YEREVAN FASHION WEEK-ը բոլոր հայ դիզայներների երազանքն է եղել․ Ֆաինա Հարությունյան
- Ֆաինա, եկե՛ք սկսենք ամենասկզբից․ նորաձևություն հանդեպ սերը ո՞ր տարիքում է ձևավորվել և ե՞րբ վերջնականապես հասկացաք, որ ցանկանում եք զբաղվել նորաձևությամբ։
- Միգուցե դուք սպասում եք, որ ես պիտի ասեմ՝ դա մանկության երազանք է եղել, բայց ոչ։ Բացարձակապես ոչ․ ուղղակի ստացվեց այնպես, որ ես սկսեցի դրանով զբաղվել։
Նոր էի տեղափոխվել Հայաստան և ուզում էի ինչ-որ բանով զբաղվել․ շատ էի ցանկանում գտնել ինքս ինձ, նվիրվել ինչ-որ բանի։ Ունեի «Էկոնոմիկա և մենեջմենտ» մասնագիտացման դիպլոմ, սակայն զգում էի, որ դա իմը չէ։ Տարբեր բաներ էի փորձում, նույնիսկ հաղորդումների սցենարներ եմ գրել, ինտերիերի դիզայն ուսումնասիրել։
Մի ծանոթ աղջիկ կար, ով ինձ առաջարկեց միասին նոր գործ սկսել՝ զբաղվել հագուստի դիզայնով։ Դա նրա երազանքն էր՝ իմը չէր․ ես ուղղակի ցանկանում էի նրան օգնել։ Անցավ 28 օր, և նա հրաժարվեց իր ձեռնարկումից, սակայն ես արդեն ոգևորվել էի, ազարտի մեջ ընկել և որոշեցի շարունակել․ եղավ այն, ինչ եղավ։ Ես հավատում եմ ի վերուստ տրված նշաններին և կարծում եմ, որ այն, ինչ եղավ, պատահականություն չէր։
Հետագայում, իհարկե, ստացա նաև ակադեմիական կրթություն՝ ավարտելով Գեղարվեստի ակադեմիայի ասպիրանտուրան։
Այժմ ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, քանի որ զբաղվում եմ իմ սիրելի գործով։ Սիրով եմ գնում աշխատանքի և դրանից հաճույք եմ ստանում։
Ես ունեմ բնավորության մի այսպիսի գիծ․ երբ ինչ-որ բանով եմ զբաղվում, աշխատում եմ դա հնարավորինս լավ անել․ ինքս իմ առջև նշաձողեր եմ սահմանում և փորձում եմ դրանց համապատասխանել, նույնիսկ` անցնել։ Կարող եմ ասել, որ այո՛, ես ամբիցիոզ մարդ եմ, սակայն այդ ամբիցիաները երբեք չեն աշխատում այլոց հաշվին։ Բացարձակապես այն մարդը չեմ, ով պատրաստ է անցնել դիակների վրայով։ Ես մի մարդ եմ, ով շարունակ պատրաստ է օգնել իր գործընկերներին․ սիրով մասնակցում եմ բոլոր այն նախագծերին, որոնք միտված են աջակցել երտասարդ, սկսնակ դիզայներներին։
- Եղե՞լ է այնպիսի պահ, որ զղջացել եք՝ նորաձևությամբ զբաղվելու համար և ցանկացել թողնել ամեն ինչ։
- Ո՛չ, երբեք չեմ ցանկացել թողնել նորաձևությունը։ Դժվար պահեր միշտ են լինում։ Հիմա՝ այս պահին, նույնպես կան խնդիրներ, բայց դրանք ինձ համար ազարտի մի մաս են՝ մարտահրավերներ, որոնք ուզում եմ հաղթահարել․ դա ինձ դուր է գալիս։
Ես ընդհանրապես իմ արածների համար չեմ ափսոսում։ Ավելի լավ է արածի համար զղջալ, քան՝ չարածի։ Ես այդպիսին եմ ամեն ինչում։ Եթե ինձ այս պահին հարցնեին՝ ինչ կփոխեիր քո կյանքում, կպատասխնեի՝ ոչինիչ։ Կարծում եմ՝ մարդը կարող է իրեն երջանիկ համարել, երբ ոչինչ չի ուզում փոխել։ Միգուցե որոշակի փոքր շտկումներ կարելի էր անել, սական մեծ հաշվով՝ ոչինչ փոխել չէի ցանականա։
