինե Այանյանին՝ նախապատրաստական ողջ գործընթացը ղեկավարելու և հիասքանչ աշխատանքի համար․ Լուսինեն հրաշք մարդ է և հիանալի մասնագետ։

Ամեն ինչ այնքան արագ և պրոֆեսիոնալ էր արվում, որ ես այդ ամենում միայն դիտորդի դերում էի և վայելում շուրջս կատարվողը․ ես իմ տեղում էի, պատասխանում էի հյուրերի հարցերին և ներկայացնում հավաքածուս։

Ցուցադրության նախորդ օրը հրավիրված էի նորաձևության ցուցադրության, որից շատ տպավորված եմ․ ցուցադրությանը մասնակցում էին շատ տաղանդավոր դիզայներներ, որոնցից կարելի էր սովորել և ոգեշնչվել

Իսկ ինչպե՞ս անցավ բուն ցուցադրությունը։

Նախ՝ նշեմ, որ ցուցադրության լոկացիան շատ շքեղ էր, միջավայրը՝ ոգեշնչող։ Ամեն ինչ արված էր՝ դիզայներին բացահայտելու և լավագույնս ներկայացնելու համար։

Ցուցադրությունն անցավ շատ լավ՝ բազմաթիվ դրական արձագանքներով։

Ցուցադրությունից հետո ինձ մոտեցավ մի տարեց տղամարդ և գովեստի խոսքեր ասաց հավաքածուիս մասին։ Ես այդ պահին չեմ իմացել, թե ում հետ եմ խոսել։ 

Այնուհետև, երբ ֆեյսբուքյան անձնական էջումս հրապարակեցի լուսանկար, որն արվել էր հենց այդ զրույցի ժամանակ, Տարիելն ինձ ձայնային հաղորդագրություն ուղարկեց՝ ասելով, որ այդ տղամարդը Միլանի Նորաձևության պալատի պատվավոր նախագահ Մարիո Բոզելին է եղել, որն ամեն տեղ չի գնում և ամեն մեկին գովեստի խոսքեր չի ասում, ինչը պատահել էր իմ դեպքում։

Ցուցադրությանը հաջորդող օրերն էլ անցկացրեցի ընտանիքիս հետ։ Ընտանիքս ինձ հետ Իտալիա էր մեկնել․ այնտեղ մեզ միացավ նաև Գերմանիայում բնակվող աղջկաս ընտանիքը և միասին հիասքանչ ժամանակ անցկացրեցինք։ Դրական էմոցիաներով ետ եմ վերադարձել Հայաստան՝ պատրաստ կրկին արարելու և ստեղծագործելու։