Անյա Թեյլոր-Ջոյի օսկարյան լուքը և Dior-ի անդրադարձը հանրահայտ «Junon» և «Venus» զգեստներին

Mar 11, 2024 - 15:25
Mar 12, 2024 - 20:55
Անյա Թեյլոր-Ջոյի օսկարյան լուքը և Dior-ի անդրադարձը հանրահայտ «Junon» և «Venus» զգեստներին

Ժամեր առաջ տեղի ունեցավ Օսկարի 96-րդ մրցանակաբաշխությունը: Մինչ բոլորը շտապում են քննարկել հաղթողներին, անդրադառնանք մրցանակաբաշխության ամենատպավորիչ լուքերից մեկին՝ Անյա Թեյլոր-Ջոյի շքեղ զգեստին:

Զգեստի հեղինակը «Dior» նորաձևության տունն է՝ կրեատիվ տնօրեն Մարիա Գրացիա Կյուրիի գլխավորությամբ:

Ինչո՞վ է առանձնանում Թեյլոր-Ջոյի զգեստը և ինչու՞ է այն իր շուրջ այդքան մեծ հետաքրքրություն առաջացրել։

Զգեստը ստեղծելիս դիզայները ոգեշնչվել է Քրիստիան Դիորի հայտնի՝ «Venus» և «Junon» զգեստներից, որոնք ներկայացված են եղել լեգենդար դիզայների՝  Haute Couture «աշուն-ձմեռ 1949-1950» հավաքածուի շրջանակում:

Վերը նշված երկու զգեստները համաշխարհային ճանաչում ունեն, համարվում են գլուխգործոց և այժմ գտնվում են Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում:

Դիորի զգեստ-գլուխգործոցներն ի սկզբանե ստեղծված են եղել շքեղ գալա երեկույթների համար։ «Junon» զգեստի դետալները սիրամարգի փետուրներ են հիշեցնում, իսկ ծայրերը կապտականաչավուն գույն ունեն․ դրանք ստեղծվել են բազմահազար կապտավուն փուլերի հետ մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։ 

Զգեստը կարվել է բացառապես ցանց կտորից, իսկ ասեղնագործության հատվածն իրականացրել է ժամանակի լավագույն վարպետներից մեկը՝ Ռենե Բեգեն։

«Junon» զգեստի մեկ այլ տարբերակ է «Venus»-ը («Junon»-ը և «Venus»-ը քույր զգեստներ են համարվում): Այն կարված է մոխրագույն ցանց կտորից, «զարդարված» մոխրագույն, փայլուն փուլերով, իսկ զգեստի դետալները փետուրների են նման։

Քրիստիան Դիորի լեգենդար զգեստներին առաջին անգամը չէ, որ անդրադառնում են նորաձևության տան կրաետիվ տնօրենները։

Գլուխգործոց-զգեստներին անդրադարձել են Ջոն Գալիանոն՝ 2010 թվականին և Մարիա Գրացիա Կյուրին՝ 2017 թվականին։ Կյուրին «New Junon» անվանմամբ զգեստը ստեղծել էր դերասանուհի Նատալի Պորտմանի համար․ վերջինս այս զգեստով ներկայացել էր Կաննի 76-րդ փառատոնին։

 Ի տարբերություն Անյա Թեյլոր-Ջոյի զգեստի՝ Պորտմանի զգեստի դեպքում անդրադարձը հայտնի զգեստին ավելի ուղիղ էր․ դետալները զգեստի նախատիպին ավելի մեծ նմանություն ունեին։

Թեյլոր-Ջոյի «օսկարյան» զգեստի գլխավոր գույներն արծաթագույնն ու մոխրագույնն էին, իսկ դետալները նմանեցված էին ձկան թեփուկների։

Զգեստն իր ողջ փայլով ներկայացնելու համար Ջոյը խուսափել էր մազերի արտահայտիչ սանրվածքից (մազերն ուղիղ հարդարված էին), իսկ զարդերը պատկանում էին Tiffany&Co բրենդին։