«CreLab Kotayk»-ը՝ ստեղծարարության կենտրոն

Feb 13, 2024 - 23:12
Feb 24, 2024 - 11:39
«CreLab Kotayk»-ը՝ ստեղծարարության կենտրոն

«CreLab Kotayk»-ի լուսավոր դասասենյակներում ակտիվ աշխատանքային մթնոլորտ է․ երկրորդ հարկում կարի դասընթացի մասնակիցներն են, մյուսում՝ Արցախի՝ նորաձևության բուհերի ուսանողները․ նրանց բոլորին միավորել է նորը և գեղեցիկը կերտելու ձգտումը։

Նորաձևության և դիզայնի պալատ, CreLab Kotayk

Նորաձևության և դիզայնի պալատը հայաստանյան իրականության այն փոքրաթիվ կազմակերպություններից է, որը տարիներ շարունակ զգալի ջանքեր է գործադրել հայկական նորաձևության զարգացման հարցում։

Նորաձևության և դիզայնի պալատի շնորհիվ նախորդ տարվա ամռանը տեղի ունեցավ հայկական առաջին նորաձևության շաբաթը՝ Yerevan Fashion Week-ը։

Տարիներ ի վեր կազմակերպությունն իր հարկի տակ է մեկտեղել ոչ միայն հայ տաղանդավոր դիզայներներին, այլ նաև ստեղծարարությունն ու հմտությունները զարգացնելու հնարավորություն տվել նորաձևության ուսանողներին և սկսնակ դիզայներներին։

Վերջին ամիսներին Նորաձևության և դիզայնի պալատի ջանքերով սկսնակ դիզայներների, մարզերի բնակիչների և Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար մի շարք անվճար դասընթացներ են սկսվել։ Դասընթացների շրջանակում դասավանդվում է հագուստի մոդելավորում, նորաձևության հավաքածուի հիմունքներ, գրաֆիկ դիզայն, կար և այլն։

Դասընթացներն անցկացվում են կազմակերպության կողմից ամիսներ առաջ հիմնված՝ «CreLab Kotayk» կենտրոնում, որը հագեցած է տեխնիկական բոլոր անհրաժեշտ միջոցներով և ստեղծարարության զարգացման բարենպաստ միջավայր է ապահովում՝ դասընթացների մասնակիցների համար։

Հագուստի մոդելավորում

«CreLab Kotayk»-ում հագուստի մոդելավորման դասընթացի շրջանակում Արցախից տեղահանված նորաձևության ուսանողներին և սկսնակ դիզայներներին իր փորձն է փոխանցում դիզայներ, «Arig To» բրենդի հիմնադիր Արիգա Թորոսյանը։ Վերջինս նշեց, որ ուսանողների շրջանում խոստումնալից երիտասարդներ կան, որոնք ապագայում կարող են մեծ արդյունքներ ունենալ․ այս պահին նրանց ոգևորությունը և աշխատելու ցանկությունն ակնհայտ է և ուրախալի․ սա ապագայում, վստահաբար, տալու է իր անհրաժեշը արդյունքը։ Դասընթացը սկսվել է կոնցեպտի ստեղծումից, իսկ այժմ ողջ խումբը էսքիզային փուլում է։

«Սկսեցինք նրանից, որ ստեղծեցինք կոնցեպտը, այնուհետև՝ «Mood board»-ը, և ուսանողները բաժանվեցին խմբերի։ Յուրաքանչյուր խումբ աշխատում է Արցախի՝ իր կողմից ընտրված էլեմենտի վրա (մի խումբն ընտրել է «Պապիկ-տատիկ»-ի, մյուսը՝ Արցախի բնության, մեկ այլ խումբ՝ Կայարանի թեմատիկան և այլն)։

Ընտրված կոնցեպտները և դրանցով ստացված լուծումները բավականին հետաքրքիր են, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Այն, ինչ ես տեսել եմ առաջին դասին և այն, ինչ ունենք հիմա, բավականին ոգևորիչ է և խոսում է գրանցված առաջընթացի մասին։

