YEREVAN FASHION WEEK-ի տպավորիչ մեկնարկը
Հուլիսի 1-ին մեկնարկեց հայկական նորաձևության պատմության մեջ առաջին՝ Yerevan Fashion Week-ը, որին իրենց մասնակցությունն են ցուցաբերում ավելի քան 20 բրենդ՝ Հայաստանից և Սփյուռքից՝ «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի «հարկի տակ» մեկտեղելով նորաձևության պրոֆեսիոնալներին ու փորձագետներին, միջազգային հեղինակավոր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներին և ինֆլուենսերներին։
Նորաձևության շաբաթը մեկնարկեց սկսնակ դիզայներների համար նախատեսված՝ Fashion Scout Armenia մրցույթի նորաձևության ցուցադրությամբ, որի ընթացքում ընտրված ութ դիզայներները ներկայացրեցին իրենց հավաքածուները, և ընտրվեցին մրցույթի երկու հաղթող մասնակիցները։ Մրցույթի առաջին մրցանակակիր Նանա Մետանջյան Մաասը հնարավորություն կունենա մասնակցել սեպտեմբեր ամսին Անգլիայում անցկացվող «Fashion Scout»-ին, իսկ մյուս հաղթողը՝ Մարի Հայրապետյանը, անցնել վերապատրաստում Ֆլորենցիայում՝ դիզայներ Նաիրա խաչատրյանի նորաձևության սուդիայում։
Երիտասարդ դիզայներ Մարի Հայրապետյանի հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել իր հայրենի Սյունիքի բնությունը։ Հավաքածուն Սյունիքի տարածաշրջանին հատուկ սիմվոլիկայի վերածնունդն է հանդիսանում։
«Ես դեռ չեմ հավատում, որ հայաստանյան «Fashion Scout»-ի հաղթողներից մեկն եմ։ Իտալիայում վերապատրաստում անցնելը իմ երազանքներից մեկն է եղել։ Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Yerevan Fashion Week-ին՝ այս հիասքանչ հնարավորության համար և ասել, որ երջանիկ եմ և հպարտանում եմ իմ հայրենիքով»,- նշեց Մարի Հայրապետյանը։
Fashion Scout Armenia-ի ժյուրիի կազմը գլխավորում էր Fashion Scout հարթակի հիմնադիր Մարտին Ռոբերտսը։
Մարտին Ռոբերտսի խոսքով՝ ժյուրիի կազմը շատ դժվարությամբ է ընտրել երկու հաղթողներին, քանի որ տաղանդավոր են բոլոր մասնակիցները և շատ տարբեր միմյանցից․ յուրաքանչյուրն իր ուրույն ձեռագիրն ու մոտեցումն ունի։
«Բոլոր մասնակիցներն իրենց հավաքածուներում նորարարական մոտեցում են ցուցաբերել՝ մոտեցումներ, որոնք համապաստախանում են կայուն նորաձևության չափանիշներին։ Նշվածը հաղթող մասնակցի հավաքածուում շատ տեսանելի էր։
Հայաստան այցելում եմ արդեն երրորդ անգամ։ Ուզում եմ ասել, որ շատ հաճելի է տեսնելը, թե ինչպես է Հայաստանում զարգանում նորաձևությունը և որքան լուրջ է նորաձևության սեկտորը սկսել ընկալվել այստեղ։ Տեքստիլ արտադրություն ունենալը լավ է, սակայն միայն դրա առկայությամբ արժեք չես ստեղծի, իսկ նորաձևության շաբաթը հայկականը ստեղծելու և և դրա մասին աշխարհին պատմելու բացառիկ հնարավորություն է», հավելեց Ռոբերտսը։
«Atex» նորաձևության կենտրոնի հիմնադիր-տնօրեն Կարինե Դնոյանն իր ոգևորությունը հայտնեց նորաձևության հայկական իրականության այս մասշտաբային իրադարձության առնչությամբ և նշեց, որ անկախ վերջին տարիներին առկա դժվարություններից՝ հայկական նորաձևությունը, միևնույն է, զարգանում է։
