Ազնավուրյան ռիթմերը՝ հավաքածուի տեսքով
Ապրիլի 6-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ դիզայներ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր Լիլիթ Մելիքյանի նոր հավաքածուի ցուցադրությունը՝ նվիրված մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին։ Ցուցադրությունն իրականացվում էր Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում։
«Ազնավուրի ռիթմեր․ շքեղ հեղափոխություն» անվանումը կրող հավաքածուն դիզայների հարգանքի յուրօրինակ տուրքն էր հայազգի լեգենդար շանսոնյեին։
Հավաքածուում ներկայացված էին ազնավուրյան հնչյունները, սիրո դրսևորումները և հուզական մեղեդայնությունը, ինչը տեսանելի էր հավաքածուի յուրաքանչյուր նմուշում և դետալում։
Դասականություն, էլեգանտություն և կանացիություն, ուղիղ ձևվածքներ, թեթևություն և խաղ, տպավորիչ պրինտեր, ժամանակակից մոտեցումներ ու ռետրո տրամադրություն․ Լիլիթ Մելիքյանի նոր հավաքածուում հանդիպել և հիասքանչ միասնություն էին կազմել երաժշտությունն ու նորաձևությունը։
Ցուցադրությունն սկսվեց յուրօրինակ ներկայացմամբ, այնուհետև շարունակվեց ազնավուրյան հնչյուններով և տպավորիչ լուքերով։
Չնայած ցուցասրահի պատերի վառ կարմիր նկարներին՝ հավաքածուն վառ գույներով հագեցած չէր․ ազնավուրյան «դարաշրջանի» շունչն ու տրամադրությունը փոխանցելու համար դիզայները նախապատվություն էր տվել ավելի չեզոք երանգներին։ Հավաքածուում գերիշխում էին խաքի կանաչը, մոխրագույնը, բեժն ու դասական սևը։
Հավաքածուի նմուշների չեզոք երանգներին հակադրված էին փայլուն ու մետալիկ լուքերը, իսկ դասական, խիստ ձևվածքներին գալիս էին փոխարինելու կանացի զգեստները, կորսետներն ու կիսաշրջազգեստները։
«Ժամանակակից արվեստի թանգարանի»՝ արվեստով հագեցած միջավայրը ներդաշնակ միջավայր էր մեծ շանսոնյեի արվեստով ներշնչված հավաքածուի ցուցադրության համար, իսկ այն հետևող հանդիսատեսը ազնավուրյան արվեստով համեմված նորաձևության տպավորիչ փորձառություն ունեցավ։
Լուսանկարները՝ «Երևան Երևանցիների»