Ուսանողների խումբը հիմա իրական հագուստ է ստեղծում, և շուտով մենք կունենանք մեր միասնական աշխատանքի արդյունքը՝ մեր հավաքածուն։ Վերջում իրականացնելու ենք հավաքածուի ոճավորումը, ֆոտոշարքը և ցուցադրությունը (իրականացվելու են այն բոլոր փուլերը, որոնք առկա են իրական դիզայներներական հավաքածուների պարագայում)։

Արցախի՝ «Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի» նախկին ուսանողուհի Գայամյան Անին այժմ կրթությունը շարունակում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ ակադեմիական կրթության հետ համատեղելով «CreLab Kotayk»-ի՝ հագուստի մոդելավորման պրակտիկ դասընթացը։

«Այս դասընթացն ինձ օգնել է հագուստի ստեղծման ողջ շրջափուլին նայել մեկ այլ դիտանկյունից․ հագուստի նմուշները նկարելու կամ դրանց վրա աշխատելու փուլերում հաշվի առնել կիրառական կողմը․ այստեղ սովորում ենք ստեղծել հագուստ, որը կլինի կրելի։ Նկարել կամ կարել հագուստ, որն ուղղակի դնելու ես պահարանում, իմաստ չունի։ Հիմա ավատին ենք հասցնում էսքիզների հետ մեր աշխատանքը․ շուտով կգնենք կտորները և կսկսենք կարել»,- ասաց Անին։

Անին խոստովանեց, որ ապագա բրենդի հատկանշական կողմերի մասին պատկերացումները Արցախի կորուստից առաջ այլ էին․ այժմ ամեն ինչ փոխվել է։

«Երբ շրջափակման մեջ էինք, աշխատում էի դիպլոմային աշխատանքիս վրա։ Իմ պատկերացումների հավաքածուի նմուշներն այդ ժամանակ եգիպտական կտրվածքներ ունեին, թեմատիկան լիովին այլ էր․ Արցախը կորցնելուց հետո աշխատանքս ամբողջովին փոխվեց (նախկին էսքիզներս էլ թողել եմ Արցախում)։

Այժմ դիպլոմային աշխատանքիս թեմատիկան Արցախն է, իսկ հավաքածուի նմուշները Արցախի դրոշի կտրվածքներով են։ Եթե ապագայում այնպես ստացվի, որ ես ունենամ իմ սեփական բրենդը, օգտագործելու եմ նաև մեր դրոշի կտրվածքը, որովհետև ես չեմ տեսել որևէ այլ բրենդ, որն այդպիսի բան անում է»,-նշեց Անին։

20-ամյա Քրիստինե Ադամյանը Արցախում մեկ տարի սովորել է «Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի» Հագուստի մոդելավորման բաժնում։ Ողջ կուրսով այժմ սովորում են Գեղարվեստի ակադեմիայի նույն ֆակուլտետում։

«Շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս դասընթացին։ Այստեղ շատ հետաքրքիր մարդկանց հետ եմ ծանոթացել․ նրանց անցած ճանապարհը, փորձն ու  խորհուրդները մեզ շատ են օգնում։

Այս դասընթացի դրական կողմերից մեկն այն է, որ մենք՝ Արցախի ուսանողներս, միասին ենք․ այստեղ հարազատության մթնոլորտ է տիրում։

Դեռևս չեմ կողմնորոշվում, թե ապագայում մասնագիտական ինչ ուղղություն կընտրեմ․ այս պահին թերևս կնախընտրեի աշխատել որևէ բրենդի ստուդիայում։

Մեծ երազանքներիցս մեկը Իտալիայում կրթություն ստանալն է։ Եթե լինեին կատարյալ պայմաններ և լիներ հնարավորություն, կցանկանայի կրթություն ստանալ նորաձևության մայրաքաղաքում և ուսումնասիրել Իտալիայի մշակույթը։