- Ի՞նչ խոչընդոտների հանդիպեցիք՝ որպես դիզայներ կայացման ձեր ճանապարհին։
- Երբ անցնում է ժամանակ, դու աշխատում ես վատ բաները չհիշել․ իսկ քանի որ ես ունեմ հիշողության խնդիր, ես ընդհանրապես ոչ մի վատ բան չեմ հիշում (ծիծաղում է,-հեղ․)։
Խնդիրները շատ են եղել, հատկապես՝ սկզբի շրջանում։ Նախ՝ ես նոր էի տեղափոխվել Հայաստան, ոչ ոքի չէի ճանաչում և լեզվին լավ չէի տիրապետում։ Թվում է՝ բրենդ էի ստեղծում, սակայն նորաձևությունից առանձնապես բան չէի հասկանում, չգիտեի կարել ու նկարել, հարկային դաշտին առհասարակ ծանոթ չէի։ Չէի կարող նաև ինձ թույլ տալ հաշվապահ ունենալ։ Ինձ մոտ նաև առկա էր ինքնակոչի սինդրոմը․ ինձ թվում էր՝ այստեղ ես ոչ ոքի պետք չեմ։ Միգուցե և այդպես էր (ժպտում է,-հեղ․)։
Շուկայում արդեն կային անուններ, ովքեր ակտիվ գործունեություն էին ծավալում, աշխատում հայտնիների հետ, իսկ ես այդ ժամանակ չէի էլ մտածում, որ ես պիտի նորաձևության տուն ունենամ․ ուղղակի կարի արհեստանոց էր։ Անկեղծ ասած՝ ես սկզբում նույնիսկ ամաչում էի ասել, որ ես դիզայներ եմ, որովհետև ինձ թվում էր՝ եթե ես չունեմ դիպլոմ, ամոթ է ինքս ինձ դիզայներ անվանելը։ Գնացի սովորելու, որպեսզի չամաչեմ (ծիծաղում է,-հեղ)։ Հիմա, սակայն, ես կարծում եմ, որ դիպլոմը պարտադիր պայման չէ, սակայն սովորելը և գրագետ լինելը պարտադիր է։
Այո՛, ես սկսել եմ քչից, ես չեմ ունեցել որևէ մեկը, ով կբարեխոսեր ինձ համար, սակայն ես շատ ուրախ եմ դրա համար։ Այժմ ես կարող եմ հպարտորեն ասել, որ ես կերտել եմ ինքս ինձ, հասել եմ այս կետին՝ սկսելով ընդամենը սովետական 2 կարի մեքենայից։ Այժմ ես ունեմ նորաձևության տուն, իմ հագուստը վաճառվում է արտերկրում, մասնակցում եմ արտերկրում անցկացվող նորաձևության ցուցադրություններին, շուտով՝ նաև հայկականին, ունեմ հիասքանչ թիմ։ Ի դեպ, պետք է նշեմ, որ ինձ մոտ չկա կադրերի հոսունության խնդիր․ ինձ մոտ մարդիկ աշխատում են տարիներով, յուրաքանչյուրն իր գործն անում է լավագույնս, ինչը կարծում եմ՝ բրենդի, ինչու չէ, նաև իմ մասին շատ բան է խոսում։
- Ի՞նչ հնարավորություններ ունի այժմ նորաձևության աշխարհում իր առաջին քայլերն անող սկսնակ դիզայները, որ ժամանակին չեք ունեցել դուք։
- Համացանց․ համացանցի օգնությամբ դու կարող ես անել ամեն ինչ՝ քեզ կամ քո բրենդը դարձնել ճանաչելի, ինքնակրթվել, ուղիղ կապ հաստատել քո նախընտրած խանութի կամ հայտնի անձի հետ, այժմ քեզ ավելի հեշտ են գտնում, դու նորություններն իմանում ես միանգամից․ կարող ես առցանց հետևել նորաձևության շաբաթների ցուցադրություններին, տեղեկացվել նոր թրենդերի մասին։ Մենք այդ հնարավորությունը չենք ունեցել․ սպասում էինք «Vogue»-ի հաջորդ ամսվա թողարկմանը, որպեսզի հասկանայինք՝ ինչ է տեղի ունենում նորաձևության աշխարհում, ինչ միտումներ են լինելու հաջորդ սեզոնին։
