Դեպի կայուն նորաձևություն․ Balenciaga-ն վերաձևակերպում է «Luxury Fashion» հասկացությունը
Paris Fashion Week-ի շրջանակում տեղի ունեցավ «Balenciaga» բրենդի «աշուն-ձմեռ 2024» հավաքածուի ցուցադրությունը: Իր նոր հավաքածուի ցուցադրությամբ՝ բրենդն ասես վերաձևակերպում էր «Luxury fashion» ասվածը․ այն բաղկացած էր առցանց հարթակից գնված և լյուքս դասի տրամաբանությամբ ստեղծված նմուշներից:
Նախքան հավաքածուի ցուցադրությունը, նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դեմնա Գվասալիան սոցիալական ցանցերի իր էջերում ձայնագրություն էր տարածել, որտեղ խոսում էր լյուքս դասի սահմանումների և ընկալումների մասին:
Դեմնան սիրում է հարցադրումներ անել իր համար մեծ կարևորություն ունեցող երևույթների առնչությամբ և իր ձայնագրության մեջ հռետորական հարց էր հնչեցրել՝ «Ինչ է լյուքս դասը, ի՞նչ է նորաձևությունը և ինչ կարևորություն ունի այն», այնուհետև՝ սեփական հարցին պատասխանել՝ «ըստ սահմանումների՝ այն որևէ բանի՝ հազվագյուտ կամ սակավ, դժվար հասանելի լինելն է։ Այսօր, սակայն, այն, ինչը իրապես հազվագյուտ է, ստեղծարարությունն է. ես կարծում եմ՝ իրական շքեղությունն այսօր հենց ստեղծարարությունն է»։
Վերը նշված խոսքերը նախերգանքը հանդիսացան նորաձևության տպավորիչ ցուցադրության, որի շրջանակում ներկայացված շատ լուծումներ և համադրություններ անսպասելի էին։ «Balenciaga»-ի՝ «աշուն-ձմեռ 2024» հավաքածուն համարձակ հայտարարություն էր, կարելի է ասել՝ ապստամբություն ավանդական նորաձևության սահմանափակումների դեմ՝ նորաձևություն, որտեղ շքեղությունը ստեղծարարությունը չէ։
Դենիմե տաբատից կարված բլուզներ, սպորտային պայուսակի կիրառմամբ ստեղծված մինի զգեստ, ներքնազգեստի նմուշների կտորներով ստեղծված մաքսի զգեստ․ լուքերում օգտագործված էժանագին հագուստի նմուշների անսպասելի կիրառություններն ու համադրությունները հենց խոսում էին բրենդի կրեատիվ տնօրենի կողմից նշված «շքեղության» մասին։
Հավաքածուն կամուրջ էր նորաձևության տան անցյալի ու ներկայի միջև․ ներկայացված սկզբնական լուքերում դիզայներն անդրադարձ էր կատարել Քրիստոբալ Բալենսիագայի թողած ժառանգությանն ու ավանդույթներին, այնուհետև անցում կատարել ներկային, սեփական ձեռագրին՝ միևնույն ժամանակ ուրվագծելով բրենդի ապագայի հետ կապված իր պատկերացումները։
«Balenciaga»-ի՝ «աշուն-ձմեռ 2024-2025» հավաքածուի ցուցադրությունը, ինչպես միշտ, լի էր աստղային հյուրերով։ Հյուրերի ցանկում էր բրենդի դեսպան, հայազգի Քիմ քարդաշյանը, որն իր ժամանման առաջին իսկ վայրկյաններից իր անձի շուրջ էր կենտրոնացրել նորաձևության ողջ մեդիա աշխարհի ուշադրությունը։
«Balenciaga»-ի՝ «աշուն-ձմեռ 24» հավաքածուի ամենատպավորիչ նմուշներից մի քանիսին ծանոթացեք ստորև՝