«Թեթև արդյունաբերությունը և նորաձևությունը պետք է զարգանան միասնաբար․ պետք է ձևավորել նորաձևության լիարժեք, զարգացած շուկա։ Ես տեսել եմ այդ վերելքը 70-ից 80-ական թվականներին, երբ հայկական արտադրանքը վաճառվում էր ողջ աշխարհում (Հայաստանում արտադրված կոշիկներն այնքան որակյալ էին, որ դրանք հաճախ իտալականի հետ էին շփոթում)։ Ես ուզում եմ այդ վերելքը կրկին տեսնել։ Հավատում եմ, որ նորաձևությունը փյունիկի պես կրկին վեր է հառնելու։ Մենք տաղանդներ շատ ունենք․ կարո՛ղ ենք դա անել։ Ճիշտ է, խնդիրներ շատ կան՝ սկսած կրթական համակարգում առկա խնդիրներից, կադրերի խնդրից մինչև վերապատրաստման հնարավորությունների բացակայությունը։
Շատ կարևորում եմ կառավարության աջակցությունն այս ամենում, քանի որ երկար տարիներ նորաձևության միջոցառումները ֆինանսավորվել են հիմնականում մասնավոր անձանց և ընկերությունների կողմից»,- ասաց Կարինե Դնոյանը։
Fashion Scout Armenia մրցույթի ցուցադրությունից հետո իր՝ «Անցյալի ապագա» անվանումով հավաքածուն ցուցադրեց «Տերյան մշակութային կենտրոն»-ը։ Հավաքածուում ներկայացված էին ինչպես կանացի, այնպես էլ տղամարդկանց տարազային համալիրներ, որոնց վերականգնման համար հիմք են հանդիսացել Արևմտյան և Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններին բնորոշ հանդերձների նախատիպերը։
Yerevan Fashion Week-ի առաջին օրը իրենց հավաքածուները ներկայացրեցին նաև Armine Ohanyan, YoungbyHarmony, Narre, DAJELI և Kivera բրենդերը։
Իրականության և թվային աշխարհի առճակատման արտահայտումը հանդիսացող «Armine Ohanyan» բրենդի ցուցադրության յուրաքանչյուր դետալ արտահայտում էր հավաքածուի փիլիսոփայությունն ու ուղերձը։ Հավաքածուն ներկայացնում էր հակադրություններով լի մեր իրականությունը, խնդիրները, որոնց մենք բախվում ենք հասարակական, էկոլոգիական, աշխարհաքաղաքական մակարդակով՝ գտնվելով անհավասարության, մարդկային կորստի և ապրելու տենչի բախման կիզակետում։
Հավաքածուում գերակշռում էին թվային աշխարհը խորհրդանշող պրինտերով կտորները, նույն տրամաբանությունն արտահատող ցանցկեն կտորները, երկրաչափական հստակ գծերն ու ձևերը։
Հավաքածուի ասելիքն ու ուղերձն ամբողջական էին դարձնում դենիմի մուգ և բաց կապույտը, սևի ու սպիտակի հակադրությունը և բոլոր կերպարներում հատկանշական էլեմենտ հանդիսացող ակնոցները։
Զինվորական թեմատիկա, նորաձևություն և խաղաղություն երևույթների միաձուլում և դասական գունապնակ՝ սև, սպիտակ, կարմիր և ինդիգո գույներով՝ ահա այսպիսին էր YoungbyHarmony բրենդի «Equilibria» անվանումով հավաքածուն։
Էկլեկտիկայով հագեցած հավաքածուում հիասքանչ կերպով համադրված էին կտորների տարբեր ֆակտուրաները, սպորտայնությունն ու դասականությունը, կանացիությունն ու կոպտութունը, հստակ, խիստ գծերն ու ռոմանտիկ վալանները, կոնտրաստային գույները։
Narre՝ ամառային թեթևություն և գույներ, տպավորիչ,անսպասելի բացվածքներ և մեքենայի մետաղական դետալներ հիշեցնող էլեմենտներ, դասականության ու սպորտայնության համադրություն և երեկոյան կերպարներ․․․