Ներկայիս երիտասարդությունը միգուցե չի էլ հասկանում՝ ինչ հզոր զենք կա իր ձեռքում։ Համացանցի ու սմարթֆոնների օգնությամբ այժմ հնարավոր է 7 գեղեցիկ լուսանկարով էսթետիկ էջ ունենալ, 100 դոլար ծախսել գովազդի վրա և ճանաչելի դառնալ, մինչդեռ մենք ստիպված ենք եղել մեր ստեղծած հագուստը անձամբ տանել, տեղում առաջարկել․ իհարկե, երաշխիք չկար, որ քեզ, առհասարակ, կցականային լսել։ Ես կարծում եմ, որ մեր սերնդի շատ տաղանդավոր երիտասարդներ ժամանակի դժվարությունների պատճառով չեն կարողացել ինքնադրսևորվել, հիասթափվել են և սկսել այլ բաներով զբաղվել, ինչի արդյունքում մենք հավանաբար տաղանդավոր դիզայներների սերունդ ենք կորցրել։ Միգուցե նրանցից շատերն էլ ինձանից ավելի տաղանդավոր են եղել, սակայն այդ ժամանակ, հաջողության աստղը, փաստացիորեն, ինձ ժպտաց։
- Դուք ծնվել և մեծացել եք հետխորհրդային Ղազախստանում․ որպես փորձառու և նորաձևության աշխարհում երկար ճանապարհ անցած դիզայներ՝ ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է հայկական նորաձևության տեղը հետխորհրդային երկրների շարքում և ինչպե՞ս եք գնահատում հայկական նորաձևության ներկայիս իրականությունը։
- Ասել, թե մենք որ տեղում ենք հետխորհրդային երկրների շարքում, անկեղծ ասած, այդքան էլ հաճելի չէ (ծիծաղում է,-հեղ)։ Կարևորն այն է, որ ունենք լավ լուր․ վերջին տեղում չենք։
Իրականում նորաձևության ոլորտի զարգացվածության մակարդակը շատ հանգամանքներից է կախված՝ երկրի տնտեսություն, մասշտաբ, մենթալիտետ։ Կան ռուս և ուկրաինացի դիզայներներ, որոնք այժմ շատ հետաքրքիր են, վրացի դիզայներների շարքում տաղանդավորները նույնպես կան։
Կարծում եմ՝ չպետք է մտածել, թե որ տեղում ենք, չպետք է նաև ապրել հիմար պատրանքներով և հուսալ, որ ահա, շատ շուտով մենք հայտնվելու ենք առաջին շարքերում․ պետք է ուղղակի շատ աշխատել՝ առանց դադարի։
Մեր դիզայներներն այժմ կարողանում են իրենց աշխատանքները ներկայացնել նորաձևության մայրաքաղաքներում կազմակերպված ցուցադրություններին և ցուցահանդեսներին, մենք արդեն ունենք մեր նորաձևության շաբաթը, ինչը կարծում եմ՝ բավականին մեծ ու դրական տեղաշարժ է։
Այս անգամ սեզոնային բնույթ չունեցող հավաքածուներ ենք ցուցադրելու, սակայն կարծում եմ՝ տարիների ընթացքում ամեն ինչ կհասունանա, ավելի հստակ կդառնա, կփոխվեն չափանիշները, կլինեն սեզոնային հավաքածուներ, մեզանով կհետաքրքրվեն և իրենց մասնակցությունը կցուցաբերեն նաև արտերկրյա դիզայներները։ Իհարկե, այս պահին վաղ է այդ մասին խոսելը․ եկե՛ք պատրանքներ չունենանք․ քիչ խոսենք ու շատ աշխատենք, և ամեն ինչ լավ կլինի։
- 2021 թվականի դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ ձեր՝ Հայաստանում իր ձևաչափով առաջին՝ առցանց վիդեո ցուցադրությունը, որը համարձակ քայլ էր նորաձևության հայկական իրականության համար, քանի որ այսօր նորաձևության հայկական շուկայում գրեթե ոչ մի բրենդ չի քայլում համաշխարհային թվային միտումներին համընթաց։ Ինչպե՞ս առաջացավ գաղափարը, ի՞նչ մտավախություններ կային նախքան ցուցադրությունը և, վերջիվերջո, արդյո՞ք այն ակնկալիքները, որ ունեեիք ցուցադրությունը պլանավորելիս, արդարացան։
- Ճիշտ եք․ նման ձևաչափով ցուցադրություն Հայաստանում առաջին անգամ էր արվում։ Իսկ պատճառը Covid-ն էր։ Առհասարակ, Covid-ը մարդկությանը լավ բաներ նույնպես տվել է։ Այդ շրջանում ակտիվացել էին առցանց դասընթացները, գնումները․ բոլորը ուզում էին ինչ-որ նոր բան անել։ Ես էլ մտածում էի, թե ես ինչ կարող եմ անել։ Ինձ շատ էր դուր գալիս այն հանգամանքը, որ առցանց ցուցադրության պարագայում դու կարող ես անել այն ամենը, ինչը չես կարող անել սովորական ցուցադրության ժամանակ․ մոտավորապես թատրոնի ու կինոյի տարբերության տրամաբանությունն է գործում։
Օրինակ՝ սովորական ցուցադրության ժամանակ եթե մոդելը լավ չքայլեց, դու ոչինչ չես կարող անել, սակայն վիդեո ցուցադրության պարագայում կարող ես ամեն ինչ շտկել։ Այդ ժամանակ մեր ասպարեզում գրեթե չկային նոր դեմքեր, կարծես ոչնինչ տեղի չէր ունենում․ ես որոշեցի հնարավորություն տալ սկսնակ մոդելների, ու դա ինձ համար էմոցիոնալ պայթյուն էր։
Իրականում ամեն ինչ ստացվեց ավելի լավ, քան պլանավորել էի։ Ամեն ինչ կազմակերպեցին ռեժիսոր Արթուր Մանուկյանը և ամուսինս՝ օպերատոր Արտյոմ Աբովյանը։ Ինչ-որ պահերի նույնիսկ չէի էլ հասկանում՝ ինչ ենք անում․ ուղղակի լուռ հնազանդվում էի նրանց հրահանգներին։ Նկարահանումը տևել է 24 ժամ՝ սարսափելի ցրտի պայմաններում։ Լայվի հարցում օգնեց ընկերս՝ Գոռը, ով նաև այդ նախագծի պրոդյուսերն էր։ Ամեն ինչ այնքան լավ ստացվեց, և բոլորս այնքան էինք ոգևորվել արդյունքով, որ ինձ թվում էր օֆլայն ցուցադրություն արդեն չեմ ցանկանալու ունենալ։
- Ձեր կարիերայի ընթացքում նորաձևության շատ ցուցադրությունների եք մասնակցել․ ինչո՞վ է ձեզ համար առանձնանում YEREVAN FASHION WEEK-ը։
- Անկեղծ կլինեմ․ եթե լիներ որևէ այլ՝ հերթական նորաձևության ցուցադրություն, ու ինձ ասեին՝ մասնակցի՛ր, ես այժմ դա չէի անի, սակայն երբ Վահանն ինձ պատմեց նորաձևության շաբաթ անցկացնելու մասին, ես միանգամից համաձայնեցի, որովհետև չմասնակցելը դավաճանություն կլիներ հայկական նորաձևության և Հայաստանի հանդեպ։ Մենք բոլորս երազել ենք այս օրվա մասին, և հիմա այն իրականություն է դառնում։
