Կերպար ստեղծելը միայն հագուստի մասին չէ․ Սեդա Մանուկյան

Feb 15, 2024 - 22:41
Feb 27, 2024 - 12:57
Կերպար ստեղծելը միայն հագուստի մասին չէ․ Սեդա Մանուկյան

Սեդա՛, ձեր կարիերան սկսել եք «Ատեքս» նորաձևության կենտրոնում նախ՝ որպես մոդել, այնուհետև՝ դիզայներ․ ե՞րբ և ինչպե՞ս է հիմնադրվել «Seda Manukyan by Atex» բրենդը։

Արդեն 20 տարի է՝ հանդիսանում եմ «Ատեքս» նորաձևության կենտրոնի դիզայները։ Սկզբնական փուլում «Ատեքս» հաճախել եմ՝ որպես մոդել և քանի որ այդ շրջանում ունեի ազատ ժամանակ, սկսեցի դիզայն ուսումնասիրել․ արդեն 18 տարի է՝ «Seda Manukyan by Atex» բրենդն իրականություն է։ 

Իմ առաջին հավաքածուն ստեղծել եմ «Ռուսսկի սիլուետ» դիզայներների բարեգործական մրցույթի համար, որն անցկացվում էր Հայաստանում։ Հավաքածուն կազմված էր հինգ լուքից․ լուքերից մեկը բաղկացած էր տղամարդու և չորսը՝ կանացի հագուստի նմուշներից։ Մրցույթում զբաղեցրեցի երկրորդ տեղը։

Շուտով հասկացա, որ կանացի հագուստն իմը չէ և սկսեցի ստեղծել հագուստ՝ միայն տղամարդկանց համար։ Հիմա բոլորը գիտեն, որ Սեդան միայն տղամարդու հագուստ է կարում, այն էլ՝ միայն սևով։

Երկրորդ հավաքածուս նույնպես ստեղծեցի «Ռուսսկի սիլուետ» մրցույթի համար, սակայն այս անգամ հավաքածուի բոլոր նմուշները նախատեսված էին տղամարդկանց համար։ Հավաքածուն անվանել էի «Լոնդոնյան արձակուրդներ», իսկ նմուշները նվիրված էին անգլիական ավանդույթներին (թեյախմություն, գոլֆ և այլն):

Նորաձևության հայկական շուկայում քիչ են տղամարդկանց հագուստի դիզայներները․ «Seda Manukyan by Atex» բրենդը շուկայում առանձնանում է նաև վերը նշված հատկանշական կողմով։ Ինչպե՞ս եկաք տղամարդու հագուստ արտադրելու որոշմանը և ու՞մ համար է, առհասարակ, նախատեսված «Seda Manukyan by Atex» բրենդի հագուստը։

Տղամարդկանց հագուստ արտադրելու որոշմանը եկա այն ժամանակ, երբ հասկացա, որ տղամարդկանց հետ ավելի հեշտ է աշխատելը, քան կանանց։ Երբ աշխատում էի մոդելների հետ, տղամարդկանց հետ գրեթե երբեք խնդիր չէր առաջանում, հագուստի փորձերը միշտ արագ և առանց խոչընդոտների էին անցնում․ կանանց դեպքում հակառակն էր։

Հենց վերը նշված պատճառով էլ որոշեցի միայն տղամարդու հագուստ ստեղծել։ Ինչի՞ց էր սկզբնական ոգեշնչումը․ ես ցանկանում էի ստեղծել հագուստ, որը ինքս կուզենայի տեսնել տղամարդկանց հագին։

Իմ ստեղծած հագուստը նախատեսված է հիմնականում արտիստների համար․ իմ հաճախորդները շոու բիզնեսի ներկայացուցիչներն են։ Շատ է պատահում, երբ միևնույն խմբի պարողները գնում են միանգամից մի ամբողջ հավաքածու, (15-ից 20 լուք) որպեսզի բեմի վրա բոլորը նույն ոճի մեջ լինեն։

Իմ  ստեղծած հագուստը կարելի է նաև ունիսեքս համարել, քանի որ կանայք այն նույնպես կարող են կրել։

Անհատական պատվերները ստեղծվում են անհատի պահանջների և իմ ստեղծագործական մոտեցումների միաձուլման արդյունքում։

Ո՞րն է ձեր ոգեշնչման հավերժական աղբյուրը։

Ոգեշնչման գործընթացը բավականին երկար է տեղի ունենում։

Ինչպես գիտեք, ամուսինս՝ Սարգիսը, մոդել է․ իմ բոլոր ստեղծագործություններն առաջինը նա է կրում։ Սարգիսն իմ գլխավոր խորհրդատուն է և ամենամեծ քննադատը։ Նա ստեղծագործական պրոցեսում շատ էմոցիոնալ է․ ստեղծածս սկզբնական նմուշներին միշտ էմոցիոնալ է արձագանքում, սակայն վերջում ողջ ինֆորմացիան ֆիլտրում է և ամենաճիշտ ուղղությունը տալիս։

Կարո՞ղ եք ասել, որ ձեր ոգեշնչման աղբյուրը հենց ձեր ամուսնու կերպարն է։

Այո՛, միանշանակ այո՛։ Բայց գիտե՞ք՝ ինչն է հետաքրքիր․ իմ ստեղծած հագուստի ֆոտոշարքերում նրան՝ որպես մոդել երբեք չեմ ներգրավում․ նրա կերպարը չեմ տեսնում իմ բրենդի ֆոտոշարքերում։ Նա միշտ ինձանից վիրավորվում է՝ այդ հանգամանքի պատճառով։

Վերջերս ԱՄՆ-ում մասնակցեցիք Նորաձևության և դիզայնի պալատի կողմից կազմակերպված «US Pop Up in LA» միջոցառմանը։ Ի՞նչ ակնկալիքներով էիք մեկնել ԱՄՆ և արդյո՞ք արդարացան սպասելիքները։

Արդեն երկրորդ տարին էր՝ մասնակցում էինք «US Pop up in LA» միջոցառմանը։ Առաջին տարում մեծ սպասելիքներով էինք մեկնել, և այդ սպասելիքները լիովին արդարացան։ Միջոցառման հաջողելու պատճառներից մեկն այն էր, որ մասնակից դիզայներների թիվը մեծ չէր, և տեղի հայ համայնքն էլ մեզ մեծ ոգևորությամբ ընդունեց։ Արդյունքում՝ բավականին մեծ վաճառքներ ունեցանք, մեծ թվով հետևորդներ, ովքեր մինչ օրս այնտեղից հագուստ են պատվիրում։

Այս տարի մասնակից դիզայներների թիվը բավականին մեծ էր․ շատ էին նաև զարդերի, պայուսակների, կոշիկների բրենդերը։

Միջոցառումը նաև համախմբվելու, շփվելու և լավ ժամանակ անցկացնելու հիասքանչ հնարավորություն էր․ հանդիպեցինք մեր ընկերներին, ԱՄՆ-ի հաճախորդներին, ունեցանք վաճառքներ։ Ընդհանուր առմամբ՝ այս տարվա մասնակցությունը նույնպես դրական եմ գնահատում։ Շնորհակալ եմ Նորաձևության և դիզայնի պալատին՝ այդ հնարավորության համար։

Yerevan Fashion Week-ի շրջանակում ներկայացված ձեր հավաքածուն միջազգային մամուլի հավանությանն արժանացած հավաքածուներից մեկն է համարվում։ Ի՞նչ հավաքածու էիք ներկայացրել «Pop Up in LA» միջոցառմանը։

Քանի որ Fashion Week-ի շրջանակում ես և ամուսինս ներգրավված էինք նաև որպես խորեոգրաֆներ, քիչ ժամանակ ունեի՝ նոր հավաքածու ստեղծելու համար։

Էլենի և Վահանի (Նորաձևության և դիզայնի պալատի հիմնադիրները) կողմից ստացա առաջարկ՝ միջոցառմանը մասնակցել դիզայներների խմբի ձևաչափով։ Ես արդեն ունեի ստեղծած հավաքածու, որը ներկայացրել էի Վրաստանի «Մետրիկա շոու»-ի շրջանակում, և քանի որ հավաքածուն արդեն կար, համաձայնեցի և մասնակցեցի։ Հավաքածուն նորաձևության շաբաթվա ընթացքում ամբողջովին վաճառվեց։

«Pop up in LA» միջոցառման համար լիովին նոր հավաքածու էի ստեղծել։ Այս անգամ մի քանի նմուշ էլ կանացի հագուստ ստեղծեցի, քանի որ ճանաչում էի ԱՄՆ-ի իմ հաճախորդներին և գիտեի՝ ինչ նմուշների պահանջարկ կա։ Ի դեպ՝ այդ հագուստով նոր ֆոտոշարք ունեմ, որը կներկայացնեմ ձեր ուշադրությանը։

Նոր հավաքածուի՝ կանացի հագուստի նմուշները տեսնելով՝ բոլորը վերստին պնդեցին, որ ինձ մոտ կանացի հագուստի դիզայնը ստացվում է, բայց ես, միևնույն է, ինձ որպես կանացի հագուստի դիզայներ չեմ տեսնում։ Եթե լինի նոր ցուցադրության հնարավորություն, ես կրկին տղամարդու հագուստ կստեղծեմ։

Որո՞նք են «Seda Manukyan by Atex» բրենդի ապագա պլանները։

Բոլոր դիզայներներն էլ գիտեն, որ նոր հավաքածու ստեղծելու համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, որովհետև կերպար ստեղծելը միայն հագուստի մասին չէ․ եթե դու դիզայներ ես, պետք է կոշիկից մինչ աքսեսուարի յուրաքանչյուր դետալ ի նկատի ունենաս։

 Այս պահին դեռևս նոր հավաքածու ստեղծելու պլաններ չկան։ Թերևս նոր Fashion Week պետք է լինի, որպեսզի ոգեշնչվեմ և վերստին նոր հավաքածու ստեղծեմ։