Հայ դիզայներները՝ «White Show Milano» նորաձևության միջազգային ցուցահանդեսին
Սեպտեմբերի 19-ից 22-ը տասը հայկական բրենդ մասնակցություն կունենա Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացվող «White Show Milano» նորաձևության ամենամյա ցուցահանդեսին։
Նորաձևության հեղինակավոր ցուցահանդեսին հայ դիզայներների մասնկացությունը կազմակերպում է Նորաձևության և դիզայնի պալատը՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ (GIZ Armenia):
Չորս օր շարունակ հայ դիզայներներն իրենց արտադրանքը կներկայացնեն գնորդների (buyers), միջազգային մամուլի և ոլորտի առաջատարների ուշադրությանը։ Ցուցահանդեսի մասնակից բրենդերի շարքում են True Romance, Nikolyan, SONCESS, RUZANE, ACHE, Ariga Torosian, BOYAKHCHYAN բրենդերը։
«White Show Milano»-ն հիմնադրվել է 2002 թվականին և ժամանակակից պատրաստի հավաքածուների ցուցադրության աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկն է հանդիսանում։ Ցուցահանդեսի նպատակը նորարարական նախագծերի, շուկայի բազմազանության և կայուն նորաձևության բրենդերի առաջխաղացումն է։
Ամեն տարի ցուցահանդեսն իր հարկի տակ է միավորում շուրջ 800 սկսնակ և ճանաչված դիզայների և իր գործունեության ընթացում ներկայացրել է այնպիսի բրենդերի, ինչպիսիք են Uma Wang-ը, Kidsuper-ը, BOTTER-ը, WINDOWSEN-ը և այլն։
Ցուցահանդեսային տպավորիչ հարթակ հանդիսանալուց զատ՝ «White Show Milano»-ն նաև եզակի հնարավորություն է՝ նորաձևության աշխարհի նրկայացուցիչների հետ նոր ծանոթությունների, նոր համագործակցությունների և գործնական նոր կապերի հաստատման համար։
Նորաձևության և Դիզայնի Պալատը ոլորտի մասնագետներին, գնորդներին և նորաձևության սիրահարներին հրավիրում է այցելել «WHITE Milano»-ի հայկական տաղավար՝ միջազգային հեղինակավոր հարթակի ներքո բացահայտելու հայ դիզայներների ձեռագիրը և ոճային առանձնահատկությունները:
Ցուցանահանդեսին հայ դիզայներների մասնակցությունը ֆինանսավորվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ։