Լոնդոնի նորաձևության շաբաթն ու «Burberry» բրենդի ցուցադրությունը
Նորաձևության շաբաթները հաջորդում են մեկը մյուսին՝ առաջարկելով «աշուն-ձմեռ» հավաքածուների իրենց տարբերակները, վերահաստատելով գոյություն ունեցող միտումները և ձևավորելով նորերը։
Փետրվարի 16-ից 20-ը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի էր ունենում երկրի գլխավոր նորաձևության միջոցառումը՝ London Fashion Week-ը։
Լոնդոնի նորաձևության շաբաթն այս տարի նշում էր իր հիմնադրման 40-ամյակը։
Այն հիմնադրվել է 1984 թվականին «Բրիտանական նորաձևության խորհրդի» կողմից (հասարակական կազմակերպություն, որի գործունեությունը միտված է բրիտանական նորաձևության զարգացմանը)։
Սկզբնական շրջանում նորաձևության շաբաթվա շրջանակում հանդես են եկել միայն բրիտանական նորաձևության տները՝ ցուցադրությունների և ցուցահանդեսների ձևաչափով։
Այսօր բրիտանական նորաձևության շաբաթվա շրջանակում հատուկ ձևաչափով իրենց տաղանդն ի ցույց դնելու հնարավորություն ունեն նաև նաև սկսնակ դիզայներները և ստեղծարար անհատները։
Վերը նշված հնարավորություններից մեկը սկսնակ դիզայերների համար նախատեսված «FASHION SCOUT հարթակն է, որի նպատակը նոր տաղանդների բացահայտումն ու նորաձևության աշխարհում վերջիններիս գործունեության համար մեկնարկային հնարավորությունների ստեղծումն է։
Նախորդ տարվա ամռանը կայացած Yerevan Fashion Week-ի շրջանակում տեղի ունեցավ նաև «FASHION SCOUT ARMENIA» մրցույթը, որի արդյունքում հաղթող ճանաչվեց «Alenkie» բրենդի հավաքածուն։
«Alenkie»-ն օրեր առաջ լոնդոնյան FASHION SCOUT»-ի շրջանակում ներկայացրեց իր՝ կայուն նորաձևությանը միտված նոր հավաքածուն։
Լոնդոնի նորաձևության շաբաթվա ավարտն ազդարարեց «Burberry» բրենդը, որի ցուցադրությունն ավելի տպավորիչ դարձրեց սուպերմոդել Նաոմի Քեմփբելի բեմելը․ սա Քեմփբելի՝ «աշուն ձմեռ 2024» սեզոնի առաջին ցուցադրությունն էր։
Բրենդի այս տարվա «աշուն-ձմեռ» հավաքածուն ստեղծելիս նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դանիել Լին նախապատվություն էր տվել հիմնականում զմրուխտե կանաչին, ոսկեգույնին, սպիտակին և շագանակագույնին։ Հավաքածուի ցուցադրությունն ուղեկցվում էր երգչուհի Էմմի Ուայնհաուզի «Back to Black» երգով։
Ներկայացված «աշուն-ձմեռ 2024» հավաքածուում տեղ էին գտել բրենդի՝ դասական դարձած թրենչերը, ռազմական թեմատիկայով հագեցած և «Parka» տեսակի վերարկուները, մաքսի՝ մեծ բացվածքով կիսաշրջազգեստները, հովազի պրինտով բլուզները և այլն։ Հավաքածուում իրենց ուրույն տեղն ունեին նաև աքսեսուարները՝ շարֆերը, «satchel» տեսակի և սպորտային պայուսակները։