Մենք՝ «Made»-ի թիմի անդամներս, արտերկրում ցուցադրվելու հրավեր ունենք, սակայն մերժել ենք, քանի որ սա մեզ համար անհամեմատ ավելի կարևոր է։ Մենք պետք է մտածենք մեր նշաձողը բարձր պահելու և լավ աշխատանք ներկայացնելու մասին, քանի որ շատ են լինելու նաև արտերկրյա հեղինակավոր մեդիա ընկերությունների ներկայացուցիչները։ Թերացումը կամ ձեռքբերումը բոլորինս է լինելու։
Շնորհակալ եմ բոլոր հովանավորներիս՝ աջակցության համար։
- Կպատմե՞ք նորաձևության շաբաթվա՝ ձեր հավաքածուի մասին։
- Այն, ինչ ցուցադրելու ենք այս անգամ, տարբեր է լինելու մինչ օրս ներկայացրածից․ ցույց ենք տալու բաներ, որոնք երբեք ոչ ոք չի տեսել։
Կանացիությունը, մեծ ու ռոմանտիկ վալանները մնալու են, սակայն համարձակ լուծումների շնորհիվ ցույց ենք տալու նաև մեր ներքին ուժը, սեքսուալությունը։
Ես իմ հավաքածուները միշտ նվիրում եմ ուժեղ կնոջը՝ «Faina» կրող կերպարին։ Միգուցե տարիների ընթացքում ես այդ կերպարը ինչ-որ չափով նաև ինձ հետ եմ նույնացրել, սակայն հասկացել եմ, որ այն մարդիկ, ովքեր իմ պես են մտածում, նրա՛նք էլ կրում են իմ ստեղծած հագուստը։
Եթե ուշադրություն դարձնեք, մեր հավաքածուներում կա թե՛ խստություն, թե՛ նրբություն ու կանացիություն, թե՛ խիստ պիջակներ, թե՛ ռոմանտիկ վալաններ։ Չէ՞ որ ցանկացած կին, որքան էլ ուժեղ լինի, միևնույն է հոգու խորքում թույլ է ու ռոմանտիկ։
Մենք «Faina» կրող կնոջը երբեք մեր հագուստով շատ սեքուսուալ չենք դարձրել, քանի որ վախեցել ենք հատել վուլգարության սահմանը։ Այդ կինը, սակայն, հիմա արդեն հասունացել է ու գիտի՝ ինչը ցույց տա, ինչը՝ ոչ ու ինչպես։
Իմ հավաքածուն ժամանակակից կնոջ մասին է, ով շատ ուժեղ է, ռոմանտիկ, սեքսուալ և վուլգար չէ։
- Իսկ ի՞նչ է անհրաժեշտ լավ դիզայներ դառնալու համար․ հատկությունների, հմտությունների ի՞նչ համադրություն պետք է ունենալ
- Ցանկացած ոլորտում լավ մասնագետ դառնալու համար պետք է շատ աշխատել, ինքնակրթվել, դժվարություններիից չվախենալ, շատ երազել ու միշտ առաջ գնալ։ Կարելի է սովորել ամեն ինչ։ Ճաշակը կարելի է զարգացնել, պրոֆեսիոնալիզմը՝ ձեռք բերել, բայց եթե աշխատասիրություն չունեցար և ամբիցիաներդ թույլ չտվեցին ընդունել բացերդ ու թույլ կողմերդ և պայքարել դրանց դեմ, հաջողության չես հասնի։ Փառք Աստծո, ես հստակ գիտեմ՝ որտեղ են իմ թույլ կողմերը, և դա ինձ շատ է օգնում։
Եթե ունես նպատակ, պիտի անես ամեն ինչ՝ դրան հասնելու համար, բայց այդ պայքարը պետք է ազնիվ ճանապարհով լինի և ոչ «դիակների վրայով», որովհետև դա երբեք հաջողություն չի բերում։