Դեպի նորաձևության նոր իրականություն․ տեղի ունեցավ YEREVAN FASHION WEEK-ի մամուլի ասուլիսը

Jun 23, 2023 - 20:10
Jul 19, 2023 - 15:24
Դեպի նորաձևության նոր իրականություն․ տեղի ունեցավ  YEREVAN FASHION WEEK-ի մամուլի ասուլիսը

Հուլիսի 1-ից 6-ը տեղի կունենա հայկական նորաձևության պատմության  մեջ առաջին՝ Yerevan Fashion Week-ը, որը կմեկտեղի Հայաստանում և Սփյուռքում ապրող դիզայներներին, նորաձևության պրոֆեսիոնալներին ու փորձագետներին, ոլորտի միջազգային հեղինակավոր մեդիա ընկերությունների ներկայացուցիչներին։

Այսօր՝ հունիսի 23-ին կայացած մամուլի ասուլիսի շրջանակում միջոցառման կազմակերպիչ՝ Նորաձևության և դիզայնի պալատի, միջոցառումը ֆինանսավորող և հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչները լրատվամիջոցներին տեղեկացրեցին միջոցառման մանրամասների մասին և պատասխանեցին նրանց հարցերին։

Նորաձևության և դիզայնի պալատի նախագահ Վահան խաչատրյանի խոսքով՝ կազմակերպությունը նորաձևության զարգացմանը միտված միջոցառումներ անցկացրել է դեռևս Covid19-ից առաջ՝ փորձ անելով աշխարհին ցույց տալ, որ Հայաստանում կա գործուն նորաձևության սեկտոր։

«Դեռևս մինչքովիդյան ժամանակաշրջանում մենք անցկացրեցինք նորաձևության երկու ֆորում, որին հրավիրված էին նորաձևության միջազգային փորձագետներ, հյուրեր։ Միջոցառումն անցկացվեց երկու տարի անըդմեջ և բավականին հետաքրքիր իրադարձություն էր հայկական նորաձևության համար։ Մենք ունեցանք երկու մեծ ցուցահանդես՝ «Նոյի սերունդները» և «Ժառանգություն» անվանմամբ, տպագրվեց երկու կատալոգ։ Երկու տարվա ընթացքում ցուցադրվեց ավելի քան 150 հայ դիզայների հագուստ և աքսեսուարներ»,-ասաց Խաչատրյանը։

Վահան Խաչատրյանը նշեց, որ Yerevan Fashion Week-ը Նորաձևության և դիզայնի պալատի՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ տարված շարունակական աշխատանքի արդյունքն է հանդիսանում։

«Արդյունքում՝ երկար պայքարից հետո, հասանք նրան, որ Կառավարությունը՝ Էկոնոմիկայի նախարարության միջոցով, հաստատեց տեքստիլ ոլորտի՝ 5 տարվա զարգացման ծրագիր։ Այդ ծրագրի կարևոր կետերից մեկը հենց Հայաստանում և նրա սահմաններից դուրս հատուկ հարթակների ստեղծումն է, որտեղ կներկայացվեն տեքստիլ ոլորտի հայ արտադրողները։ Մենք ուրախ ենք, որ մենք ենք կանգնած այս միջոցառման ետևում․ մեզ համար սա շատ մեծ պատասխանատվություն է»,-հավելեց Վահանը։

Նորաձևության և դիզայնի պալատի համահիմնադիր, ծրագրերի համակարգող Էլեն Մանուկյանը լրագրողներին ներկայացրեց նորաձևության շաբաթվա օրակարգը (նորաձևության հիմնական ցուցադրությունները տեղի կունենան հուլիսի 1-ին, 2-ին և 3-ին), խոսեց նորաձևության շաբաթվա շրջանակում անցկացվող FASHION SCOUT ARMENIA՝ սկսնակ դիզայներների համար նախատեսված մրցույթի, ինչպես նաև հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին պլանավորված «Fashion Talks» ձևաչափի մասին, որի շրջանակում տեղի կունենան պանելային քննարկումներ, վարպետության դասեր, դասախոսություններ՝ Հայաստան ժամանած նորաձևության փորձագետների, ինֆլուենսերների, լրագրողների մասնակցությամբ։

Դիզայներ, ոճաբան, «Faina» բրենդի հիմնադիր ֆաինա Հարությունյանը նշեց, որ Հայաստանում նորաձևության շաբաթ ունենալը բոլոր հայ դիզայներների երազանքն է եղել, որին նրանք շատ երկար են սպասել, և բոլորն աշխատելու են ոչ թե իրենց բրենդը, այլ Հայաստանը պատվով ներկայացնելու ուղղությամբ։ 

Միջոցառումը ֆինանսավորվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության, GIZ-ի՝ «Մասնավոր հատվածի զարգացում և ՄԿՈՒ Հարավային Կովկասում» ծրագրերի և Բրիտանական դեսպանատան կողմից՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման աջակցությամբ։

Միջոցառման հովանավորներն են VREMENA GODA, LA BIOSTHETIQUE Paris, Schweppes, ArtLife ընկերությունները։