«Jacquemus»-ը հարսանեկան հավաքածու է թողարկել

Apr 19, 2024 - 00:42
Apr 19, 2024 - 13:45
«Jacquemus»-ը հարսանեկան հավաքածու է թողարկել

Դիզայներ Սիմոն Պորտե Ժակմյուսը հարսանեկան հավաքածու է թողարկել։ Դիզայների՝ «Le Mariage» անվանումով հավաքածուն հետաքրքիր առանձնահատկություն ունի․ այն առաջարկում է հագուստի նմուշներ ոչ միայն նորահարսերի և փեսացուների, այլ նաև նրանց մայրերի, հայրերի, քույրերի և, առհասարակ, հարսանիքի բոլոր հյուրերի համար։ 

Իր նոր հավաքածուի ստեղծմամբ՝ Ժակմյուսը հեշտացրել է ամուսնացող զույգերի, նրանց ընտանիքների և հյուրերի գործը և հնարավորություն է տալիս հագուստի հետ կապված բոլոր գնումներն անել մեկ վայրից՝ առաջարկելով ոճային նմանություն և նորարարական դիզայն ունեցող նմուշներ՝ սպիտակի, սևի և կարմիրի երանգներով։

Ներկայացված նմուշները նախատեսված են ոչ միայն հարսանեկան արարողության, այլ նաև նախահարսանեկան և հետհարսանեկան երեկութների համար։

Հավաքածուի՝ սպիտակ շիֆոնից կարված թափանցիկ, կիպ զգեստը ծաղկային դետալներ ունի, իսկ զգեստի ստորին շերտը ոչ թե ատլաս է, այլ սպիտակ բոդի՝ կատարյալ տարբերակ ծովափնյա հարսանեկան արարողության համար։

Հարսանեկան նորաստեղծ նմուշներն առանձնանում են մինիմալիստական և «Jacquemus»-ին հատուկ ոճով։

Տղամարդկանց համար դիզայները կոստյումների երեք տարբերակ է նախատեսել՝ մոխրագույն, առանց օձիքի բրդյա կոստյումներ, երկփեղկանի կոստյումի բեժ և սև տարբերակներ։