5 գիրք՝ կանանց մասին․ խորհուրդ է տալիս գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը
Իմ պատկերացմամբ՝ կանանց մասին լավագույն հինգ գրքերն են՝
Գյուստավ Ֆլոբեր «Տիկին Բովարի»
Աբբա Պրևո «Մանոն Լեսկո»
Լև Տոլստոյ «Աննա Կարենինա»
Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»
Աննի Էռնո «Տիրապետություն»
Մի քանի մեկնաբանություն՝ ընտրված գրքերի մասին․ Գյուստավ Ֆլոբերի՝ «Տիկին Բովարի» և Լև Տոլստոյի՝ «Աննա Կարենինա» վեպերը սովորաբար «կանանց աստվածաշունչ» են համարվում․ ընդհանրապես ասում են՝ տղամարդիկ մեկ Աստվածաշունչ ունեն, կանայք՝ երեք (բուն Աստվածաշնչից բացի՝ նշվում են նաև Ֆլոբերի և Տոլստոյի վեպերը):
Աբբա Պրևոյի վեպը կարևորել եմ, որովհետև գործ ունենք չափազանց յուրահատուկ կնոջ և սիրո դրսևորման շատ յուրահատուկ ձևի հետ․ միգուցե շատ տղամարդիկ չհամակերպվեն դրա հետ, սակայն Մանոն Լեսկոյի և ասպետ Գրիյոյի պատմությունն այդ առումով շատ ցնցող է։
Միլան Կունդերայի՝ «Կեցության անտանելի թեթևությունն» ընտրել եմ, որովհետև այնտեղ տղամարդու և կնոջ ժամանակակից հարաբերություններն են․ վեպը ամենանվիրական և գեղեցիկ, ժամանակակից կյանքի մարտահրավերներին դիմագրավող սիրո մասին է՝ շատ յուրահատուկ կանանցով։
Անրի Էռնոյի «Տիրապետությունն» ընտրել եմ, որովհետև այն կանանց, ինչու չէ, նաև տղամարդկանց հոգևոր աշխարհին ամենաբնորոշ հատկանիշներից մեկին՝ խանդի մասին է։ Անրի Էռնոն խանդի դրսևորման մասին ուղղակի հիասքանչ է գրում և կուզենայի, որ բոլոր կանայք իմանան՝ խանդը ուր կարող է տանել և ինչպիսինն է այն իրականում։