Երգչուհի Մարբին՝ ի աջակցություն արցախահայության

Mar 17, 2024 - 16:52
Mar 17, 2024 - 17:20
Երգչուհի Մարբին՝ ի աջակցություն արցախահայության

Երգչուհի Մարբին վաճառքի է հանել իր բեմական հագուստը՝ ի աջակցություն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների։ Հագուստի նմուշները ցուցադրված են արվեստով ու երևանյան կոլորիտով հագեցած՝ Երևան Բիենալե արվեստի հիմնադրամի տարածքում՝ «A1 Arts Space»-ում։ 

Մարտի 16-ին և 17-ին երգչուհին գրեթե ողջ օրն անցկացրել է «A1 Arts Space»-ի տարածքում, անձամբ դիմավորել հյուրերին, նախաձեռնությամբ հետաքրքրվողներին, օգնել լուքերի ընտրության, ոճավորման հարցում և այս ամենը՝ մեծագույն սիրով և ժպիտով։

Մեզ հետ զրույցում երգչուհին նշեց, որ նախկինում նմանատիպ նախաձեռնություններով նույնպես հանդես եկել է և սա էլ՝ վերջինը չի լինելու։

«Այս ձևաչափն աշխարհում շատ մեծ տարածում ունի։ Մենք՝ արտիստներս, հագուստ շատ ենք գնում, (շատ նմուշներ էլ նվեր ենք ստանում դիզայներներից) և գալիս է մի պահ, որ հասկանում ենք՝ պահարանը լեփ-լեցուն է և պետք է «ազատվել» այն նմուշներից, որոնք այլևս չես կրում։

Ինքս Արցախից եմ և նմանատաիպ նախաձեռնութուններով հաճախ եմ հանդես եկել։

Առօրյա հագուստի նմուշներս հաճախ եմ օգտագործում՝ բարեգործական նպատակներով, սակայն այս անգամ, քանի որ խոսքը գնում էր բեմական հագուստի մասին, ընտրեցի այս ձևաչափը․ դրամական նվիրատվությունների տեսքով աջակցությունն ավելի արդյունավետ է։

Ինչպե՞ս է օգտագործվելու վաճառքի արդյունքում գոյացած հասույթը․ ես անձամբ ճանաչում եմ շատ արցախահայ ընտանիքիների, որոնց կցանկանայի օգնել․ կան նաև վստահելի հիմնադրամներ և անհատներ, ում հետ համագործակցելու եմ՝ գումարը հնարավորինս արդյունավետ տնօրինելու համար»,- ասաց երգչուհին։

Մարբին նշեց, որ նախաձեռնության անցկացման վայրի ընտրությունը պատահական չի եղել․ քաղաքի սրտում գտնվող, արվեստով և էսթետիկայով լեցուն՝ «YBAF» հիմնադրամի տարածքը լավագույն միջավայրն էր, որտեղ կարելի էր իրականացնել նախագիծը։

 «A1 Arts Space»-ի տարածքը լավագույն միջավայրն էր` նախագիծն իրականություն դարձնելու համար։ Այս ոգեշնչող միջավայրում ժամանակակ առ ժամանակ նաև վարպետության դասեր, «jam session»-ներ «open mind» ձևաչափի միջոցառումներ եմ կազմակերպում, որոնց շրջանակում մարդիկ կարող են հանդիպել, ծանոթանալ միմյանց հետ, կիսվել սեփական գաղափարներով և համագործակցության հնարավորություններ գտնել»,- ասաց Մարբին։