New York Fashion Week. «Khaite» բրենդը ներկայացրել է իր՝ «աշուն 2024» հավաքածուն

Feb 12, 2024 - 20:09
Feb 12, 2024 - 20:27
New York Fashion Week. «Khaite» բրենդը ներկայացրել է իր՝ «աշուն 2024» հավաքածուն

Փետրվարի 8-ին ԱՄՆ-ում մեկնարկել է Նյու Յորքի նորաձևության շաբաթը: Համաշխարհային նորաձևության այս հեղինակավոր միջոցառմանն այս անգամ մասնակցում է 97 բրենդ: 

Իննսունյոթից, սակայն, միայն քառասունինն է ունենալու նորաձևության ցուցադրություն՝ ավանդական իմաստով. մյուս բրենդերն իրենց հավաքածուները կներկայացնեն այլ ձևաչափով (ցուցահանդեսներ, առցանց ցուցադրություններ և այլն):

Նորաձևության շաբաթվա շրջանակում իր՝ «աշուն 2024» հավաքածուն ներկայացրեց նաև «Khaite» բրենդը:

«Khaite»-ն ամերիկյան նորաձևության ամենախոստումնալից բրենդերից մեկն է համարվում: Այն հիմնադրվել է 2016 թվականին և իր գոյության այս կարճ ժամանակահատվածում կարողացել հաջողության սեփական պատմությունը կերտել: Բրենդի հիմնադիր Քեթրին Հոլսթեյնն արդեն երկու անգամ «Ամերիկայի հագուստի դիզայներների խորհրդի» կողմից արժանացել է «Տարվա լավագույն դիզայներ» կոչմանը:

 «New York Fashion Week»-ի շրջանակում ներկայացված հավաքածուի նմուշներում Հոլսթեյնը պահպանել էր բրենդի ավանդական սև գույնը և ներմուծել ևս մի քանիսը՝ սպիտակը, գինեգույնը, կապույտը, մուգ մոխրագույնը:

Ներկայացված հավաքածուում մեծ տեղ էին զբաղեցնում կաշվե նմուշները:

Կաշվե բաճկոնները, բլեյզերները, կոմբինեզոնները, սև և գինեգույն կիսաշրջազգեստները, սևով ու սպիտակով ցանցկեն ու թափանցիկ զգեստները, մորթե վերարկուները օվերսայզ բոմբերները հանդես էին գալիս հիասքանչ համադրություններում:

Մինչ որոշ ամսագրեր շտապում էին գովասանքի խոսքեր ասել ներկայացված հավաքածուի մասին, «New York Times» պարբերականը իր՝ «Սա՞ է Նյու Յորքի նորաձևության ապագան» վերտառությամբ հոդվածում քննադատության է ենթարկել բրենդի հավաքածուն՝ նշելով, որ հավաքածուի նմուշները նոր մոտեցումներ չեն առաջարկել և որևէ նոր խոսք չեն ասել: 

Նշված տեսակի քննադատությունները նորաձևության ասպարեզում անհրաժեշտություն են և դիզայներներին օգնում են վերանայել և վերաձևակերպել սեփական մոտեցումները, իսկ «Khaite»-ն, միևնույն է, շարունակելու է ամերիկյան շուկան նվաճելու իր հավակնոտ ծրագիրը: