2024 թվականի գարուն-ամառ գլխավոր թրենդերը
Նախորդ աշնանը կայացած նորաձևության շաբաթները սահմանեցին 2024 թվականի գարուն-ամառ գլխավոր միտումները։ Այս անգամ ցուցադրված հավաքածուների գունապնակը խայտաբղետ չէր, ինչպես սովորաբար լինում է գարուն-ամառ հավաքածուների դեպքում․ այն գլխավորում էին սևը և սպիտակը՝ իրենց երանգներով, շատ էին նաև չեզոք, պաստելային երանգները։
Այսպիսով՝ ի՞նչ ենք կրելու նոր տարում․
Կարճ շորտեր
Կարճ շորտերը նախորդ աշնանը կայացած նորաձևության շաբաթների ընթացքում տեսանելի էին ամենուր․ կարճ շորտերով սկսվեց Gucci-ի ցուցադրությունը Միլանի նորաձևության ցուցադրության ժամանակ, և այս միտումը վերահաստատեցին Chanel-ը, Alexander McQueen-ը Isabel Marant-ը՝ Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակում ունեցած իրենց ցուցադրություններով։
Բարձր գոտիով անդրավարտիքներ
Բարձր գոտիով անդրավարտիքների թրենդը շատ ակնհայտ էր Loewe բրենդի ցուցադրության ժամանակ։ Հավաքածուի որոշ նմուշների գոտիներն այնքան բարձր էին, որ երբեմն կորսետի տպավորություն էին թողնում։ Այս թրենդի առավելություններից մեկը կազմվածքն ավելի սլացիկ դարձնելու հատկությունն է․ այսպիսով, եթե ցանկանում ենք ավելի բարձրահասակ երևալ, բարձ գոտիով անդրավարտիքները հիասքանչ ընտրություն են։
Թափանցիկ կիսաշրջազգեստ
Արդեն մի քանի սեզոն է՝ թափանցիկ զգեստները չեն կորցնում իրենց արդիականությունը․ այս տարի արդիական են լինելու նաև թափանցիկ կիսաշրջազգեստները։ Թափանցիկ կիսաշրջազգեստներով կազմված լուքերը շատ էին Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթների շրջանակում ներկայացված հավաքածուներում։ Altuzarra բրենդն իր հավաքածուում թափանցիկ կիսաշրջազգեստը համադրել էր կլոր օձիքով բլուզի հետ, իսկ Louis Vuitton-ը թափանցիկ շերտերը խտացնելու նպատակով ավելացրել էր ևս մի քանի շերտ՝ թափանցիկ կիսաշրջազգեստը համադրելով բոմբերի հետ։
Կրկին՝ «Polo»
Պոլո վերնաշապիկների արդիականությունն ազդարարեց Միուչիա Պրադան իր՝ Miu Miu բրենդի նորաձևության ցուցադրությանը ներկայացված նմուշներով։ «Polo» տրամաբանությամբ ստեղծված նմուշների և կերպարների ականատեսը եղանք նաև այլ բրենդերի ցուցադրություններին հետևելիս՝ Gucci, The Row, Etro, DSquared2 և այլն։
Սպիտակ զգեստներ
«Գարուն-ամառ 24» հավաքածուները ստեղծելիս շատ դիզայներներ, չտրվելով գարնանային խայտաբղետ կերպարներ կերտելու գայթակղությանը, նախապատվությունը տվել էին սպիտակ զգեստներին։ Հավաքածուներում տեղ էին գտել թե՛ թափանցիկ և թեթև, թե՛ խիտ և հագեցած գործվածքները։
Ծաղկային՝ վարդի դետալներով նմուշներ
Վարդերի թեմատիկան արդիական էր նորաձևության բոլոր մայրաքաղաքներում ներկայացված հավաքածուների ցուցադրություններում։ Վարդերի թեմատիկան և թրենդի արդիականությունը շեշտադրող կերպարներից մեկը Simone Rocha բրենդի՝ թարմ, կենդանի վարդերի և ցանցկեն կտորի համադրությամբ ստեղծված կերպարն էր։
Մետալիկ կտորներ
Մետալիկ, փայլուն գործվածքներով նմուշները նորաձության ցուցադրություններում միշտ են արդիական եղել, սակայն «գարուն-ամառ 24» հավաքածուներում դրանց արդիականությունն է՛լ ավելի շեշտադրված էր։ Նորաձևության մայրաքաղաք Փարիզն իր գարուն-ամառ հավաքածուներում ներկայացված մետալիկ նմուշների բազմազանությամբ ասես իր պատրաստակամությունն էր հայտնում հյուրընկալել 2024 թվականի Օլիմպիական խաղերը։
Կապրիները վերադառնում են
Թրենդ, որը մոռացված էր և վերադարձը՝ անսպասելի շատերի համար․ խոսքը կապրիների մասին է։ Կապրիով կերպարներ ներկայացված էին մի շարք բրենդերի հավաքածուներում (Tory Burch, Phillip Lim, Blumarine) և խոստանում են մեր սիրելի անդրավարտիքների այլընտրանքը հանդիսանալ։
Վերադարձ 90-ականներին
Համաշխարհային նորաձևությունը վերջին մի քանի տարիներին շարունակ ձգտում է մինիմալիզմի, և «Գարուն-ամառ 24» հավաքածուների անդրադարձը 90-ականներին անակնկալ չէր․ անցյալը և ներկան հիասքանչ կերպով հատվել էին դասական, պարզ ձևվածքների, ուղիղ գծերի և ժամանակակից մոտեցումների համադրության մեջ։
Ձեռագործ ցանցկեն նմուշներ
Աշնանը տեղի ունեցած նորաձևության շաբաթները հաստատեցին ձեռագործ, ցանցկեն նմուշների արդիականությունը գարուն-ամառ միտումների շարքում։ Նշված միտումը շեշտադրված էր Bottega Veneta, Diesel, Valentino և մի շարք այլ բրենդերի հավաքածուներում։
Ծպկավոր նմուշներ
Prada բրենդը իր՝ «գարուն-ամառ 24» հավաքածուում անդրադարձ էր կատարել ծպկավոր նմուշներին. Այս միտումը Vogue ամսագրի խմբագիրներն անվանում են «modern flapper»՝ այն համարելով մեզ ծանոթ դետալների ժամանակակից մեկնաբանությունը։
Նյութի համար հիմք են ծառայել նորաձևության շաբաթների շրջանակում ներկայացված հավաքածուների վերլուծությունը և նորաձևության հեղինակավոր ամսագրերի հոդվածները։