Narre-ի՝ «Թեժ խաղ» անվանումով հավաքածուի ստեղծման համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել կանադական Mattel ընկերության՝ 1960-ականներին թողարկված կոլեկցիոն մեքենաները։
Հավաքածուի հետաքրքրական էլեմենտներից մեկը մեքենայի ամրագոտի հիշեցնող գոտիների և կորսետային դետալների համադրությունն էր, որն առկա էր հավաքածուի թե՛ սպորտային, թե՛ դասական կերպերներում։
DAJELI բրենդի՝ «Քաոսի և կարգի միջև» անվանումով հավաքածուն բաղկացած էր բազային իրերից՝ ժամանակակից էլեմենտներով և շեշտադրումներով։ Հավաքածուում գերակշռում էին սև, սպիտակ գույները, որոնք երկու հակադիր երևույթների՝ քաոսի և կարգի արտահայտումն էին հանդիսանում։
«Շատ ուրախ եմ և հույս ունեմ, որ Yerevan Fashion Week-ը կզարգանա և կդառնա այնքան հայտնի, որքան Փարիզի կամ Միլանի նորաձևության շաբաթներն են։ Ես անկեղծորեն սպասում եմ այդ օրվան»,- նշեց բրենդի դիզայներ Անժել Դարչինյանը։
Yerevan Fashion Week-ն իր այցելուներին տպավորեց օրվա եզրափակիչ՝ Kivera բրենդի հավաքածուի ցուցադրությամբ։ Բրենդի դիզայներ Արևիկ Սիմոնյանը բրենդի ուրույն ձեռագրին հատուկ դասականությունը, էլեգանտությունն ու կանացիությունը միաձուլել էր հայկականության թեմատիկայի հետ։
Հայկական իրականության մեջ շատ հազվադեպ է պատահում, երբ հայկականության թեմատիկան այնքան հմտորեն է գործածվում, որ կարող է միանգամայն ընկալելի լինել այլ ազգերի ներկայացուցիչների համար ևս․ սա հենց այդ դեպքն էր։
Տպավորիչ էին ցուցադրության բոլոր էլեմենտները՝ թե՛ հագուստն ու կերպարները, թե՛ բեմադրությունը, թե՛ ցուցադրութունն ուղեկցող երաժշտությունը, թե՛ հայկականություն արտահայտող դետալները (նուռ, խաչ, նախշազարդեր), թե՛ հայկական մանրանկարչության հիմքի վրա ստեղծված դետալային պատկերները։ Մոդելների սանրվածքում առկա հատկանշական էլեմենտը երկար հյուսքերն էին, որոնք ներկայացված կերպարներին անսովոր հմայք էին հաղորդում և շեշտադրում նրանց հայկական ինքնությունը։
Հայկական նորաձևության շաբաթը տպավորել էր նաև արտեկրից ժամանած հյուրերին։
«Որպես fashion Scout-ի ժյուրիի անդամ՝ հիացած եմ հայկական տաղանդով։ Պետք է երկու հաղթող ընտրեինք, սակայն հաղթանակի արժանի էին բոլորը։
Շատ է տպավորել «Տերյան մշակութային կենտրոն»-ի՝ ազգային հագուստի հավաքածուն։ Հիացած և տպավորված եմ նաև CYBERDISTORTION հավաքածուով։ Արմինեն կայացած դիզայներ է, և կարծում եմ՝ «Armine Ohanyan» բրենդը լիովին համապատասխանում է նորաձևության միջազգային շուկայի չափանիշներին»,- նշեց միջազգային Fault ամսագրի գլխավոր խմբագիր Մայլզ Հոլդերը։
«Առաջին անգամ եմ Հայաստանում, և ամեն քայլս այստեղ նոր փորձառություն է ինձ համար։ Ինձ շատ է դուր եկել հայկական ճարտարապետությունը, սիրել եմ երևանյան հիասքանչ եղանակը և մարդկանց։
Շատ հետաքրքիր էր հետևել հայկական ազգային հագուստի ցուցադրությանը։
Անկեղծ ասած՝ ցուցադրված հավաքածուներում կուզենայի տղամարդկանց հագուստի նմուշները ավելի շատ տեսնել․ դրանցում հիմնականում կանացի հագուստն է գերիշխում»,- ասաց իտալական FUCKING YOUNG ամսագրի գլխավոր խմբագիր Ադրիանո Բատիստան։
Լուսանկարները՝ «Kamoblog»-ի և «Yerevantsiner»-ի։