Կարի մասնագիտական դասընթաց

«CreLab Kotayk»-ում կարի մասնագիտական դասընթացն իրականացվում է «Ատեքս» նորաձևության տան հետ համատեղ մշակված մեթոդաբանության հիման վրա՝ հմուտ մասնագետների կողմից։

Կարի դասընթացի մասնակից 47-ամյա Վարդուհի Մելիքյանը խոստովանեց, որ չնայած երկու այլ մասնագիտություն ունենալու հանգամանքին, միշտ երազել է նորաձևությամբ զբաղվելու և իր պատկերացումների հագուստը ստեղծելու մասին։ Ընտանեկան հոգսերը և երեխաների խնամքը երկար տարիներ թույլ չեն տվել իրագործել երազանքը։

Հագուստի մոդեկավորմամբ այժմ զբաղվում է նրա դուստրը․ Վարդուհու նպատակն է «CreLab Kotayk»-ի կարի դասընթացի շնորհիվ օգնել դստերը՝ սեփական բրենդը և կարի արհեստանոցը հիմնելու հարցում։

«Այս դասընթացը շատ արդյունավետ է։ Կարևոր է այն հանգամանքը, որ այստեղ կան բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հմտությունները զարգացնելու համար։ Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունենալու այցելել «CreLab» և օգտվել կարի բոլոր սարքավորումներից ապագայում նույնպես»,- նշեց Վարդուհին։

Կոտայքի Գետարգել գյուղի բնակչուհի Լիլիթ Շատախցյանը երազում է հղի կանանց համար նախատեսված հագուստի սեփական բրենդը և խանութը հիմնելու մասին։ Լիլիթը մասնագիտությամբ հաշվապահ է և այժմ էլ աշխատում է սեփական մասնագիտությամբ, սակայն կարծում է, որ այլևս սեփական գործը հիմնելու ժամանակն է։ «CreLab»-ի շնորհիվ նա կզարգացնի կար ու ձևի հմտությունները, ինչը նրան մեկ քայլով ավելի է կմոտեցնի սեփական երազանքին։

«Ընտանիքումս կարողներ եղել են․ միշտ կողքից հետևել եմ նրանց աշխատանքին, երբեմն՝ նույնիսկ փորձել ինքս կարել․ հաճախ չի ստացվել և հիասթափություն եմ ապրել։

Ինձ մոտ պարզ ձևվածքի նմուշներ կարելը ստացում է, սեփական կարի մեքենայից կարողանում եմ օգտվել, սակայն կան շատ նրբություններ, որոնց նախկինում չեմ տիրապետել։ Այստեղ սովորում ենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է  գրագետ կարելու համար․ սովորում ենք բաներ, որոնց երբեք ծանոթ չենք եղել։ Օրինակ՝ ես երբեք գծագիր չեմ արել․ ինձ դա ոչ ոք չի սվորեցրել, չեմ իմացել՝ որն է մկրատը բռնելու, կտորը ձգելու ճիշտ ձևը։ Ինձ այդ ամենը շատ հետաքրքիր է․ ես դրա ետևից եմ եկել։

Հղի կանանց համար նախատեսված հագուստ կարելու գաղափարն առաջացավ այն բանից հետո, երբ հասկացա, որ այս տեսակի հագուստը մեր՝ հայկական շուկայում քիչ է, իսկ այն, ինչ կա՝ բավականին թանկ։

Երազում եմ ստեղծել խանութ, որտեղ կլինի ամեն ինչ՝ այս խմբի կանանց համար՝ բազային և երեկոյան հագուստ, զուգագուլպաներ, ներքնազգեստ և այլն։

Այս պահին չեմ մտածում մեծ բիզնեսի կամ շահույթի մասին․ ինձ կերջանկացի սեփական անկյունը ունենալու և նշված խմբի կանանց համար հագուստ ստեղծելու հնարավորությունը։